ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ համակարգող խումբ ստեղծելու մասին, որն ըստ իրեն՝ պետք է զբաղվի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու» հարցով։
Նարեկ Գրիգորյանն ասաց, որ միանշանակ աջակցում է Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությանը։ Հարցին, թե պատկերացնո՞ւմ է՝ ի՞նչ մեթոդով են կաթողիկոսին հանելու վեհարանից, ՔՊ-ականը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ չեմ պատկերացնում, բայց ընթացքը ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, որ ՀՀ-ում Առաքելական եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է եւ էն ուխտին, ինչն ինքն իր առջեւ դրել է, եւ էն Աստվածաշնչին, ինչը պետք է առաջ տանի։ Ինքը պետք է լինի հավատացյալ, եւ այսօր վարչապետի գրառման մեջ էլ կար նաեւ, որ մարդը պետք է լինի գոնե մեծ պահք պահող, գոնե ուխտերը չխախտող»։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն այդքան մաքու՞ր է, որ պետք է ձեւավորի հանձնաժողով ու որոշի վեհափառի պաշտոնանկության հարցը, Նարեկ Գրիգորյանը պատասխանեց․ «Ինքն էլ կարող է լինել հանձնաժողովի կազմում՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ։ Բոլոր հավատացյալները, Եկեղեցու բոլոր հետեւորդները, այո, իրավունք ունեն իրենց խոսքն ու կարծիքն ասելու»։
Հարցին, թե հնարավո՞ր է վեհափառին ուժով դուրս հանեն վեհարանից, ՔՊ-ականը պատասխանեց․ «Իհարկե, ոչ, վեհարանում աղոթում են, վեհարանում ուժ չեն կիրառում։ Եվ, այո, ես հորդորում եմ հավատացյալ ժողովրդին, ովքեր մասնակցելու են այդ պրոցեսին, եկեղեցու ներսում որեւէ այլ գործողություն չանեն՝ բացի աղոթելուց»։
Կարդացեք նաև
Հարցին, թե այսինքն՝ աղոթելո՞վ են կաթողիկոսին հանելու այնտեղից, նա պատասխանեց․ «Աղոթելով չենք հանելու, այնտեղ մենակ աղոթք են անում։ Ես չգիտեմ՝ կաթողիկոսն այնտեղ ինչով է զբաղվում, բայց ընդհանրապես հավատացյալ ժողովուրդն այնտեղ աղոթում է»։
Նարեկ Գրիգորյանը նաեւ ասաց, որ ի պաշտոնե չի կարող մասնակցել կաթողիկոսի ընտրության գործողություններին։
Հարցին, թե ինքը գիտի՞՝ կաթողիկոսը զավակ ունի, թե՞ ոչ, նա պատասխանեց․ «Ես մի բան գիտեմ՝ այդ հայտարարությունից հետո ժխտում չեղավ։ Բայց եթե չկար նման բան, կարային դիմել դատարան։ Եթե դրանից հետո տեսնեինք, որ ինչ-որ բան մենք սխալ ենք ասում, ես անձնապես պատրաստ կլինեի ներողություն խնդրելու։ Բայց ես արդեն համոզվում եմ, որ կա նման բան, իմ համար դա շատ անընդունելի է եւ խայտառակություն։ Վարչապետն ասաց, որ կան փաստեր, եւ եթե հանկարծ կհերքեք, ես կհրապարակեմ։ Բայց իրենք չեն հերքում»։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ինչ հայտարարություն անի, ինքը ողջունելո՞ւ է, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Ձեր հարցադրումը ճիշտ չէ։ Եթե ցանկացած կուսակցության, ցանկացած խմբակցության ղեկավար, թիմի ղեկավար ինչ-որ հայտարարություն է արնում, ինչ-որ պահի քննարկվել է դա։ Եվ այս պահին վարչապետի այս ասածները ողջունում եմ»։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ վարչապետի բառապաշարն իր համար ընդունելի՞ է։ Նարեկ Գրիգորյանն ի պատասխան ասաց․ «Վարչապետի բառապաշարը շատ-շատ մեղմ է»։ Լրագրողներից մեկը նկատեց․ «դոմփել» բառը մե՞ղմ է, նա պատասխանեց․ «Կներեք, այդ բառը շատ եք կրկնում, բայց ասեմ՝ այո, շատ մեղմ է։ Մարդիկ այսքան տարի ստելով, խաբելով ՀՀ հավատացյալ ժողովրդին, հույզերի հետ խաղալով․․․ Այդ բառը ավելի մեղմ է, չեմ ուզում այլ բառ էլ ասել, որը հետագայում կդառնա քննարկման առարկա, բայց այդ ասածը շատ մեղմ է։ Էդ բառը էդ ինչ մի տրագեդիա բառ է, ժողովուրդ ջան, քահանաները, հոգեւորականները ինչ բառ ասես, օգտագործում են։ Բայց ես չեմ տեսել, որ լրագրողական հանրությունը գնա ասի։ Երկրի ղեկավարն ասել է շատ մեղմ։ Եթե տեղն ու ժամանակը լիներ, ես էլ կօգտագործեի, ես քաշվելու ու ամաչելու բան չունեմ, եթե բառն ասում ես, պատասխանատու ես, պիտի հաստատ մտածես, նոր ասես»։
Նորմալ ու բարոյակա՞ն է մարդկանց անձնական կյանք մտնելը, հարցին էլ ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Չէ, նորմալ չէ, նորմալ է, որ մեկն իր քեռու կնոջ հետ եսիմ ինչ անի, մեկը կուսակրոնությունը խախտի, հավատավոր ժողովուրդն իրավունք չունի, Սահմանադրությունն ասում է՝ ՀՀ քաղաքացին պետք է չխառնվի, ինչ ուզում են, թող անեն»։
Նարեկ Գրիգորյանը նաեւ ասաց, որ իր աչքերով Փաշինյանը հավատացյալ, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ «պարկեշտ, բարեպաշտ մարդ է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ