Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովակսին և փոխքաղաքապետ Լևոն Սակունցին։
Հանդիպման օրակարգում քույր քաղաքների միջև արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության ամփոփումն էր և զարգացման նոր հեռանկարների քննարկումը։ Քաղաքապետերն արձանագրել են, որ մինչ օրս իրականացված հետևողական քայլերի շնորհիվ զգալի դրական փոփոխություններ են գրանցվել մի շարք ոլորտներում։ Մասնավորապես, հաջողությամբ կյանքի են կոչվել մշակութային փոխանակումների և կրթական նախաձեռնությունների վերաբերյալ նախորդ պայմանավորվածությունները։
Արձանագրված հաջողությունների հիման վրա Առուշ Առուշանյանը և Թիերի Կովակսը նախանշել են համագործակցության խորացման նոր անելիքները։ Հատուկ շեշտադրվելու են ֆրանսախոսության զարգացման, երիտասարդական փոխանակման ծրագրերի ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման ուղղությունները։
Երկու քաղաքների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հայ-ֆրանսիական բարեկամությունն առավել առարկայական դարձնել ապակենտրոնացված համագործակցության մակարդակում։ Ընդգծվել է, որ հարաբերությունները, հիմնվելով ձեռք բերված դրական փորձի վրա, պետք է դուրս բերվեն որակական նոր փուլ։
Կարդացեք նաև
Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության նոր «ճանապարհային քարտեզ»՝ հստակ քայլերով և ժամկետներով։ Երկուստեք վստահություն է հայտնվել, որ համատեղ աշխատանքը կապահովի նախանշված բոլոր նոր ծրագրերի հաջող իրականացումը՝ ի նպաստ երկու քաղաքների բարեկամության շարունակական ամրապնդման։
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ