Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) ներկայացուցիչ, ԵՀԽ գրասենյակի Բոսսեի Էկումենիկ համալսարանի էկումենիկ աստվածաբանական կրթության ծրագրային ղեկավար, պրոֆեսոր Անի Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորեւ.
Շվեյցարիայի Բեռն մայրաքաղաքում կայացավ Արցախի Հայ Առաքելական, մշակութային, հոգևոր ու ժողովրդական ժառանգությանը նվիրված միջազգային համաժողով, որ կազմակերպել էին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ու (ԵՀԽ) Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խնդրանքով։
ԵՀԽ-ն դրական արձագանքեց Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու, Արցախի ժառանգությունը պահպանելու և Արցախի ժողովրդի հայրենադարձության իրավունքի պաշտպանության վերաբերյալ Նորին Սրբության կոչին։ Այլ հավատքի և Եկեղեցու առաջնորդները հավաքվեցին ի միասին՝ Նորին Սրբության հետ հնարավոր լուծումներ քննարկելու և արտահայտելու իրենց աջակցությունն առ Եկեղեցին Հայաստանյայց։
Որպես ԵՀԽ ներկայացուցիչ և համաժողովի կազմակերպման առանցքային անդամ՝ հարկ եմ համարում նշել, որ մտահոգիչ են Հայ Առաքելական Եկեղեցու և իր առաջնորդի հանդեպ հայ կառավարության ծավալած անհիմն քննադատություններն ու մեղադրանքները։ Ի հակադրություն հօգուտ Նորին Սրբության նախաձեռնությանն արտահայտված միասնական աջակցությանը, Եկեղեցին միակողմանի հարվածների է ենթարկվում, ինչը մտահոգիչ է միջազգային կառույցների և եկեղեցական գործընկերների համար։
Կարդացեք նաև
Եթե մենք չենք կանգնում մեր Եկեղեցու կողքին, չենք աջակցում նրա առաքելությանը, այլևս անկարելի է ակնկալել, թե Արցախի՝ ի սպառ վտանգված ժառանգությունը պաշտպանելու խնդիրները կհուզեն ուրիշներին։
Անշուշտ դիտելի է, որ հոգևորականները ևս մարդիկ են՝ ինչպես մենք ամենքս։ Նրանք ծառայում են Մայր Եկեղեցուն ու հայրենի ժողովրդին։ Եվ բնական է, որ բազմամյա գործունեության ընթացքին՝ լռության ստվերում հայտնված անհամրելի առաքինությունների ու բարերարությունների կողքին երբեմն կարող են լինել քննադատության առիթներ։ Սակայն դրանք անցողիկ են, մինչդեռ երկհազարամյա Հայ Առաքելական Եկեղեցին ինչպես անցյալում, այնպես և այսօր ու ապագային եղել մնում է՝ որպես մեր ժողովրդի հոգևոր և պատմական հարատևության ամրակայող հիմնասյուն։ Մենք պարտավոր ենք պահպանել, պաշտպանել և փայփայել այն։
Այո՛, հնարավոր և անհրաժեշտ են բարեփոխումները Եկեղեցու ներսում, սակայն նուրբ և ճակատագրական այս պահին մեր պետականության կարևոր խարիսխ հանդիսացող Եկեղեցու դեմ հարձակումը կարող է խարխլել ոչ միայն Եկեղեցու հիմքերը, այլև գոյությունն իսկ վտանգել մեր երկրի։
Խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, բայց ոչ երբեք պատմական արդարության, մեր հազարամյա ժառանգության և արցախահայոց համամարդկային իրավունքների հաշվին։ Չի կարելի եղծել կամ անտեսել մերազնյա պատմությունը՝ ի սեր մի պայմանագրի, որն իբրև միտված է խաղաղության հաստատմանը, սակայն հյուսված է ժխտման, մոռացության և ուրացության հենքին։