Զոհրաբ Մնացականյանի կարծիքով՝ անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել միջազգային համերաշխության կամ փոքր պետությունների համերաշխության կոնսոլիդացիայի առումով իրավունքի նորմերի եւ կանոնների պահպանման ու ամրապնդման գործում։ Այդ համատեքստում նաեւ Կամպալայի գործընթացներում կարեւոր է ՀՀ-ի ակտիվ դերակատարությունը։
«ՀՀ-ն ունի իր դերակատարությունն առաջ տանելու, նախաձեռնելու եւ աշխատելու այլ պետությունների հետ խաղաղության եւ անվտանգության միջազգային միջավայրի կոնսոլիդացիայի առումով։ Մեր կանխարգելման օրակարգը դրա օրինակներից մեկն է։ Այո, անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել միջազգային համերաշխության կամ փոքր պետությունների համերաշխության կոնսոլիդացիայի առումով իրավունքի նորմերի եւ կանոնների պահպանման ու ամրապնդման գործում։ Այդ համատեքստում է նաեւ Կամպալայի գործընթացներում ակտիվ դերակատարությունը, բայց միեւնույն ժամանակ դա համադրվում է նաեւ ավելի ընդհանուր հաշվարկների հետ անվտանգության համար մյուս գործիքակազմերը օգտագործելու առումով»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանը Կամպալայի դրույթների փոփոխությունների վերանայման հետ կապված գործընթացներում, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նշենք, որ ՀՀ-ն չի վավերացրել Կամպալայի դրույթները, եւ այս տարի հուլիսին Նյու Յորքում կայանալիք համաժողովի ընթացքում քննարկվելու է Կամպալայի դրույթների լրամշակման հարցը։
Նշենք, որ ագրեսիայի հանցագործությունը, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձեւում եւ ավելի ուշ կոդավորվել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության Կամպալայի փոփոխություններում, անկյունաքար է հանդիսանում ուժի անօրինական կիրառումը կանխելու համաշխարհային ջանքերում: Այնուամենայնիվ, չնայած ագրեսիան որպես միջազգային հանցագործություն դիտարկելու արմատները սկիզբ են առնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած Նյուրնբերգյան դատավարություններից, որտեղ «խաղաղության դեմ հանցագործությունը» առաջին անգամ ճանաչվեց որպես պատժելի հանցագործություն, այն մնում է միջազգային քրեական իրավունքի ամենաքիչ կիրառվող եւ ընդունված բաղադրիչներից մեկը: 2025 թվականի հունվարի դրությամբ միայն 47/125 պետություն է վավերացրել Կամպալայի փոփոխությունները, ինչը արտացոլում է միջազգային հանրության զգուշավոր եւ մասնատված մոտեցումը:
Կարդացեք նաև
Ագրեսիայի հանցագործության նկատմամբ իրավասությունը ընդլայնելու ջանքերը եւ այս համատեքստում Հռոմի կանոնադրության առաջարկվող բարեփոխումները հնարավորություն են տալիս նոր մոտեցում ընդունել 2025 թվականի հունվարից ի վեր սրված սպառնալիքներին դիմակայելու համար: Այս համատեքստում Կամպալայի փոփոխությունների ընդունման խթանումը դարձել է ավելի կարեւոր, քան երբեւէ:
Զոհրաբ Մնացականյանը զրույցի ընթացքում վստահեցրեց՝ արտաքին քաղաքականություն իրականացնելիս, իհարկե, հաշվարկները կառուցվում են իրատեսականության եւ անվտանգային համակարգի, անվտանգային միջավայրի ընդհանուր համալրման համատեքստում։ Ըստ ԱԳ նախկին նախարարի՝ փոքր պետությունների համար առանձնահատուկ նշանակություն ունի միջազգային նորմերի եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը. «Կարեւոր եւ ողջունելի է, որ մենք վավերացրինք Հռոմի ստատուտը, շարունակել աշխատել այդ ուղղությամբ եղել եւ մնում է կարեւոր։ Դա արվել է ՀՀ-ի կողմից կանխարգելման օրակարգի հարցում ակտիվ մասնակցության, պաշտպանության պատասխանատվության հայեցակարգի զարգացման գործում բազմաթիվ այլ նախաձեռնություններում ներգրավվելով, որոնք վերաբերվում են խաղաղության եւ անվտանգության համակարգի ամրապնդմանը, դրա իրավական հիմքերի ամրապնդմանը, եւ այս հարցում սա կարեւոր գործիքակազմ է օգտագործելու համար եւ աշխատելու համերաշխության մեջ այն պետությունների հետ, որոնք ավելի զգայուն են, ավելի կախված են ու նշանակություն են տալիս միջազգային իրավունքին՝ որպես գործիք ազգային անվտանգության համակարգը ամրապնդելու եւ պահպանելու համար»։
Մեր այն հիշեցմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է տեսակետ, որ «եթե տեսնում ենք, որ մենք ռեալ հասնում ենք խաղաղության, կնքում ենք պայմանագիր, ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է՝ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, պետք է չներկայացնենք, փոխադարձաբար հրաժարվենք հայցերից եւ հույս ունենանք, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի» եւ հարցին՝ սա արդյոք իրատեսակա՞ն ճանապարհ է, Զոհրաբ Մնացականյանն այսպես արձագանքեց. «Ինձ դժվար է հստակ ձեւակերպել ինչ-որ վերջնական պատասխան։ Պետք է հասկանանք, որ միջազգային իրավունքը տարբերվում է մունիցիպալ իրավունքի աշխատանքի համակարգից, եւ միջազգային իրավունքը եղել ու մնում է քաղաքական գործիք՝ ուղղված անվտանգության օրակարգի համալրմանը։ Եթե այդ հաշվարկի մեջ տեղավորվում է, որ իրավունքի գործիքակազմը օգտակար է անվտանգության համակարգի առումով, ուրեմն համապատասխան որոշում է պահանջում։ Միջազգային իրավունքը գործիք է քաղաքական առումով անվտանգության օրակարգը համալրելու համար, բայց դա միակ գործիքը չէ։ Ամեն ինչ հիմնված է հաշվարկի վրա անվտանգության, կենսունակության, համալրման, ամրապնդման ապահովման համար այն պայմաններում, երբ մենք ունենք արտահայտված խոցելիություն անվտանգության առումով թե՛ ազգային, թե՛ տարածաշրջանային, թե՛ ավելի համընդհանուր առումով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2025