2024 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 97 տոկոս: Նախարարությունն իրականացրել է 17 ծրագիր, 102 միջոցառում: Կատարվել են 7,1 մլրդ դրամի վերաբաշխումներ, իրականացվել են 1 մլրդ 797 մլն դրամի գնումներ, որից 1 մլրդ 127 մլն դրամ՝ մեկ անձի հետ գնման եղանակով: Այս մասին հունիսի 6-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան ոլորտային հաշվետվությունը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարում գերատեսչությունում իրականացրած աշխատանքների կատարողականն ու ֆինանսական հատկացումները: Նախարարը նշել է, որ 2024 թ. հաստատվել է ոլորտի կարեւոր փաստաթղթերից մեկը «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը»:
Ըստ զեկուցողի՝ 2024թ. ընթացքում «Դրամական աջակցություն ընտանիքում 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին» միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն է ստացել 28,163 ընտանիք: Հաշվետու տարում մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է ստացել 58,794 քաղաքացի:
2024թ. ընթացքում նախարարության հատկացված միջոցների գերակշիռ մասը՝ 519.6 մլրդ դրամ, տրամադրվել է Կենսաթոշակային ապահովության ծրագրի ֆինանսավորմանը:
Կարդացեք նաև
2024թ. ավելի քան 60.6 մլրդ դրամ է տրամադրվել Ճգնաժամերի հակազդման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցման եւ վերացման նպատակով` առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում ապահովելով 92.3 տոկոս կատարողական:
Նարեկ Մկրտչյանը մանրամասն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող ծրագրերին:
Նախարարը խոսել է «Հայաստանի զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի» մասին: 2024 թ. ընթացքում Միասնական սոցիալական ծառայության ուղեգրումների եւ խորհրդատվության արդյունքում աշխատանքով է ապահովվել աշխատանք փնտրող 13329 անձ:
Նախարարը տեղեկացրել է, որ «Տարեց եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ» միջոցառման շրջանակներում տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների ծախսերը կազմել են ավելի քան 3.2 մլրդ դրամ կամ նախատեսվածի 96.3 տոկոսը: Նշված ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 5.9 տոկոսով, որը պայմանավորված է շուրջօրյա խնամք ստացող շահառուների թվի աճով: Շուրջօրյա խնամքի տրամադրման ծառայություն ստացող տարեց եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմել է 1237՝ կանխատեսված 1285-ի դիմաց եւ նախորդ տարվա 1202-ի դիմաց:
«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» միջոցառման շրջանակում 2024թ. ընթացքում ցերեկային խնամքի ծառայություն է ստացել 3610 երեխա:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ժողովրդագրությանը, կենսաթոշակի չափի հնարավոր բարձրացմանը, բռնության ենթարկված անձանց ապաստարանների, աջակցման կենտրոնների ավելացմանը:
ՀՀ ազգային ժողով