«Աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի մտնել հոգեւոր աշխարհ։ Ես գտնում եմ, որ այն, ինչ այսօր արվում է հայոց եկեղեցու հանդեպ, դա շատ մեծ սխալ է։ Այստեղ տարբերակենք հայոց եկեղեցին եւ եկեղեցականի հարցը։ Վարչապետ ես, ինչ ես, չգիտեմ՝ էլ ո՞նց բացատրեմ՝ վարչապետն իրավունք չունի մտնելու հոգեւոր դաշտ։ Դա հոգեւոր դաշտի տիրույթն է, եթե դժգոհություն կա, դա որոշելու են եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, հոգեւորականությունը եւ ժողովուրդը»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ համակարգող խումբ ստեղծելու մասին, որն ըստ իրեն՝ պետք է զբաղվի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու» հարցով։
Հակոբ Ասլանյանն ասաց, որ իրականում այս գործընթացի հիմքում շատ ավելի խորը բան կա, դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հակապետական գործ անել։ «Եվ փորձում է Եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի Եկեղեցին չդառնա խոչընդոտ իր այդ գործողությունների»,- նշեց նա։
Ասլանյանն ասաց, այսօր Նիկոլ Փաշինյանի գործողություններին հակազդելու միակ ռեալ ուժը Եկեղեցին է։ Հարցին, թե ի՞նչ հակապետական գործողություններ է ուզում անել Փաշինյանը, Հակոբ Ասլանյանը պատասխանեց․ «Օրինակ՝ նայեք Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունները, որ արդեն ստեղծվել է այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» թեմ։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի՝ ամեն գնով խաղաղության այս պայմանագիրը կնքել, որպեսզի վերընտրվի։ Սա ամբողջությամբ տանում է միայն վերընտրման ու նորից իշխանության ուզուրպացման գործընթացին»։
Հակոբ Ասլանյանը հավելեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի, որովհետեւ Փաշինյանն իրեն սպառել է եւ պետք է հեռանա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ