Վերջերս իմ գործընկեր Ազա Բաբայանը վարչապետին բնութագրել է որպես «խուլիգան»: ՔՊ-ական շեֆերից մեկը դժգոհեց, «ֆեյքերի ֆաբրիկան», ինչպես որ դա սովորաբար լինում է, տակը մի քանի տասնյակ հայհոյանք գրեց լրագրողի հասցեին: Իսկ ես ամենայն անկեղծությամբ միանում եմ Ազայի տված բնութագրին, եւ նույն ֆաբրիկայի «դատն» ինձ բացարձակապես չի հուզում:
Ի դեպ, հիմա մտածող մարդկանցից որոշակի «ամրություն» է պահանջվում՝ ամբոխահաճ ոռնոցներին հակադրվելու համար: Ես դրանում սկսեցի համոզվել 2016 թվականից՝ «Սասնա ծռերի» «հերոսական ապստամբությունից» հետո:
Փաշինյանը եւ նրա մերձակա շրջապատն իսկապես իրեն դրսեւորում է որպես խուլիգաններ, եւ խոսքը ոչ միայն վարչապետի հայտնի «անկողնային» գրառման մասին է, այլեւ, օրինակ, Ազգային ժողովում նրա ու նրա զինակիցների վարքի մասին:
Կամ՝ հիշենք Տեր-Պետրոսյանի՝ Մայր Աթոռ այցելելու կապակցությամբ ՔՊ-ականների մեկնաբանությունները: Սեռական բնույթի հայհոյանքներ այս պարագայում, որքան գիտեմ, չկային, բայց բոլոր դեպքերում դա այն լեզուն չէ, որով պետական բարձրաստիճան գործիչները պետք է խոսեն երկրի առաջին նախագահի մասին: Այդ ամենը վտանգավոր միտում է, որովհետեւ խոսքը ոչ թե լրագրողների, հրապարակախոսների կամ նույնիսկ ոչ թե ընդդիմադիր գործիչների մասին է, այլ՝ պետության փաստացի ղեկավարի եւ այլ բարձրաստիճան ղեկավարների մասին:
Կարդացեք նաև
Ուզենք, թե չուզենք, նրանք ոչ միայն օրակարգ, այլեւ մտածելակերպ ու ճաշակ են թելադրում հասարակության զգալի մասին: Փաշինյանի կողմնակիցների՝ «ապրես, մեռնեմ դուխիդ, մեր հզո՜ր վարչապետ» արձագանքը շատ դեպքերում անկեղծ է: Լեզուն ոչ միայն մտածողության արտացոլումն է, այլեւ մտածելակերպ է ձեւավորում: Այդ թվում՝ հանրային:
…Ժամանակին մարդիկ թեթեւ հեգնանքով էին վերաբերվում առաջին նախագահի ռաֆինացված, ակադեմիական լեզվին: Բայց հիմա ես մտածում եմ, որ պետական մակարդակով այդպիսի լեզվով խոսելը կարեւոր է: Դա միայն առաջին հայացքից է երկրորդական հարց թվում. լեզուն շատ բաների ցուցիչ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ
Առաջին նախագահին դէմ Փաշինյանի եւ իր մանկլաւիկների վայրագ խօսքերը՝ կոշտ ու կոպիտ են, անկիրթ են, սակայն խորքային մակարդակի վրայ՝ հիմնաւորուած են:
Նաեւ անհասկնալի է թէ ինչու առաջին նախագահը, մէկէն ի մէկ, սկսաւ խստօրէն քննադատել իր ստեղծած քաղաքական հրէշը, կուզիկ Ֆրանքենսթայնը:
Հիմնական շատ մը նիւթերու կապակցութեամբ, Փաշինյանի ապազգային գաղափարաբանութիւնի շատ մօտիկ է՝ ԼՏՊ-ի դաւանանքին: Փաշինյանը յաջողեցաւ ԼՏՊի հանճարեղ միտքերը ի գործ դնել, ակադեմիական վարպետին չկարողացածը, իր գռեհիկ աշկերտը յաջողեցաւ կատարել: Հետեւաբար, հասկնալի է նաեւ որ Փաշինյանը այժմ ապերախտութիւն կը համարէ առաջին նախագահի կեցուածքը, իր դէմ:
Ի դէպ, Կաթողիկոս պաշտպանող ԼՏՊ-ն այն անձն է, որ եկեղեցիին մէջ կը մերժէր խաչակնքուիլ: Սովետի աստուածատեաց դպրոցի փայլուն վկայեալը, հիմա յանկարծ Եկեղեցիին պաշտպա՞նը դարձաւ:
Մ. Հայդուկ Շամլեան