Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար սա ոչ թե մրցույթ է, մրցակցության՝ պարտության հիասթափություններով, այլ իսկական տոն, հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործական մտքի հրավառություն». Աննա Ասատրյան

Հունիս 09,2025 14:15

«Մրցույթի շնորհիվ երաժշտական և արվեստի դպրոցներում ստեղծվել են կոմպոզիցիայի դասարաններ Մրցույթը անբացատրելի ձգողական հատկություն ունի՝ մեկ անգամ մասնակցելով՝ անկախ արդյունքից, տվյալ բալիկը դառնում է միրզոյանական երաժշտական ընտանիքի անդամ և հաջորդ տարի կրկին հանդես է գալիս նոր ստեղծագործությամբ». ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյան

Տիկին Ասատրյան, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում վերջերս կայացավ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթի գալա համերգը և մրցանակաբաշխությունը, որին մասնակցեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին՝ նա նշեց. «Ուզում եմ շնորհակալությունս հայտնել մասնակից բոլոր երեխաների ուսուցիչներին, որոնք հսկայական աշխատանք են տարել, և դա երևում է: Եվ ուսուցիչների հետ միացնենք նաև ժյուրիի անդամներին, որովհետև շատ դժվար աշխատանք են ունեցել՝ ես հասկացա, որպեսզի կարողանան գտնել լավագույնից լավագույնին»:

Մրցույթը կազմակերպել էր Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ: Եվ քանի որ Դուք ընդգրկվել էիք մրցույթի Հանձնախմբի կազմում և ակտիվ մասնակցել եք այդ կարևոր միջոցառման անցկացմանը՝ խնդրում եմ ներկայացնեք մրցույթի առաքելությունը, ստեղծման պատմությունն ու անցած ուղին:

– Մրցույթի գլխավոր ու կարևոր առաքելությունը պատանի տաղանդների բացահայտումն է: Ինչպես նկատել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ կոմպոզիտոր Արամ Սաթյանը. «Շատ կարևոր է, որ մենք ունենք շարունակողներ, որոնք կարողանում են շարունակել հայ կոմպոզիտորական դպրոցի գործը: Եվ անհրաժեշտ է աջակցել պատանի ստեղծագործողներին ու նպաստել նրանց հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը»: Բնականաբար՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել նրանց ինքնադրսևորման ու տաղանդի բացահայտման համար: Մրցույթի շնորհիվ երաժշտական և արվեստի դպրոցներում արդեն ստեղծվել են կոմպոզիցիայի դասարաններ, որտեղ դասավանդում են ինչպես Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ վաստակաշատ կոմպոզիտորները, այնպես էլ երիտասարդ կոմպոզիտորները: Մրցույթը պատանի կոմպոզիտորներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ Հայաստանի կոմպոզիտորների տան համերգասրահի հեղինակավոր բեմում ներկայացնել իրենց իսկ ստեղծագործությունները՝ շատ հաճախ՝ իրենց իսկ կատարմամբ: Մեծագույն երջանկություն:

Իսկ մրցույթի երջանիկ հաղթողներն արդեն հանդես են գալիս Երևանի հեղինակավոր համերգային դահլիճներից մեկի՝ Առնո Բաբաջանյան համերգասրահի բեմում: Այստեղ ևս հնչում են նրանց ստեղծագործությունները:

Ես արդեն մի քանի տարի շարունակ մասնակցում եմ հանձնախմբի աշխատանքներին և ամեն անգամ հաճելիորեն զարմանում եմ: Մրցույթը անբացատրելի ձգողական հատկություն ունի՝ մեկ անգամ մասնակցելով՝ անկախ արդյունքից, տվյալ բալիկը դառնում է միրզոյանական երաժշտական ընտանիքի անդամ և հաջորդ տարի կրկին հանդես է գալիս նոր ստեղծագործությամբ: Եվ մենք տեսնում ենք նրա աճը: Ինձ համար սա ոչ թե մրցույթ է, մրցակցության՝ պարտության հիասթափություններով, այլ իսկական տոն, հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործական մտքի հրավառություն:

Անցյալ տարի Հայաստանի կոմպոզիտորների միությունը ԿԳՄՍՆ աջակցությամբ հրաշալի նվեր մատուցեց ստեղծագործող բալիկներին՝ առանձին ժողովածուի մեջ հրատարակվեցին Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների մրցութային ստեղծագործությունները: Պատկերացնում ենք ինչպիսի՜ երջանկություն՝ տասնամյա պստլիկ կոմպոզիտորն արդեն տեսնում է իր ստեղծագործությունը տպագրված: Այս ամենը, ինչ խոսք, նպաստում է, որպեսզի երեխաներն իրենց դասատուների ղեկավարությամբ շարունակեն ստեղծագործել բազմապատկված եռանդով ու ոգևորությամբ:

Այս մրցույթը Հայաստանի կոմպոզիտորների միության վերջին տարիների կարևորագույն ձեռքբերումներից է: Եվ պատահական չէ, որ ամեն անգամ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունների գնահատման համար ստեղծվում է հեղինակավոր հանձնախումբ, որի նախագահը, բնականաբար, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն է: Այս անգամ հանձնախմբի կազմում ընդգրկվել էին կոմպոզիտորներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Հայրապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը, ինչպես նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանը և ես: Ինչպես տեսնում ենք՝ հանձնախմբի անդամները բոլորն էլ բազմազբաղ մարդիկ են: Բայց երբ հարցը վերաբերում է մեր բալիկներին, ապա բոլորս, այդ թվում նաև ես՝ մի կողմ ենք դնում մեր բոլոր գործերն ու մեծ սիրով այդ մի քանի ժամը նվիրում մեր նրանց:

Տեղեկացնեմ, որ մրցույթի գաղափարի հեղինակն Արամ Սաթյանն է: Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 1-ին մրցույթը կազմակերպվեց Արամ Սաթյանի՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (27 հոկտեմբերի, 2013թ.) ընտրվելուց ընդամենը ամիսներ անց՝ 2014 թվականի մայիսին: Մրցույթի կազմակերպման համար ընտրվեց Հայաստանի կոմպոզիտորների միության երկարամյա նախագահ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ը: Որոշվեց այս կարևոր մրցույթը, որին մասնակցում են 8-18 տարեկան պատանի ստեղծագործողները, դարձնել ամենամյա: Եվ ուրախալի է, որ մրցույթն իսկապես դարձավ շարունակական և այս տարի՝ արդեն 12-րդ անգամ իր շուրջ համախմբեց 20 պատանի ստեղծագործողների:

Կրտսեր խմբում, մասնակցության հայտ ներկայացրած 13 տարեկան ստեղծագործողներից մասնակցում էին Ադրիանա Շահինյանը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Գագիկ Ավետիսյանը, Լիանա Մազմանյանը, Մոնթե Միքայելյանը, Մոնիկա Ավագյանը, Յուրի Ավագյանը, Նատալի Եղիազարյանը և Ռուբեն Հարությունյանը: Ավագ խմբում (14-18 տարեկան) իրենց ստեղծագործություններն էին ներկայացրել Արամ Ասմանգուլյանը, Արեն Աբգարյանը, Արտաշես Մոսիկյանը, Գարիկ Հարությունյանը, Էրիկ Ասատրյանը, Էդուարդ Ղազարյանը, Նորայր Նիկողոսյանը, Սյուզաննա Աղամալյանը և Վիլյամ Չիլինգարյանը:

Մրցույթն ընթացավ երկու փուլով: Առաջին փուլում (մայիսի 13) կրտսեր խմբի մասնակիցները ներկայացրեցին մեկ երգ՝ գրված հայ հեղինակի հայերեն բանաստեղծության հիման վրա, իսկ ավագ խմբի մասնակիցները՝ մեկ անսամբլային ստեղծագործություն՝ առավելագույնը 4 գործիքի համար: Երկրորդ փուլում (մայիսի 15) պատանի կոմպոզիտորները ներկայացրեցին որևէ գործիքի համար գրված մենանվագ ստեղծագործություն: Ուրախալի էր, որ կրտսեր խմբի մասնակիցները դաշնամուրից բացի ընտրել էին նաև հայ ժողովրդական գործիքներ՝ նկատի ունեմ Յուրի Ավագյանի «Մոլորված արտույտիկը» շվիի համար և Մոնիկա Ավագյանի «Տաղ Հայրենյաց»-ը՝ քանոնի համար:

Ավագ խմբում հաղթող ճանաչվեց Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի ավարտական կուրսի սովորող Սյուզաննա Աղամալյանը, որը մրցույթին մասնակցել է 11 անգամ և 7 անգամ արժանացել մրցանակի: Սա Սյուզաննայի հրաժեշտի մասնակցությունն էր, քանի որ եկող տարի չի կարող մասնակցել՝ տարիքային շեմն անցնելու պատճառով: Այս անգամ նրան մրցանակ բերեցին «Էպիզոդները» ջութակի, ալտի, թավջութակի և դաշնամուրի համար (առաջին փուլ) և «Մտորումներ» դաշնամուրային պիեսը (երկրորդ փուլ), որը կատարեց հեղինակը: Սյուզաննան այս տարի ընդունվելու է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ուստի մաղթում եմ նրան հաջողություն:

Իհարկե, Սյուզաննայի ստեղծագործական աճի գործում անուրանալի դեր ունի նրա կոմպոզիցիայի ուսուցիչը՝ ՀԿՄ անդամ, Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն, կոմպոզիտոր Նաիրա Դիվանյանը: Շատ խորհրդանշական է, որ մրցույթի առաջին փուլում մասնակիցներին ողջունեց Ն. Դիվանյանի պստիկ սանուհին՝ Արևիկ Համբարձումյանը՝ «Թափթփված արջուկը» դաշնամուրային պիեսի հեղինակային կատարմամբ: Վստահ եմ, որ եկող տարի միրզոյանական 13-րդ մրցույթում Սյուզաննային կփոխարինի Արևիկը և նրան ևս կոմպոզիցիայի կախարդական աշխարհում դեպի նոր բարձունքներ կառաջնորդի Նաիրա Դիվանյանը:

Կրտսեր խմբում առաջին մրցանակը ստացավ Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սան՝ 11-ամյա Արմեն Հովհաննիսյանը, որն 1-ին փուլում ներկայացրեց Համո Սահյանի խոսքերով գրված «Անձրև» երգը ձայնի ու դաշնամուրի համար, իսկ 2-րդ փուլում՝ «Նոկտյուրնը» դաշնամուրի համար, որը կատարեց հենց ինքը՝ փոքրիկ հեղինակը:

Ավագ խմբում երկրորդ մրցանակը ստացավ Պարոնյան երաժշտական դպրոցի սան Արտաշես Մոսիկյանը (դասատու՝ Արփինե Կալինինա), իսկ երրորդ մրցանակը հանձնախումբը կիսեց Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող, շնորհալի դաշնակահար Գարիկ Հարությունյանի (դասատու՝ Աշոտ Ղազարյան) և Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սան Արամ Ասմանգուլյանի (դասատու՝ Արմենուհի Կարապետյան) միջև:

Կրտսեր խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեցին Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Գագիկ Ավետիսյանը (դասատու՝ Արմենուհի Կարապետյան) և Ադրիանա Շահինյանը, իսկ երրորդ հորիզոնականը կիսեցին Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի սան Մոնթե Միքայելյանը (դասատու՝ Նելլի Մնացականյան) և Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սան Արթուր Գրիգորյանը (դասատու՝ Արփինե Կալինինա):

Ավանդույթի համաձայն՝ Խրախուսական պատվոգրի արժանացավ մրցույթի ամենակրտսեր մասնակիցը՝ Ռ.Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցի սան 8-ամյա Յուրի Ավագյանը:

Գալա համերգի ընթացքում Համո Սահյանի խոսքերով գրված «Գարունդ հայերեն է գալիս» ստեղծագործության կատարմամբ մասնակիցներին ողջունեցին Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի սաները՝ երգի հեղինակի՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի ղեկավարությամբ:

Ահա և պատմություն դարձավ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը, որի կազմակերպման ու անցկացման գործում անուրանալի է մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանի, ինչպես նաև ՀԿՄ աշխատակազմի՝ Աստղիկ Մելքոնյանի և Տիգրան Համբարյանի, ներդրումը:

Այս հրաշալի տոնը միս ու արյուն չէր ստանա, եթե չլիներ մրցույթի մասնակիցների դասատուների հոգատար ու անձնուրաց աշխատանքը, որն իսկապես սխրանք է:

Ես ուզում եմ նշել նաև ծնողների մեծ դերը, ովքեր այս ոչ դյուրին պայմաններում իրենց բալիկների համար պայմաններ ու հնարավորություն են ստեղծում՝ երաժշտությամբ զբաղվելու, ավելին՝ ստեղծագործելու համար:

Եվ իհարկե՝ եթե չլիներ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի՝ հայ կոմպոզիտորական արվեստի ապագայի հանդեպ մեծագույն պատասխանատվությունն ու պատանի տաղանդների բացահայտման կարևոր գործում ստանձնած հանձնառությունը:

Ուրախալի է, որ այս կարևոր նախաձեռնության թիկունքում ստեղծման օրից կանգնած է մեր պետությունը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի:

Անտարակույս՝ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը ոչ միայն նպաստում է պատանի ստեղծագործողների տաղանդի բացահայտմանը, այլև ստեղծում միմյանց հետ ծանոթանալու, շփվելու, ընկերանալու բացառիկ հնարավորություն: Չէ՞ որ հայ կոմպոզիտորական արվեստի վաղվա օրը կերտելու են հենց նրանք՝ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթի մասնակիցները:

 

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    ՀԿՄ-ի հերթական մանր-մունր ծրագրերից …

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30