Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում խաղատունը թերհայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամի իրացման շրջանառություն

Հունիս 10,2025 12:30

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք։

Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում է խաղադրույքներ և այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու հարկային մարմնում չի հայտարարագրում։

Տեղեկությունները ճշտելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խաղատունը թերհայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Բացի այդ, արձանագրվել են նաև այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերահսկողությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից:

Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով:

Վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում խաղատանն իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խաղատնային բիզնեսում հարկային ռիսկերի և կանխիկ գործարքների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։

Հիշեցնենք, որ տնտեսական գործունեության թափանցիկությունը և հարկային պարտավորությունների ամբողջական կատարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև պետության ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նախապայման։

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՊԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30