«Կառավարությունը ծրագրո՞ւմ է մինչեւ 2026 թվականը բարձրացնել կենսաթոշակները, եւ եթե այո, ի՞նչ չափով»,- Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նարեկ Մկրտչյանն ասաց․ «Մենք որոշել ենք, որ պետք է դիտարկենք կենսաթոշակների բարձրացումը հետվճարի տրամաբանությամբ։ Այսինքն՝ հիմա հետվճարի տոկոսը 10-ից դարձրեցինք 12 տոկոս, մենք հիմա քննարկում ենք, թե ինչ մոդելով կառաջնորդվենք առաջիկայում։ Բայց փորձելու ենք հետվճարի մեխանիզմը մեծացնելով՝ հնարավորություն տալ թոշակը բարձրացնել։ Նաեւ նոր խթանիչներ կմտածենք, որպեսզի թիվն ավելի մեծանա»։
Նախարարն անդրադարձավ նաեւ ժողովրդագրական խնդիրներին։ «Մենք շատ ավելի խորը խնդիր ունենք, քան բնակչության թիվն է։ Մենք բացահայտել ենք, որ մեր բնակչության կառուցվածքում ունենք լուրջ դեֆորմացիայի խնդիր՝ ամեն տարի մեր բնակչության կազմ մուտք են գործելու ավագ սերնդի ներկայացուցիչներ՝ 40 հազարից ավելի։ Եվ սա նշանակում է, որ մենք ունենալու ենք բավականին մեծ կազմով ավագ սերնդի ներկայացուցիչներ մեր բնակչության կառուցվածքում, որոնք մեր մարդկային կապիտալի կարեւորագույն հատվածն են լինելու։ Եվ մեր ժողովրդագրության ռազմավարության 4 հիմնասյուներից մեկը դա ակտիվ ծերության ապահովումն է։ Այսինքն՝ ունենալ ծրագրեր, որով մենք հնարավորություն կտանք սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում ակտիվ պահել մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ արժեք ստեղծելու համար։ Հակառակ դեպքում մենք կունենանք պատկեր, որ մի երիտասարդն աշխատելու է, որպեսզի ապահովի 5 ավագ սերնդի ներկայացուցիչ առողջապահական եւ սոցիալական ծախսերը»,- ասաց Նարեկ Մկրտչյանը
Նա նշեց, որ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար մինչեւ 2040 թվականը ռազմավարական նպատակներից է նաեւ վաղաժամ մահերի կանխարգելման ծրագիրը, նաեւ միգրացիոն քաղաքականություն պետք է իրականացվի, որպեսզի այլ երկրներից մարդիկ գան Հայաստան ու ապրեն այստեղ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ