Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը նո՞ր է իրեն համարում Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, միայն հիմա՞ է խանդաղատանքով վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքին, ամեն մասունքին, ամեն պատկերին ու քարին. Նորիկ Նորիկյան

Հունիս 09,2025 12:22

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Չեմ բացառում, որ Հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում․ Նիկոլ Փաշինյանը իրական վտանգ է զգում սեփական իշխանության համար․

Ենթադրաբար Նիկոլ Փաշինյանը Հայոց եկեղեցուց և Ամենայն Հայոց Կաթողիկոսից իրական վտանգ է զգացել իր իշխանության համար, հակառակ դեպքում նման համառությամբ չէր պնդի, որ Գարեգին Բ-ն պետք է ազատի Վեհարանը։

Եթե Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի ու ինքը կարող է դա ապացուցել, որ Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չէր կարող լինել Կաթողիկոս, սա նշանակում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչև եպիսկոպոս դառնալն է ունեցել երեխա, որի մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ 2018թ․ մայիսի 8-ից, երբ զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը։

Հետևաբար՝ հարց է առաջանում․ Ինչո՞ւ է միայն այժմ Փաշինյանին անհանգստացնում ու մտահոգում Գարեգին Բ-ի զավակ ունենալու հանգամանքը։

Նիկոլ Փաշինյանը նո՞ր է իրեն համարում Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, միայն հիմա՞ է խանդաղատանքով վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքին, ամեն մասունքին, ամեն պատկերին ու քարին։

Եթե ոչ, ուրեմն՝ ինչո՞ւ էր լռում մինչև հիմա։

Պատասխանն ինձ համար շատ պարզ է․ Իշխանության կորստի իրական վտանգը…

Ի՞նչ է ստացվում. քանի դեռ Եկեղեցին վտանգ չի սպառնում իշխանությանը, կարելի էր աչք փակել ու տարիներ շարունակ չնկատել կուսակրոնության կանոնի խախտումը, բայց սեփական իշխանությունը կորցնելու վախը փոխում է խաղի կանոնները և իշխանությանը մղում հակասահմանադրական քայլերի, ինչը վտանգավոր է…

Չեմ բացառում, որ Հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում, և Փաշինյանը փորձում է իբրև թե այն կանխել։

Եթե դա այդպես է, Փաշինյանը թող մինչև վերջ ազնիվ գտնվի ժողովրդի հետ ու բացի փակագծերը և փորձի ժողովրդին բացատրել, թե այդ ինչպե՞ս է ղեկավարել մեր երկիրը, որ անգամ եկեղեցին է իր դեմ։

Բացի այդ, այս քայլով Փաշինյանը նաև մի քանի այլ խնդիրներ է փորձում լուծել, որոնք աղերսվում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության հաստատմանը։

Ակնհայտ է, չէ՞, որ այն ինչ անում է Փաշինյանը Հայաստանում, դրանք տեսնում ու նկատում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում, այլ հարց է, թե Փաշինյանի ձեռնարկած քայլերը՝ որպես ուղերձներ, ինչպե՞ս կգնահատվեն այդ երկրներում համարժեքության տեսանկյունից…

Մի բան ակնհայտ է. մտնում ենք Հայաստանում նոր իշխանության ձևավորման ցիկլի մեջ, ու շատ կարևոր է առաջիկայում արձանագրել, թե ո՞վ է հավակնելու ստանձնելու Նիկոլ Փաշինյանին հիմնական մարտահրավեր նետողի դերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30