Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա կյանք փրկող, բայց շատ զգայուն թեմա է»․ արդեն առկա են բոլոր հնարավորությունները փոխպատվաստումներ սկսել նաև դիակային դոնորից

Հունիս 07,2025 13:19

Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները:

Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների:

2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի ցողունային բջիջների 27 փոխպատվաստում: 2023 թվականին իրականացվել է երիկամի 20, լյարդի 5 և ցողունային բջիջների 43 փոխպատվաստում: 2024 թվականին երիկամի 22, լյարդի 4 և ոսկրածուծի 57 փոխպատվաստում է իրականացվել: Իսկ 2025 թվականի մայիսի 21-ի տվյալներով` երիկամի 8, ոսկրածուծի ցողունային բջիջների 23 փոխպատվաստում է կատարվել:

Մեր երկրում արդեն առկա են բոլոր հնարավորությունները փոխպատվաստումներ սկսել նաև դիակային դոնորից, մասնավորապես` աչքի եղջերաթաղանթի:

Կարևորելով դիակային դոնորությամբ կյանքեր փրկելն ու կյանքի որակի բարելավումը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է.

«Սա կյանք փրկող, բայց շատ զգայուն թեմա է, և այս ծրագրի հաջողությունը խիստ կախված է հասարակության ճիշտ ընկալումից: Պետք է հասարակությունը նախ իրազեկ լինի, այս թեմայով ստանա բացառապես ճշգրիտ ինֆորմացիա` զերծ բոլոր միֆերից, ինչի արդյունքում էլ հաստատ մշակույթի փոփոխություն տեղի կունենա»:

Դիակային դոնորությամբ կյանքեր փրկելու, ինչպես նաև առողջապահական ոլորտի զարգացման կարևորության մասին խոսել են ԱՆ խորհրդատուներն ու համապատասխան մասնագետները:

Ակնաբուժության գծով ԱՆ խորհրդատու Արտաշես Զիլֆյանը ներկայացրել է եղջերաթաղանթի դիակային փոխպատվաստումը Հայաստանում իրականություն դարձնելու անհրաժեշտությունը` նշելով հատկապես տեսողությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած երեխաների, պատերազմում վիրավորում ստացած և իրենց աչքի լույսին սպասող բազմաթիվ երիտասարդների մասին:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, բարձր գնահատելով առողջապահության նախարարության հետ համագործակցությունը, ընդգծել է, որ վավերացնելով Օվիեդոյի կոնվենցիան` Հայաստանը հանձնառու է պաշտպանելու մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ:

Հայաստանում Աչքի բանկի ներդրման, բնակչության տեղեկատվության տրամադրման, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, ինչպես նաև դոնորության նախապայմանների ու իրավական կարգավորումների մասին հանգամանալից խոսել են ԱՆ մասնագետները:

Լրագրողների բազմաթիվ հարցերին պատասխանել են մասնագետներն ու տեսակապով միացել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30