Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը: Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության, վերաբերում է մեզ բոլորիս. Վրաստանի հայ համայնք

Հունիս 09,2025 14:24

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանության համար

Վրաստանի Հայ Համայնքը և ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։

Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքական գործիչներ, տարածքային կորուստներ, և ազգային արժանապատվության ճգնաժամ՝ հենց այս պահին թիրախավորել Եկեղեցին նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին։

Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է Եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը՝ իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը՝ նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։

Սա պատահականություն չէ։ Սա մտածված քաղաքականություն է։

Սա փորձ է՝

. Սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը,

. Տկարացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը,

. Դատարկելու ազգային պետականության բովանդակությունը։

Մենք հայտարարում ենք՝

Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը։

Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։

Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։

Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։

Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։

Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս։

Վրաստանի հայ համայնք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30