«17 տարեկան անչափահասներ, որտեղ ակտիվորեն կրակում են ադրբեջանցիները, հանկարծ գիշերը ժամը 01։30-ին անհետ կորած են հայտարարվում։ Առևանգված են»,- «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով համաժողովի ժամանակ վրդովված հայտարարեց Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր Կասիա Աբգարեանը:
Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում»։
Aravot.am-ը Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանին խնդրեց մեկնաբանել կատարվածը և հարցրեց՝ ի՞նչ գործիքներ կան երիտասարդներին ՀՀ վերադարձնելու համար, նա պատասխանեց․ «Իրականում բարդ է հասկանալ՝ ինչ մեխանիզմներ կան։ Ուղղակի պետք է հասկանալ, թե դեպքի ապացույցները, հանգամանքները ինչ են։ Եթե խոսքն իրոք առևանգման մասին է, ապա սա ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի արարք է։
Կարդացեք նաև
Միջազգային իրավունքի տեսանկյունից հիմա դժվար է որևէ քրեական տարր տալ սրան, քանի որ ընդհարում՝ որպես այդպիսին չկա, ռազմական ընդհանուր ներկա դրությամբ չկա։ Այսինքն՝ պայմանները չեն բավարարում միջազգային քրեական նորմերին դիմելու համար։ Ըստ երևույթին՝ սա քաղաքական նպատակ է հետապնդում ևս մեկ անգամ դժվարություններ դնել ՀՀ-ի առաջ և դրա դիմաց որոշ զիջումներ պահանջել հայկական կողմից։ Կարմիր խաչն այլևս Ադրբեջանում ներկայություն չունի, միջազգային իրավունքի տեսանկյունից գործիքները շատ սահմանափակ են, մնում է միայն քաղաքական տեսանկյունը, քաղաքական բանակցությունների ընթացքում սա կարող է լուծվել»։
Հարցին՝ Ադրբեջանի այս կեցվածքը, նաև այն, որ Ադրբեջանը հրաժարվում է թույլատրել միջազգային կազմակերպությունների անդամների մասնակցությունը Բաքվի դատավարություններին վտանգավոր չէ՞, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց․ «Այդ կեցվածքը միշտ էլ վտանգավոր է։ Նրանք ընդհանրապես որևէ ձևով հարգանք չեն տածում իրավունքի հանդեպ և անում են այն, ինչ իրենց ուժերի սահմաններում տեղի է ունենում․ միայն քաղաքական բանակցությունների միջոցով է սա հնարավոր անել։ Ինչ վերաբերում է դատական գործերին, ապա, ցավոք, գործիքները շատ սահմանափակ են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ