Ցավալի է, որ հանրային դաշտում չեն դադարում մեր երկրի ղեկավարի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված «սրտացավ» քննադատությունները, որոնք արդարացիորեն առաջացնում են ժողովրդի վրդովմունքն ու տարակուսանքը։ Այս ամենը մտահոգիչ է ոչ միայն հավատացյալ հայ մարդու համար, այլև նրանց, ովքեր պետական ու մշակութային ինքնության կրողներ են և լավ են հասկանում, թե ինչ վտանգների առաջ կարող է մեզ կանգնեցնել ղեկավարության այս մոտեցումը։
Թերևս մեր Եկեղեցին չճանաչելու և նրա սրբազան առաքելությունը չգիտակցելու հետևանք է այն, որ նման հայտարարություններում շփոթվում են հավատքի, անձի, կառույցի և քաղաքական մեխանիզմների սահմանները՝ դրանով իսկ խաթարելով հոգևոր կյանքի հանդեպ հարգանքը։ Երբ Եկեղեցին ներկայացվում է որպես վերահսկելի կառույց, որը «պետք է վերադարձվի ժողովրդին», ի սպառ անտեսվում է այն պարզ ճշմարտությունը, որ Եկեղեցին Աստծո հավատավոր ժողովուրդն է և պատկանում է Հիսուս Քրիստոսին. «Նա՛ է գլուխը մարմնի, որ եկեղեցին է» (Կողոսացիներ 1։18)։ Իսկ հոգևորականները Քրիստոսի և Նրա Եկեղեցու տնտեսներն են, Նրա վարդապետության հավատարիմ պահապանները, ովքեր Տիրոջ կողմից վերապահված առաքելությամբ Եկեղեցու Սուրբ Ավազանից ծնունդ են տալիս այդ եկեղեցու զավակներին, առաջնորդում են նրանց հոգևոր կյանքի ճանապարհով և իրենց օծյալ ձեռքով բաշխում Տիրոջ Մարմինն ու Արյունը՝ նրանց մեղքերի քավության և թողության համար։
Հատկապես մտահոգիչ է, երբ այսօրինակ խոսույթը գալիս է այն անձի կողմից, ով դեռ 2018-ին Արտաշատում, հայտարարում էր, թե ինքը Հայ Եկեղեցու հետևորդ է, և մեր ժողովուրդը՝ Նարեկացու, Մաշտոցի, Տիգրան Մեծի սերունդ։ Նա իր հավատարմությունն էր հայտնում քրիստոնեական արժեքներին և հայտարարում, որ պիտի մերժվեն Հայաստանում գործող տոտալիտար աղանդներ։ Սակայն իշխանության գալուց հետո, ինչպես մյուս կարևոր հարցերը, հոգևոր կյանքին առնչվող խնդիրները ևս ունեցած ճիշտ հակառակ լուծումներ.
- դպրոցական ծրագրից դուրս մղվեց «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան,
- նոր դասագրքերում աղավաղվեցին եկեղեցական և պետական առանցքային իրադարձությունները,
- հրապարակայնորեն թիրախավորվեց հոգևոր վերնախավը,
- և ամենավատը՝ Արցախի կորստով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվեցին հարյուրավոր սրբավայրեր, վանքեր, ուխտատեղիներ, որոնք այս պահին վերացման վտանգի տակ են, իսկ այդ վտանգի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրաձայնումը դարձավ հակաեկեղեցական հարձակման պատճառ՝ ներսից ու դրսից։
Պետք է հասկանալ, որ Հայոց Հայրապետին թիրախավորել, նշանակում է թիրախավորել ողջ ժողովրդի հոգևոր ինքնությունն ու նվիրական զգացումները։ Մինչդեռ Հայոց Հայրապետի ընտրությանը մասնակցում է նույն այդ ժողովուրդը՝ Ազգային Եկեղեցական ժողովի միջոցով։ Այդ ժողովը գումարվում է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհասփյուռ հայերի ներկայացուցիչների կողմից և արտահայտում է համայն հայության կամքը։ Ուստի նախքան մերկապարանոց և սադրիչ հայտարարություններ անելն անհրաժեշտ է ծանոթանալ, թե ինչ է Ազգային Եկեղեցական ժողովը, և ինչ ուժ ունեն նրա որոշումները։
Կարդացեք նաև
Պետք է իմանալ նաև, թե ինչ կանոնակարգեր են գործում այն աշխարհականների և պաշտոնյաների համար, ովքեր հակականոնական ու հակաեկեղեցական վարք են ցուցաբերում։
Հայ Եկեղեցու դեմ ծավալվող արշավը և «բարեփոխման» կեղծ օրակարգերը դատապարտված են տապալման։ Այսօր առավել քան երբևէ բացահայտ է դառնում, որ «սիրո և համերաշխության» վանկարկված լեզվամտածողությունը վերածվել է ատելության ու պառակտման գործիքակազմի։ Հակաեկեղեցական այս արշավը հիշեցնում է 2018 թվականին Մայր Աթոռի դեմ ուղղված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, որն իր անօրինական գործողություններով արդեն իսկ ստացավ հանրային դատապարտում
Այսօր հնչող հայտարարություններն ու կոչերը ցավոք կրկնում են այդ նույն շարժման հռետորաբանությունն ու գործողությունները՝ վերստին փորձելով թուլացնել Հայ Եկեղեցու հոգևոր և ազգային միասնության հիմքերը։ Բայց ինչպես ասվում է Սուրբ Գրքում. «Ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի» (Մատթեոսի Ավետարան. 21:44)։
Եկեղեցին փոփոխվող իշխանություններից դուրս կանգնած իրականություն է։ Հակառակ բոլոր հարձակումների՝ Նրա սրբազան առաքելությունը պիտի շարունակվի՝ ի շահ մեր ժողովրդի և պետության։
Հ.Գ. Նորին Սրբության ջանքերով վերջին տարիներին հիմնանորոգվեց և փլուզումից փրկվեց Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը։ Այս կարևոր ու պատմական աշխատանքին մասնակցել կարող էր յուրաքանչյուր հայ։ Հետաքրքիր է, արդյոք այսպես կոչված «խանդաղատանքի» և «սրտացավության» զգացումով «Հայ Եկեղեցու զավակները» այդ պատմական գործին որևէ կերպ մասնակցե՞լ են՝ որպես պարզ հավատացյալներ կամ հանրային պաշտոնյաներ։
Տեր Երվանդ քահանա Բաբայան, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ
Տեր Պողոս քահանա Միքայելյան, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ
Տեր Ղևոնդ քահանա Ղևոնդյան, Արտաշատի Թուխ Մանուկ եկեղեցու հոգևոր հովիվ