Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՞ շահագրգռվածություն, որ ճանապարհներն այնքան վատ վերանորոգես, որ անընդհատ վերանորոգես, իրավապահներին հաղորդում ներկայացրե՞լ եք»

Հունիս 06,2025 14:42

Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ ճանապարհաշինական աշխատանքների որակին։

Արթուր Խաչատրյանը հարցրեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին․ «Հարցս վերաբերում է ճանապարհաշինական ոլորտում գործող սեւ խոռոչին՝ թե ֆինանսական, թե ֆիզիկական առումով։ Փողոցներում, որ երթեւեկում ես, փոսեր են, եթե խորը նայես, Կալիֆորնիան կերեւա։ Կես մետր խորությամբ փոսեր են, եւ առաջին անգամ մեր քաղաքում բեռնատար մեքենայի տակ ասֆալտը քանդվել էր, Ավանում բեռնատարն ընկել էր փոսի մեջ։ Դրանից բխող ֆինանսական սեւ խոռոչը, ես ՏԿԵ նախարարից փորձեցի հասկանալ՝ 700 կմ ճանապարհը, որը կառուցվել ու վերանորոգվել է, քանի՞սն է նոր վերանորոգում, իսկ քանի՞սն է, որ վերանորոգումից հետո մի հատ էլ ես վերանորոգում, հետո մի հատ էլ ես վերանորոգում։ Այստեղ հարց է առաջանում՝ կա՞ շահագրգռվածություն, որ այնքան վատ վերանորոգես, որ անընդհատ վերանորոգես։ Այդ հարցը դուք ուսումնասիրե՞լ եք, թե՞ չէ, եւ իրավապահ մարմիններին ներկայացվե՞լ են այդ ոլորտում գոնե առերեւույթ չարաշահումներ, եթե ոչ կանխամտածված հանցագործություններ»։

Ռոմանոս Պետրոսյանն ասաց․ «Այո, վերահսկողություն արվել է այդ ոլորտում, մի քանի քրեական վարույթներ կան նախաձեռնված, որոնք քննվում են թե Քննչական կոմիտեի, թե Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով»։

Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Ես հույս ունեմ, որ հենց տարին բացվի կամ նոր օրենքը ընդունվի, առաջինը կգնաք Երեւանի քաղաքապետարան եւ ձեր գործառույթն ամբողջովին այնտեղ կիրականացնեք»։

Խաչատրյանն ասաց, որ հանրապետական նշանակության ճանապարհներին եւս իրավիճակը լավ չէ։ Երեւան-Սեւան մայրուղու հատվածները վերջին 5 տարիներին մի քանի անգամ վերանորոգվել են։ «Եթե դու տեսնում ես, որ այդ ինժեներական լուծումը չի գործում, եւ ճանապարհը պետք է բարձրացնես, որ սողանքներ չլինեն, բայց դա չես անում դիտմամբ, անընդհատ ասֆալտ ես անում, հետո էլի ես անում, էլի ես անում, նման աշխատանքներ պատվիրողին կամ պետք է բժշկի ուղարկել, կամ դատախազի մոտ»,- նշեց պատգամավորը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30