Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:
Տիկին Սահակյան, երեկ հրապարակվեց Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանի՝ Աբրահամ Բերմանի մեկնաբանությունը Վարդանյանի մեղադրական եզրակացության վերաբերյալ: Քանի որ առաջին անգամ է, որ նման բան է տեղի ունենում, ինչպե՞ս կգնահատեք երևույթն ընդհանարապես, և ո՞րն է հայտարարության հիմնական ուղերձը:
Նախ կցանկանայի նշել, որ այս հայտարարության հրապարակումն ինքնին աննախադեպ քայլ է: Ադրբեջանում փաստաբանական համայնքը գտնվում է մշտական ճնշումների ներքո, և խախտումները պետք է լինեն աղաղակող, որպեսզի փաստաբանները բարձրաձայնեն դատական համակարգի խնդիրների վերաբերյալ: Ուստի այս հայտարարությունն ինքնին վկայում է, թե ինչպիսի անելանելի դրության մեջ է գտնվում նաև փաստաբանն իր վստահորդի պաշտպանությունն Ադրբեջանում կազմակերպելիս:
Իհարկե, պետք է նշել, որ հայտարարությունը բավականին զուսպ է և խիստ մասնագիտական, այն չի պարունակում ուղիղ քննադատություն իշխանության հասցեին, և հասկանալի է, որ փաստաբանը մնացել է մասնագիտական հարթության մեջ՝ խուսափելու հետագա բռնաճնշումներից:
Կարդացեք նաև
Այս հայտարարությունը, եթե կարճ ասեմ, այն մասին է, որ Վարդանյանին ներկայացված մեղադրանքը զուրկ է որևէ հիմքից: Իրականում չկան այնպիսի փաստեր, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ, և որոնք կարող են պատիժ առաջացնել Ռուբեն Վարդանյանի պարագայում: Այն արարքները, որոնք որակվում են քրեական հանցագործություններ, յուրաքանչյուրիս գործունեության անխուսափելի մաս են կազմում, և , եթե այդ արարքները պետք է ստանան քրեաիրավական որակում, ապա դա կարող է սպառնալ յուրաքանչյուրիս: Այսինքն՝ այն «հանցանքների» համար, որոնց մեջ մեղադրվում է Ռուբեն Վարդանյանը, կարող ենք մեղադրվել յուրաքանչյուրս:
Հայտարարության մեջ անդրադարձ կա անհատական պատասխանատվության հարցին: Պետք է նշել, որ ողջ մեղադրանքը հիմնվում է Արցախի Հանրապետության ինքնահռչակման փաստի վրա: Այստեղ ամբողջովին վերլուծվում են Արցախի իշխանությունների գործողությունները, անկախության հռչակումը որակվում է որպես անթույլատրելի գործունեություն, և որպես հետևանք, փորձում են քրեաիրավական հետևանքներ առաջ բերել բոլոր այն հայերի համար, ովքեր որոշակի չափով, որոշակի ժամանակահատվածում մասնակցություն են ունեցել Արցախի Հանրապետության կառավարմանը:
Սա իրապես հակասում է կարևորագույն սկզբունքի՝ անհատական պատասխանատվությանը: Եվ ստացվում է, որ ժողովրդի քվեով ինքնորոշված Արցախի օրինական գործունեության համար պատասխանատվության են կանչվում անհատներ, թեև ինքնուրույնաբար նրանք որևէ հանցավոր գործունեություն չեն իրականացրել:
Ուշագրավ է նաև, որ այն բարեգործական, մարդասիրական գործունեությունը, որը ծավալվել է Արցախի չճանաչված հանրապետությունում, ևս որակվում է որպես քրեորեն պատժելի արարք և, եթե մենք այդ տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, ապա անգամ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որը մարդասիրական գործունեություն է իրականացրել Արցախում, ևս կարող է քրեական սպառնալիքների ենթարկվել:
Փաստաբանը այստեղ հստակ վկայակոչում է, որ քրեորեն պատժելի արարքները որոշակիորեն են սահմանված քրեական օրենսգրքում: Եթե առանձին գնահատում ենք Ռուբեն Վարդանյանի գործողությունները, ապա դրանք որևէ հանցակազմի ներքո չեն, և սա է պատճառը, որ քրեական մեղադրանքը չունի որոշակիություն և կոնկրետ հիմք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: