Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստ»-ի Կոտայքի ցանցի ղեկավարը աշխատակիցներին պարբերաբար հրահանգել է ընկերության միջոցներից դրամական փոխանցումներ կատարել իր բանկային քարտերին

Հունիս 09,2025 17:02

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով հափշտակություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ ղեկավարը աշխատակիցներին պարբերաբար հրահանգել է ներհանրապետական դրամական փոխանցումների էլեկտրոնային համակարգի միջոցով ընկերության ֆինանսական միջոցներից դրամական փոխանցումներ կատարել իր անձնական բանկային քարտերին, ինչպես նաև իր համար կատարել կոմունալ ծախսերի վճարմանն ու բջջային հեռախոսահամարի հաշվեկշռի լիցքավորմանն ուղղված դրամական փոխանցումներ՝ աշխատակիցներին վստահեցնելով, որ կարճ ժամանակահատվածում կմարի փոխանցման հետևանքով գոյացած պակասորդները: Մարզային ցանցի ղեկավարը, սակայն, չի կատարել խոստացված վճարումները՝ այդ կերպ «Հայփոստ» ՓԲ ընկերության դրամական միջոցներից խարդախությամբ հափշտակելով խոշոր չափերով գումար։

«Հայփոստ» ՓԲ ընկերության՝ վերը նշված մարզային ցանցի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Քննիչի որոշմամբ մեղադրյալին պատկանող անշարժ գույքի նկատմամբ արգելադրում է կիրառվել պատճառված վնասի չափով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30