«Հռոմի կանոնադրության վավերացումը նաև հեշտացնում է համագործակցությունը առևտրի և անվտանգության ոլորտում։ Վավերացումը կարող է նաև կանխարգելիչ ազդեցություն ունենալ»,- Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ նշեց միջազգային բանակցությունների հարցերով փորձագետ, հակամարտությունների կառավարման հարցերով համակարգող դոկտոր Սառա Բաբայանը (Համբուրգ, Գերմանիա)։

Խոսելով միջազգային հանցագործությունների պատժելիության կարևորության մասին՝ Սառա Բաբայանն ասաց․ «Անպատժելիությունը հանցագործության կրկնության համար ազդակ է։ Իրավունքը ռազմավարական գործիք է։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշել՝ Հռոմի ստատուտին միանալը որևէ երկրի դեմ ուղղված գործողություն չէ, այն մեր իրավունքների պաշտպանության միջազգային արդարադատության գործիք է։ Կարևոր է, որ ՀՀ-ն վավերացնի նաև Կամպալայի դրույթները, քանի որ սա ազդակ է՝ ուղղված աշխարհին, հատկապես Ադրբեջանին։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանը դեմ է, որ ՀՀ-ն միջազգային դատարաններում արդարադատություն հայցի։ Այդպիսով ՀՀ-ն կարող է նստել միջազգային իրավական համայնքի հետ սեղանի շուրջ իր ձայնը լսելի դարձնելու համար»։
Համահետաքննող դատավորների գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար, իրավաբան հատուկ դատախազ Իգնասիո Տրեդիչին (Բարի, Իտալիա) մտահոգություն հայտնեց՝ աշխարհում անարդար պայքար կա օրենքի գերակայության համար․ «Մենք ապրում ենք ժամանակներում, որտեղ օրենքի գերիշխանությունը իշխանության հետ պայքարի մեջ է։ Միջազգային հանրությունը ավելի լավ հնարավոր չէ նկարագրել, քան որպես անարխիա»։
Կարդացեք նաև
Հարցին՝ միջազգային հանցագործությունների կանխարգելման ի՞նչ մեխանիզմներ կան, Իգնասիո Տրեդիչին պատասխանեց․ «Ես ուսումնասիրել եմ Կոնվենցիան, և սա լուծումներից մեկն է։ Դրա համար կոչ եմ անում բոլորիս գնալ մեր երկրներ և փորձել մեր կառավարություններին համոզել վավերացնել եռակողմ համաձայնագրեր։ Մենք պետք է հնարավորինս կարողանանք ամրապնդել մեր իրավական դիրքերը, համախմբվել»։
Ըստ Իգնասիո Տրեդիչիի՝ մենք բոլորս բախվում ենք մի աշխարհի հետ, որը ինչ-որ ձևով քանդվում է, և պետք է կարողանանք կրկին վերակառուցել այն մեր ունեցած գործիքներով․ «Շատ բան անել չենք կարող Պուտինի և Թրամփի ու այլ բռնակալների իշխանության դեմ։ Սա նաև սոցիալական խնդիր է, քանի որ մարդիկ բավարարված չեն վերջին տարիներին պետությունների տնտեսական կառավարմամբ, նաև կան կառավարություններ, որոնք մերժում են օրենքի գերակայությունը։ Թրամփն ասում է՝ ընտրվել եմ, ինչո՞ւ պետք է ինձ դատավորն ասի՝ ինչ պիտի անեմ, ինչ չանեմ։ Եթե չլիներ Թրամփը, Նեթանյահուն ու Պուտինը, այլ կլիներ։ Մի քանի հոգի են, որ աշխարհում հիմնական գերիշխանություն ունեն։ Այո, Անվտանգության խորհուրդը պետք է շտապ բարեփոխվի։ Մենք չենք կարող հեռու գնալ այսպիսի Անվտանգության խորհրդով։ Երեկ տեսանք, թե ինչ արեցին Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը։ Իմ երեխաներն ավելի արժանավոր ձևով են կռվում, քան այս երկուսը։ Աշխարհի ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդիկ տեսանք, թե ինչ են անում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































