Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա գտնվեց Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը։ Միջոցառմանը մասնակցում էին Օհայոյի նահանգային և Քլիվլենդի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը, օտարերկրյա պատվո հյուպատոսներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում դեսպան Լիլիթ Մակունցը, շնորհավորելով ՀՀ պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանին, հույս հայտնեց, որ պատվո հյուպատոսության բացումը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև հայ համայնքի և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կապերի ամրապնդմանը։
Ելույթներով հանդես եկան նաև Օհայոյում ՀՀ պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանը, Օհայոյի նահանգապետի ներկայացուցիչ և ռազմավարական ներդրումների բաժնի միջազգային հարցերով պատասխանատու Թոբիաս Էնգելը, ինչպես նաև Քլիվլենդի քաղաքապետի հատուկ օգնական Ջեյդեն Ռ. Բաքստերը։
Միջոցառումն ավարտվեց հայկական ազգային պարով և հայ դաշնակահարի կողմից Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն