Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում տեղի ունեցածից հետո ադրբեջանցիների մի ողջ սերունդ է կրթվում այն գաղափարով, թե իբր ողջ Հայաստանը «պատմական ադրբեջանական հող է». Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 09,2025 15:22

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ես հաճախ եմ խոսում ու գրում այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարի կողմից շրջանառության մեջ դրված «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը դա Արցախի հարցում ներկայիս իշխանությունների վարած վտանգավոր ու սխալ քաղաքականության հետևանք է։ Որքան էլ հիմա իրենք փորձեն անհիմն ու անհեթեթ կերպով դա ներկայացնել, թե իբր Ալիևը Արցախի թեման է «հայելային» կրկնում, երկաթյա փաստերը գալիս են ապացուցելու, որ այդ ամենը մտել է շրջանառության մեջ հենց Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց՝ 2022 թվականին դեկտեմբերին։ Այդ ժամանակվա իր ելույթում Ալիևն ասել է․ «…Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը: Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք այժմ: Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ…»

Այս հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ Ալիևը գիտակցում էր այդ պնդման և՛ անհավանականությունը, և՛ աշխարհաքաղաքական ռիսկերը իր ավելի լայն ծավալապաշտական հավակնությունների համատեքստում: Նա գիտակցաբար խուսափում էր հրապարակայնորեն անդրադառնալ դրան, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չէր լուծվել:

2024 թվականի մայիսին իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Մալահաթ Իբրահիմգիզին հաստատեց, որ «Արևմտյան Ադրբեջանի» հարցի ավելի վաղ բարձրացումը կարող էր բարդացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Նա ընդգծեց, որ նախ անհրաժեշտ էր «ազատագրել» Ստեփանակերտը, որպեսզի ուշադրությունը կարողանար տեղափոխվել հաջորդ նպատակին:

Վերջերս մանրամասն հետազոտություն եմ հրապարակել՝ «Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը» վերնագրով՝ այն մասին, թե ինչպես է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ու ծավալապաշտական ծրագիրը դարձել Ադրբեջանի հանրակրթական դպրոցների դասագրքերում մատուցվող առարկա 2022, 2023 և 2024 թվականներին։ Ես ուսումնասիրել եմ 5-րդ, 8-րդ և 11-րդ դասարանի ադրբեջանական դասագրքերը։

Այսինքն՝ Արցախում տեղի ունեցածից անմիջապես հետո ադրբեջանցիների մի ողջ սերունդ է կրթվում այն գաղափարով, թե իբր ողջ Հայաստանը «պատմական ադրբեջանական հող է»։ Ավելին, այդ թեման տեղ է գտել նաև հեքիաթներում և բարձրագույն պետական ուսումնական հաստատությունների ծրագրերում։

️Բոլորս ունենք ընտրություն՝ հասկանալ ու կանխել հակառակորդից եկող վտանգներն ու ռիսկերը, թե՞ ջայլամի պես գլուխը մտցնել հողի տակ, ստեղծել կեղծ իրականություն թվացյալ խաղաղության մասին, հավատալ դրան ու հետո բախվել դառը իրականության հետ։ Ինձ համար նախընտրելի է առաջին տարբերակը, առավել ևս այն դեպքում, երբ հստակ տեսնում եմ, թե ինչ գործիքակազմով կարելի է քաղաքական, դիվանագիտական ու տեղեկատվական տիրույթում կանխել Ալիևի վտանգավոր զավթողական ծրագրերը։

Հ.Գ. Դեռևս հասանելի է նյութի անգլերեն տարբերակը, բայց կարծում եմ շուտով կկարողանամ նաև ներկայացնել հետազոտության հայերեն թարգմանությունը։ Հետազոտության տարածումը, այս պահին առնվազն X-ի (նախկին թվիթեր) հարթակում ավելի քան գնահատելի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30