Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ խոսում ենք Հայաստանի սահմանի հատման մասին, կա մաքսային վերահսկողության հարց»․ ՊԵԿ նախագահը՝ ադրբեջանական բեռների մասին

Հունիս 09,2025 13:51

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձավ հարցին, թե ՀՀ տարածքով անցնելու դեպքում ադրբեջանական բեռները վերահսկվելո՞ւ են։

«Պարբերաբար ինձ հարց են տալիս նաեւ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին։ Մեր խնդիրը մաքսային վերահսկողությունը կազմակերպելն է ցանկացած սցենարի դեպքում։ Եթե, օրինակ, խոսում ենք ապաշրջափակման, սահմանների բացման մասին, ուղղակի պետք է այդ սցենարներին պատրաստ լինել։ Հիմա ես հստակ ասել եմ, որ մենք սցենարներին պատրաստ ենք այն առումով, որ ունենք Մարգարայի անցակետը, համապատասխան սարքավորումներ ու գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել եւ մաքսային վերահսկողություն իրականացնել»,- ասաց նա։

Էդուարդ Հակոբյանը նշեց, որ Հայաստանի տարածքով անցնող բեռները վերահսկվելու են․ «Երբ խոսում ենք Հայաստանի սահմանի հատման մասին, այո, այդտեղ կա մաքսային վերահսկողության հարց։ Եվ միշտ մաքսային վերահսկողության հարցը լինում է օրակարգային հարցերից մեկը, թե ինչպես է կազմակերպվելու։ Այդ տեսանկյունից ես ասացի՝ սցենարներին պատրաստ ենք»։

Հարցին, թե ի՞նչ նկատի ունեն ՀՀ իշխանությունները, երբ խոսում են ադրբեջանական բեռների համար դյուրացված ռեժիմ ներդնելու մասին, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Կան տարբեր քննարկումներ, որոնց արդյունքները հրապարակվում են համապատասխան աշխատանքային խմբի ղեկավարության կողմից։ Երբ նման հրապարակումներ կլինեն, կլսեք։ Իսկ դյուրացում ասելով՝ հիմա էլ պրակտիկան ունենք։ Մենք մեր կյանքում ունենք ռիսկերի համակարգ, որտեղ ավտոմատ կերպով, ինչ-որ ցուցիչներ ուսումնասիրելով՝ մեր համակարգն ինչ-որ ապրանքներ ուղարկում է կանաչ ուղի, ինչ-որ ապրանքներ՝ դեղին ուղի, ինչ-որ ապրանքներ՝ կարմիր ուղի։ Օրինակ՝ կանաչ ուղի ուղարկելը նշանակում է, որ առանց որեւէ խնդրի կարող է անցնել սահմանը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30