«Եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ ճիշտը որեւէ բան չանելն է, որպեսզի սխալներ չունենանք եւ սպասենք հերթական ընտրություններին, ապա այդ քայլով իսկ կապահովենք Նիկոլ Փաշինյանի հավերժական իշխանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ վարչապետի թեկնածուի պաշտոնում Դավիթ Համբարձումյանի թեկնածության առաջադրումն ի՞նչ սկզբունքով է որոշվել, քանի որ բազմաթիվ հարցեր է առաջացնում այդ ընտրությունը, այդ թվում նաեւ, որ այսպիսով հերթական անգամ պայքարի իմիտացիա է նախանշվում, ոչ թե իշխող ՔՊ-ի դեմ իրական պայքար։
Հիշեցնենք, երեկ ՀՀԿ ԳՄ-ն պատվիրակել էր «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում վարչապետի թեկնածու առաջադրել։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօր առաջադրել է Մասիս համայնքի քաղաքապետ, ՀՀԿ Քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։
Ինչ վերաբերվում է վարչապետի թեկնածուի՝ իրենց ընտրությանը, ապա մեր զրուցակիցը հիշեցնում է, որ իմպիչմենտի նախնական փուլում ՀՀԿ-ն իր մի քանի հայտարարություններով, ըստ էության, ազդարարել է մի գործընթացի մասին, որտեղ ինքը իրեն առաջին պլան չի բերել, առաջնորդողի կամ առաջին դերի ֆունկցիա առաջ չի քաշել․ «Նաեւ վերջին մեկ ամսվա զարգացումները, ըստ էության, ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտում այլ առաջադրվողներ չկան։ Սա ես ասում եմ, որովհետեւ ՀՀԿ-ն այս հարցով բազմիցս հայտարարել է, որ որեւէ ամբիցիա չունի, մեզ համար կարեւոր է երկրում իշխանության փոփոխության իրականացումը եւ մենք պատրաստ ենք մտնել բոլոր այն գործընթացների մեջ, որոնք հնարավորություն են տալիս թեկուզ մեկ կամ երկու քայլով մոտենալու իշխանափոխության հնարավորությանը։ Հիմա, հաշվի առնելով ներքաղաքական դաշտում իրավիճակը, մասնավորաբար, այն հանգամանքը, որ ըստ էության, այլ թեկնածուի շուրջ համախմբում եւ գործընթացի մեկնարկ տեղի չի ունեցել, ՀՀԿ-ն առաջադրել է այս փուլի իր պատկերացումները, գործընթացը եւ այն առաջ մղող թեկնածուին։ Չեմ կարծում, թե Դավիթ Համբարձումյանն առանձնապես մեծ ներկայացման կարիք ունի, որովհետեւ իր քաղաքական կարիերայով, աշխատանքային դիրքով, Դավիթ Համբարձումյանն ինքն է իր քաղաքական կենսագրությունը կերտել․ այն անցել է նաեւ ՀՀԿ-ով։ Այն հանգամանքը, որ ստեղծված ծանր իրավիճակում, ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաեւ Դավիթ Համբարձումյանը չեն խուսափում ծանր պատասխանատվությունից՝ գիտակցելով նաեւ թե դա ինչ ծանր հարվածներ է բերելու՝ թե քաղաքական բառապաշարի, թե ենթադրաբար այլ հարվածների տեսքով, համաձայնել են մտնել այդ գործընթացի մեջ»։
Ըստ մեր զրուցակցի, գործընթացի յուրաքանչյուր փուլ իր աշխատանքն է ենթադրում․ «Սա այն փուլն է, որ քաղաքական ուժերը պետք է իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեն՝ այս կամ այն ուղղությամբ շարժվելու՝ մեծ առումով նաեւ ցույց տալու, թե իրականության մեջ իրենք ինչ խնդիր են դրել»։
Կարդացեք նաև
Տիգրան Աբրահամյանը նաեւ հավելում է․ «ՀՀԿ-ն կադրային բազայի խնդիր չի ունեցել ոչ մինչեւ 2018-ը, ոչ էլ 2018-ից հետո, բայց ամեն իրավիճակ ենթադրում է համապատասխան մարդու առաջ քաշում եւ այս դեպքում որոշումը կանգնել է Դավիթ Համբարձումյանի վրա»։
Դիտարկմանը, որ Դավիթ Համբարձումյանի առաջադրման շուրջ առաջին իսկ արձագանքները, որոնք իշխող ՔՊ-ից են, հեգնական են․ Ալեն Սիմոնյանն էլ «հիշեցնում» է, թե ո՞վ է եղել Դավիթ Համբարձումյանը, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց․ «Բնականաբար, սպասելի էր, որ իշխանությունը ծափողջյուններով չէր դիմավորելու ՀՀԿ-ի այս նախաձեռնությունն ու ներկայացումը։ 2018-ից սկսած՝ Դավիթ Համբարձումյանը եւ նրա ընտանիքը այս իշխանության քաղաքական թիրախավորման տակ են եղել․ այնպես որ, որեւէ նոր կամ անակնկալ բան տեղի չի ունեցել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ