Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ քննում էր Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը:
Ըստ գործի՝ դատավորը իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։
Կողմերը դատական նիստին չէին ներկայացել, բայց ուղարկել էին միջնորդություններ՝ նիստը հետաձգելու վերաբերյալ:
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահը միջնորդել էր քննությունը հետաձգել՝ հայտնելով, որ հունիսի 4-16-ը մասնակցելու է ԱՄՆ –ում կայանալիք իրավական հիմնավորման եւ գրավոր ձեւակերպման հմտությունները թեմայով ծրագրին:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահը հայտնել էր նաեւ, որ այդ որոշումն ընդունվել է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների հետ միասին հարցի քննարկման արդյունքում:
Մասիս Մելքոնյանն իր հերթին խնդրել էր հետաձգել քննությունը՝ հայտնելով, որ հունիսի վեցից առողջական վիճակով պայմանավորված գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, ապա խնդրել նիստը հետաձգել, քանի որ ցանկանում է ներկա գտնվել նիստին ու պաշտպանել իր իրավունքները:
ԲԴԽ-ն որոշեց հետաձգել նիստը՝ հնարավորություն տալով ե՛ւ հանձնաժողվի, ե՛ւ դատավոր Մելքոնյանի մասնակցությունն ապահովելու քննությանը: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 19-ին, ժամը 14:30:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ