«70 տոկոս հայրենադարձություն ունենք «Ի գործ» ծրագրի շրջանակում։ 2019-ին, երբ ծրագիրը սկսում էինք, թիրախ էինք դրել 25 տոկոսը։ Մեծ մասն իհարկե, մասնավոր սեկտոր են գնացել աշխատելու, աշխատավարձերը բարձր են այնտեղ»,- այս մասին այսօր խորհրդարանում շարունակվող 2024 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Մենք ասֆալտ չենք փռում, կարտոշկա չենք ցանում ու չենք կարող ցենտներներով կարտոշկա հավաքել, մեր աշխատանքը մարդու հետ է։ Մենք ներդրվել ենք սփյուռքի մեջ եւ այդ ներդրումը պետք է լինի երկարատեւ կտրվածքում»,- ասաց Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։ Վերջինս կոնկրետ արդյունքներ էր ցանկանում լսել սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կատարած մասով, քանի որ ծրագրային բյուջետավորում ունենք եւ կոնկրետ ծրագրերի մասով արդյունքներից պետք է խոսել։
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց՝ սփյուռքի հետ այլ մոտեցում է պետք, որովհետեւ․ «Այն խավը, որ պիտի գար, արդեն եկել է, այն խավը, որը մնացել է, գալու հնարավորություն չունի, պետք է գնալ եւ նրանց ասել՝ եղբայր, արի գնանք տուն»։ ՔՊ-ական պատգամավորի կարծիքով, բիզնես պետք է անել Սփյուռքի հետ եւ պարտադիր էլ չի, որ մարդիկ գան Հայաստան․ «Պետական ծրագիրը հետաքրքիր չի, մարդուն օգնենք իր բիզնեսը տեղափոխի, գա էստեղ բիզնես անի, պարտադիր էլ չի, որ գա այստեղ ապրելու, այդ կերպ պետք է ինտեգրենք»։
Զարեհ Սինանյանը այդքան էլ համաձայն չէ․ ասում է՝ շատ մարդիկ գալիս են Հայաստան՝ սիրահարված Հայաստանին, բայց չեն մնում, քանի որ կրթության որակը բավարար չի, անվտանգային մարտահրավերներ կան։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ