«Հրապարակի» զրուցակիցը Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է:
– Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, եկեղեցու դեմ պատերազմելու կոչով հանդես եկավ` Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գարեգին Բ-ն պետք է ազատի Վեհարանը, քանի որ դրժել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ: Եվ կոչ է անում հավատավոր ժողովրդին` համախմբվել նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ: Փաշինյանի այս հայտարարությունը, որոշ փորձագետների կարծիքով, բախումներ, քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ է: Ինչո՞ւ է վարչապետը, քաղաքական հազարումի հարցերը թողած, որոշել ներխուժել եկեղեցական ներքին կյանք:
– Անկախ այն բանից, թե Փաշինյանի հայտարարություններն ինչ հետեւանք կունենան, կբերեն բախումների, թե չեն բերի, հարցի լուծումը տեսնում եմ Սահմանադրությունը խստորեն պահպանելու մեջ: Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ եկեղեցին ու պետությունն անջատ են իրարից, իսկ դա նշանակում է, որ ո՛չ եկեղեցին պետք է խառնվի պետության գործերին, ո՛չ էլ պետությունը՝ եկեղեցու գործերին: Մնացած լուծումները՝ լինեն դրանք էմոցիոնալ, թե ժողովրդի անունից, բարոյական, թե բարոյախրատական, տանելու են փակուղի: Շատ կոնկրետ երկու կողմն էլ պետք է պահպանի Սահմանադրության պահանջը, այն է, որ եկեղեցին անջատ է պետությունից: Վերջիվերջո, կաթողիկոսի հարցը պետք է քննարկեն հավատացյալները, մեր ժողովրդի մեջ կան կաթոլիկներ, կան նաեւ աթեիստներ եւ տարբեր կրոնական ուղղվածություններ, սակայն միայն նրանք, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, պետք է ընտրեն իրենց հոգեւոր հովվին:
– Նշեցիք, որ ինչպես իշխանությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին, այնպես էլ եկեղեցին` քաղաքական հարցերին, բայց կա տեսակետ, որ եկեղեցին չի խառնվում քաղաքական պրոցեսներին, մեկ-երկու հոգեւորականի քաղաքական ակտիվությունը եկեղեցու հավաքական կերպարը չէ, եւ չի կարելի նրանց գործողությունները վերագրել ողջ առաքելական եկեղեցուն: Եկեղեցում նույն հաջողությամբ կան նաեւ իշխանական հոգեւորականներ, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին իշխանական է: Նախորդ երկուշաբթի Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որը բավականին մեղմ էր, համախմբման կոչերով հագեցած:
Կարդացեք նաև
– Եթե հոգեւորականը մտնում է աշխարհիկ կյանք, նա պետք է դադարի լինել հոգեւորական, այստեղ ոչ մի վիրավորական ու վատ բան չկա, կան մարդիկ, ովքեր աշխարհիկ կյանքից են անցում կատարում հոգեւորական կյանք, կան մարդիկ, որ, հակառակը` հոգեւորականից դառնում են աշխարհիկ մարդ: Խնդիրն այն է, որ ամեն մարդ պետք է հասկանա, թե որն է իր ոլորտը: Եթե բարձրաստիճան հոգեւորականը դուրս է գալիս ընդհանուր եկեղեցական գծից, եւ եթե դրա հետ եկեղեցին համակարծիք չէ, ապա պետք է լինեն համապատասխան հայտարարություններ: Մերձբալթիկայում սրբազաններից մեկն ասաց, որ խաղաղություն է անհրաժեշտ, որ ճիշտը դեպի Եվրոպա գնալն է, Էջմիածինը միանգամից դատապարտեց այդ հայտարարությունը՝ նշելով, որ սրբազանը չի արտահայտում եկեղեցու ընդհանուր մոտեցումը: Այդ դեպքում ինչո՞ւ մյուս դեպքերում եկեղեցին հայտարարություններ չարեց: Ես ոչ մեկին չեմ ուզում մեղադրել կամ սրբացնել, քանի որ ես՝ ինքս, սուրբ չեմ եւ չունեմ նման իրավունք, ասեմ ավելին` այն, ինչ կապված է կաթողիկոսի հետ, ինձ համար նորություն չէ, եւ այդտեղ ոչ մի վատ բան չկա, Աստված մեզ ստեղծել է սիրո համար, այդ թվում` ֆիզիկական սիրո: Կուսակրոնությունն այլասերվածություն է: Մեզ Աստված ստեղծել է այսպիսին` տարատեսակ ցանկություններով, երբ ֆիզիկական ցանկությունների վրա ձեւական արգելք է դրվում, դա բերում է նրան, որ հոգեւորականները սկսում են իրենց մարդկային ցանկություններն արտահայտել թաքուն, իսկ ես այդտեղ որեւիցե վատ բան չեմ տեսնում, եկեղեցականների 99 տոկոսն ապրում է ակտիվ կյանքով, եւ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Դա ցույց է տալիս, որ մարդը շատ ավելի ուժեղ է, քան արհեստածին, դոգմատիկ երեւույթները:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: