Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ռուբինյանը երկրորդ անգամ անձնապես իմ դեմ իրականացնում է խտրական վերաբերմունք՝ պայմանավորված իմ քաղաքական հայացքներով»

Հունիս 09,2025 17:00

«Արթուն ենք» շարժման անդամ Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության շրջանակներում պետք է հանդիպեր Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ: Սակայն պաշտոնյան այս էլ արդեն երկրորդ անգամ հրաժարվեց հանդիպել առանց որեւէ պատճառաբանության: Ինչպես առաջին անգամ, այնպես էլ հիմա, ԱԺ աշխատակիցը Էդգար Ղազարյանին փոխանցեց Ռուբինյանի խոսքերը. «Նպատակահարմար չի համարում»:

Էդգար Ղազարյանը լրատվամիջոցներին այս առիթով ասաց. «Տեղի ունեցավ կրկնահանցագործության փաստ: Պարոն Ռուբինյանը երկրորդ անգամ անձնապես իմ դեմ իրականացնում է խտրական վերաբերմունք՝ պայմանավորված իմ քաղաքական հայացքներով: Չգիտեմ ինչի, վախենում է»:

Պատասխանելով իմպիչմենտին վերաբերող լրագրողների հարցին, որ ՔՊ-ից հեռացված երկու պատգամավորներն արդեն իսկ դեմ են արտահայտվել, Էդգար Ղազարյանն ասաց. «Ակնհայտ է, որ այս գործընթացը օր-օրի նոր թափ է հավաքում եւ այն նախնական կանխատեսումները, որ ներկայացնում էին, այդ թվում՝ նաեւ պատգամավորները, թե դա լուրջ չի, հաջողություն չի ունենալու եւ ոչնչի չի բերելու, իրականությունը ցույց է տալիս, որ ամեն ինչը ճիշտ հակառակն է:

Այս պահին մենք փաստացի ունենք միաժամանակ մեկնարկած անվստահության երկու գործընթաց: Մեկի հեղինակները 2 պատգամավորներ են, մյուսի հեղինակները՝ 6 պատգամավորներ»,-ասաց պարոն Ղազարյանը եւ նշելով, որ այս պարագայում կարեւորը ոչ թե խմբակցության կարծիքն է, այլ յուրաքանչյուր պատգամավորինը:

Դիտարկմանը, թե իր կարծիքով, օրինակ, Ռուբեն Ռուբինյանը կմիանա՞ իմպիչմենտի գործընթացին, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ չէ: Ձեր կարծիքով Ռուբեն Ռուբինյանը ինչի՞ է հրաժարվում այս հանդիպումներից: Որովհետեւ լսելու է փաստեր: Մամուլի ներկայությամբ այդ փաստերը լսելուց հետո ինքը պետք է դրա վերաբերյալ վերաբերմունք արտահայտի: Տրամաբանություն գոյություն ունի: Եթե Ռուբինյանը չի ուզում, որ վարչապետը հեռանա, միմյանց նկատմամբ նրանց վերաբերմունքը մեզ քիչ է հետաքրքրում: Ռուբինյանը պատգամավոր է դարձել Հայաստանի քաղաքացիների քվեարկության արդյունքով: Հայաստանի քաղաքացիները քվեարկել են ՔՊ կուսակցության օգտին ու ինքը դարձել է պատգամավոր: Կառավարությունն ունի ծրագիր, որը հիմնված է ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի վրա: Եվ Ռուբինյանը որպես պատգամավոր պարտավոր է վերահսկել կառավարությանը, որպեսզի այդ ծրագիրը կատարվի: Հիմա եթե Ռուբինյանն իր պաշտոնական պարտականությունները չի կատարում, դա չի նշանակում՝ մենք բոլորս դրան հարմարվենք: Պարտականությունները չի՞ կատարում, թող հետը գնա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30