Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային հարաբերություններում որոշումների կայացումը կախված չէ միայն նորմերի կատարումից, այլև որոշվում է քաղաքական և անվտանգային նկատառումներով»․ Զոհրաբ Մնացականյան

Հունիս 06,2025 18:02

«Փոքր պետությունների կողմից գործելը ինչ-որ մտածելակերպ է ձևավորում՝ փոքր պետությունների գործողությունների մտածելակերպ։ Անկախ պետության չափից՝ ես պնդում եմ, որ միջազգային հարաբերություններում որոշումների կայացումը կախված չէ միայն նորմերի կատարումից, այլ որոշվում է քաղաքական և անվտանգային նկատառումներից ելնելով»,-«Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա շեշտեց՝ չենք կարող անտեսել բարոյականությունը և արդարադատությունը միջազգային հարաբերություններում․ «Պետությունների համակարգի միջազգային հարաբերությունների բրիտանական դպրոցի ներքո դիվանագիտական հաստատությունները և միջազգային ինստիտուտները մեծ տերությունների մրցակցության ներքո են, և այս առումով եմ ուզում միասին մտածենք՝ ինչպե՞ս բացատրել, թե որքան ենք հեռացել միջազգային հարաբերությունների՝ շատ կարևոր էվոլյուցիայից 20-րդ դարում, որը հավաքական անվտանգությունն է»։

Անդրադառնալով խաղաղության կամ արդարադատության գերակայության հարցին, որը համաժողովի ընթացքում բազմիցս արծարծվել է, Զոհրաբ Մնացականյանն ասաց․ «Ուզում եմ ասել, որ առաջնահերթությունը դրանից ոչ մեկը չէ, քանի որ պետությունների միջազգային համակարգում առաջնահերթությունը գոյատևմանն է վերաբերում, ավելի ընդհանուր ձևով է անվտանգությունը ներկայացվում։ Այն ձևակերպումները, որ օգտագործում է, օրինակ՝ ՌԴ նախագահը, դրանցում գոյատևում ձևակերպումն անընդհատ շահարկվում, օգտագործվում է Ուկրաինայի հետ կապված»։

Զոհրաբ Մնացականյանն իր հետ բերել էր ՄԱԿ-ի կանոնադրությունը և այն ցույց տալով՝ ասաց․ «Սա հիմնական փաստաթուղթն է, որի հիման վրա մենք կառուցում ենք միջազգային հարաբերություները։ Առաջին հոդվածում գրված է՝ ժողովուրդները ժողովուրդների համար, բայց իրականում այստեղ պետություններն են։ Ամբողջ փաստաթղթում հղում է կատարվում հավաքական անվտանգությանը, որտեղ տարբեր առիթներով օգտագործվում են խաղաղություն և անվտանգություն եզրույթները։ Դրանք տարբեր բան են նշանակում, բայց համակցված են մեկ հասկացության ներքո։ Եվ հավաքական անվտանգություն եզրույթի էվոլյուցիան հանգեցրել է մեծ տերությունների կողմից գործողությունների ներառմանը խաղաղության ու անվտանգության գործընթացներում։ Առաջին հոդվածում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովումը դրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների վրա։ 1945-ից հետո զարգացած աշխարհի մասին ենք խոսում, որտեղ տարածքային նվաճման դեմ հասկացությունը որպես հիմնասյուն է ներկայացվել։ 1945-ի ժամանակահատվածի և այսօրվա աշխարհի միջև անհամապատասխանություն կա արդեն։ Այս գործընթացները շարունակվում են, և սա ինձ վախեցնում է։ Եթե բարեփոխումը միայն ինչ-որ համաշխարհային աղետի արդյունքում կարող է տեղի ունենալ, ուրեմն վատատեսական մոտեցում պետք է ունենանք»։

Օրինակ բերելով ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա` Զոհրաբ Մնացականյանն ասաց․ «Ներխուժումից հետո հավաքվում է Անվտանգության խորհուրդը և պարալիզացվում, որովհետև ներխուժողը Անվտանգության խորհրդի մշտական անդամ է»։

Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ փոքր պետությունները կախված են միջազգային կանոնների, նորմերի հիման վրա ընթացակարգերից․ «Բոլոր պետական, տարածաշրջանային միջտարածաշրջանային դաշինքների միջև փոքր պետությունները միջազգային իրավունքի և դիվանագիտության հիմնական առաջարկողներն են, քանի որ չունեն այլ եղանակ պայքարելու մեծ տերությունների դեմ»։

Հարցուպատասխանի ընթացքում Զոհրաբ Մնացականյանը նկատեց՝ ովքեր ծանոթ են ՆԱՏՕ-ի և այլ փաստաթղթերին, Ռուսաստանի հետ կնքված փաստաթղթերը բոլորն էլ գեղեցիկ տեքստեր են, բայց այդտեղ արտահայտվում է մեծ տերությունների մրցակցությունը․ «Սա ազդեցությունների ոլորտների մասին է, և այստեղ է, որ փոքր պետությունները ենթարկվում են գոյաբանական վտանգին։ Պետությունների նոմինալ հավասարությունը չի կանխում բանակցությունների առարկա խնդիրները։ Սրանք տարբեր մտածելակերպերի դրսևորումներ են, որոնք հանգեցնում են բախման։ ՀՀ-ն 3 միլիոն բնակչություն ունի․ փոքր երկիր է, և դժվար է գտնել քարտեզի վրա, բայց նույն համատեքստում Կանադան էլ է փոքր երկիր։ Պետք է հասկանանք՝ փոքր պետություններն ի՞նչ կարող են անել։ Ես էլ ՀՀ կառավարությանը կքաջալերեի օգտագործել մեզ հասանելի դարձած գործիքները։ Մենք բազմակողմանիությանն ենք ապավինում, քանի որ վախենում ենք, որ կարող ենք մեծ տերությունների մրցակցության ժամանակ դառնալ մանրադրամի դերակատարություն ունեցող երկիր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30