Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին պետք է լինի շատ զուսպ, չտանի քաղաքացիական բախումների, եղբայրասպանություն չպետք է լինի, բայց դա նաեւ յուրաքանչյուրից է կախված. Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Հունիս 09,2025 21:21

«Արդի թեմա է պետություն-եկեղեցի հարաբերությունները հատկապես վերջին շրջանում, երբ բուռն քննադատությունների առիթ են դարձել: Պետություն-եկեղեցի հարաբերությունները շատ ընդգրկուն թեմա է, եւ զարգացումը սկսվում է 4-րդ դարից, երբ 301թ Քրիստոնեությունն ընդունվում է որպես պետական կրոն: Պետություն-եկեղեցի հարաբերություն սիմֆոնիան սկսվում է Տրդատ թագավորից ու Գրիգոր Լուսավորչից: Իհարկե, մեր ընդդիմախոսները փաստեր են բերում, որ այդ հարաբերությունները մեր ժողովրդի համար օգտավետ չէին»,-նշեց Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը թեմայի վերաբերյալ «Հայկական օրակարգ» նախաձեռնության կազմակերպած բանախոսություն ժամանակ:

Ի թիվս այլնի՝ նա անդրադարձավ 1205թ Անիի հայտնի ժողովին, որտեղ Զաքարեի ճնշմամբ եպիսկոպոսները, արեւելյան վարդապետները պետք է ընդունեին հայ-եկեղեցական վրացական միությունը, որպեսզի տեղի ունենար եկեղեցու եւ պետության միությունը. «Սանահինի, Հաղպատի վանքի վանահայրերը, որոնցից առաջնորդողը Գրիգոր Տուտերորդին էր, ընդդիմանում է եւ աքսորվում՝ Զաքարեի կողմից:

Ինչ հարցեր էին քննարկվում: Վրացիները, օրինակ, խնդիր ունեն, որ բանակը պատերազմի ժամանակ պետք է հաղորդություն ստանար, իսկ հաղորդությունը պետք է լիներ Սուրբ սեղանի վրա: Մեզ մոտ անշարժ է Սուրբ սեղանը, իսկ վրացիներն ունեն շարժական սեղան: Հայ եկեղեցին չի ընդունում շարժական սեղանը: Կամ Սուրբ Ծնունդի հետ կապված օրերը պետք է որոշվեին…Զաքարեն ասում էր՝ ընդունենք դեկտեմբերի 25-ին, մերոնք ասում էին՝ ավանդաբար մեր Սուրբ Ծնունդը հունվարի 6-ն է…Այսպիսով մեծ աղմուկ է լինում»:

Տեր Հեթումը հայ ժողովրդի պատմության մեջ կարեւոր ժամանակաշրջան համարեց. նաեւ 13-րդ դարը՝ Կիլիկյան շրջանը. «Ռուբինյանների, Հերթումյանների տիրապետության եւ Լուսինյանների վերջում նույնպես եղել են ճնշումներ, միջամտություններ պետության կողմից եկեղեցու ներքին կյանքին: Օրինակ 1198 թ. տեղի է ունենում Լեւոն թագավորի թագադրումը, բայց դա չի կատարում կաթողիկոսը: Գիտեք, որ թագավորներն օծվում են, դա քրիստոնեական ծես է, որը մինչեւ հիմա պահպանվել է շատ երկրներում, օրինակ Իսպանիայում, Շվեդիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում…Լեւոն թագավորին օծել են լատինացիները, որովհետեւ լատինացիներից եւ զորքի ակնկալիք կար, եւ ֆինանսական օգնության, որպեսզի դիմագրավեին թշնամուն, հատկապես բյուզանդացիներին: Հայ եկեղեցու կաթողիկոսն օծմանը մասնակցում է, բայց ինքն օծումը չի կատարում…

Այդ հարաբերությունները շարունակվում են նաեւ Հեթում Առաջին եւ Հեթում Երկրորդ թագավորների ժամանակ: Եթե Հեթում Առաջինը պահում էր Հայ եկեղեցու ինքնուրույնությունը, ինքնավարությունը, ապա Հեթում Երկրորդը 3-4 անգամ հրաժարվում է գահից, ու քանի որ կաթոլիկության հետ սերտ հարաբերություններ ուներ, վանական է դառնում»:

 

Բազմաթիվ օրինակներից զատ հոգեւորականը անդրադարձավ 1905թ իրադարձություններին, երբ Ֆրանսիայի կառավարությունը որոշում է, որ պետությունը եւ եկեղեցին պետք է բաժանվեն, եւ 1905թ. կառավարության որոշմամբ դադարեցվում է եկեղեցու սուբսիդավորումը: Մյուս կարեւոր դրվագը, ըստ տեր Հեթումի՝ վերաբերվում է Պիոս 22-րդ պապին. «Այդ ժամանակ ֆաշիստները գալիս են իշխանության Իտալիայում եւ Գերմանիայում, հատկապես Իտալիայում, երբ Մուսոլինին գալիս է իշխանության Պիոս 22-րդը մեղադրվում է իրենց հետ հարաբերություններ ունենալու մեջ:

2020թ բացվում են Վատիկանի արխիվները, մասնավորապես Պիոս 22-րդի արխիվը, նամակագրությունները: Նա ուներ փաստաթղթեր ստորագրած ֆաշիստական կուսակցության հետ, բայց միաժամանակ 100-ավոր հրեաների փրկել է Հոլոքոստից: Ինքը հակասական կերպար էր, բայց այն հարաբերություններերը, որ եղել են կաթոլիկ եկեղեցու եւ ֆաշիստական ռեժիմի հետ, պատմական փաստեր են, որոնք ունեն ուսումնասիրման կարիք: Միանշանակ պետք է չքարկոծենք, որովհետեւ համագործակցությունը բերել է փրկություն, ինչպես նաեւ Չիլիում, Արգենտինայում 60-70-ական թվականներին Պինոչետի ժամանակաշրջանում»:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հետաքրքրվեց հայկական օրակարգից, նաեւ հարց ուղղեց՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, ովքեր են այն դատավորները, խոհեմները, միջնորդները, որոնք կարող են ոչ թե կրակը թեժացնել, այլ օգնել այս վիճակից դուրս գալ, քանի որ գոյաբանական լուրջ խնդրի մեջ ենք՝ ասաց նա: «Մեր խնդիրն այն է, որ ազգային օրակարգ չկա, հայ հասարակությունը բաժանված է, եւ նրան կարող է միավորել մեկ կառույց: Դա Մայր Աթոռ Սուրբ էջմիածին է, հարվածների պատճառը դա է: Եթե օրակարգը հայկական է, ուրեմն կձեւավորվի պետությունը կամ իշխանությունը: Պետք է համախմբվել միավորող կառույցի՝ 1700-ամյա եկեղեցու շուրջ…Շրջաններ ենք ունեցել, որ թագավորներ ու պետականություն չենք ունեցել, բայց միշտ ընտրել ենք Ամենայն Հայոց կաթողիկոս: Միայն Հայաստանը չի ընտրում կաթողիկոս, Սփյուռքն էլ է ընտրում կաթողիկոս»,-ասաց Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի հոգևոր հովիվը:

Մանրամասն՝ տեսանյութում

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հարցին՝ ինչպես պետք է վարվել, երբ այս իշխանությունները փորձում են հեղաշրջում իրականացնել եկեղեցու ներսում, Փաշինյանը կոչ է անում գնալ եւ ազատել վեհարանը, տեր Հեթումը լակոնիկ պատասխան տվեց՝ քրիստոնեաբար:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իշխանությունների ոտնձգությունները Հայոց եկեղեցու դեմ հիշեցնում են մոնղոլական հորդայի գործողությունները. «Վարչապետը բռնության կոչեր է անում, հակասահմանադրական կոչեր է անում, ձեր կարծիքով ելքը որն է, ինչպես կարելի է հակադարձել»:

«Երկրի վարչապետը երկու հակասահմանադրական որոշում է կայացրել. առաջինը՝ մտնելով եկեղեցի-պետություն հարաբերության մեջ՝ խառնվել է կաթողիկոսի ընտրության հարցին, որը եկեղեցու ներքին հարցն է: Երկրորդն այն հարցն է, որ ինչպես ինքն է՝ գրել քրիստոնեաբար գնալ ազատել վեհարանը եւ նոր կաթողիկոս ընտրել: Դա նույնպես հակասահմանադրական է եւ հետագայում իրավապահ մարմինները պետք է քննեն այս հարցը: Իսկ ի՞նչ պետք է անի եկեղեցին… Եկեղեցին իր ողջ հոտի եկեղեցին է: Եկեղեցին այս հարցում պետք է լինի շատ զուսպ, խոհեմ, չտանի քաղաքացիական բախումների, եղբայրասպանություն չպետք է տեղի ունենա, բայց դա կախված է ձեզանից յուրաքանչյուրից: Եթե յուրաքանչյուր հակասահմանադրական քայլ անտարբերությամբ կուլ ենք տալիս, ստացվում է՝ լռությամբ դրա համաձայնությունն ենք տալիս»,-ասաց հոգեւորականը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30