Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչպես գիտեք, մոտ մեկ ամիս առաջ մեր կուսակցությունը առաջարկել էր նաև իմ թեկնածությունը քննարկել խորհրդարանական խմբակցություններին ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում,սակայն երեկ ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության ընտրությունը կանգ առավ մեր պայքարի ընկերոջ՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածության վրա և իրեն առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու:
Ողջունելի որոշում է, և ես լիովին համամիտ եմ, որ Դավիթ Համբարձումյանը՝ որպես ՀՀ ամենահաջողված համայնքապետ, կարող է դառնալ իմպիչմենտի շուրջ պատգամավորների համախմբման լավ տարբերակ: Դավիթը թասիբով հայ տղա է, հայրենասեր և պայքարող տեսակ:
Շատերը պատերի տակ խոսում են այլ բաներ, թե բա ինքը քաղաքական գործիչ չի, փորձ չունի, հռետոր չի և այլ անհեթեթ «դարակազմիկ» վերլուծություններ, բայց մեկը հարցնի իրենց, որ դուք «պրոֆեսիոնալ» քաղաքական գործիչ եք կամ հռետոր, ձեր հարևաններից քանի մարդ ձեզ այսօր ձայն կտա, ավել բան չասեմ: Դուք Դավիթի չափ ընտրող երբ կունենաք, նոր խոսեք, ախպոր պես, մի հարամեք ու ձեր ամբիցիաները ժամանակավոր գոնե մի կողմ դրեք:
Կարդացեք նաև
Ինքս պատրաստ եմ աջակցել և սատարել Դավիթ Համբարձումյանին ու ցանկանում եմ, որ, ի վերջո, մեր մեջ լինի քաղաքական կուլտուրա, քաղաքական լայն մտածելակերպ, ազնիվ և քաղաքակիրթ պայքար հանուն Հայաստանի Հանրապետության: