Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան պետք է հնարավոր բոլոր միջոցներով կանգնի Հայաստանի կողքին՝ կանխելու ադրբեջանական նոր հնարավոր ագրեսիան. ԵԽ պատգամավոր. «Արմենպրես»

Հունիս 10,2025 13:49

«Արմենպրես». Եվրոպական խորհրդարանում Ֆրանսիան ներկայացնող պատգամավոր Ֆրանսուա Քսավիյե Բելյամին կարծում է, որ Եվրոպան պարտավոր է բոլոր հնարավոր միջոցներով կանգնել Հայաստանի կողքին՝ կանխելու ադրբեջանական նոր հնարավոր ագրեսիան։

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը նման կարծիք է հայտնել Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս բանակցությունները՝ հաշվի առնելով Բաքվի կողմից առաջադրվող մշտական, երբեմն էլ փոփոխվող պահանջները։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ռիսկեր և հնարավորություններ կան այս փուլում։ Եվ ի՞նչ կարող է անել Եվրամիությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղությանը նպաստելու համար։ 

-Սկսեմ ձեր վերջին հարցից, եթե թույլ կտաք։ Չեմ կարող ինքնաբերաբար ասել, որ ես ամենալավ մասնագետն եմ այս բանակցությունների հարցում, քանի որ մենք չենք կարող դրանց ներսից հետևել։ Բայց կարող եմ ասել, թե ինչ պետք է անի Եվրոպան այսօր և ինչի ենք մենք սպասում նրանից։ Իմ կարծիքով՝ մենք իրադարձությունների անվտանգությունը երաշխավորելու պարտավորություն ունենք, և այդ անվտանգությունը սպառնալիքի տակ է միայն մեկ դերակատարի պատճառով, պետք է դա պարզ ճանաչել։ Այդ դերակատարը Ալիևն է, որը որոշեց Արցախի կարգավիճակի հետ կապված դիվանագիտական գործընթացը խզել։ 2020 թվականին, սկսելով ռազմական ագրեսիա, նա շրջափակեց Արցախը՝ հումանիտար առումով խոշտանգումների ենթարկելով տեղաբնակներին։ Այնուհետև իրականացվեց էթնիկ զտումների քաղաքականություն՝ աշխարհի աչքի առջև, և, ցավոք, ԵՄ-ն ևս շատ լուռ մնաց։ Ցավոք, այսօր կրկին Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, ինչը մենք տեսել ենք վերջին օրերին՝ Բելգիայի խորհրդարանում լսելով այդ երկրի դեսպանին։ Ադրբեջանն այդ սարսափելի հռետորաբանությունն է օգտագործում և «Արևմտյան Ադրբեջան» մտայնությունով փորձում է հայաստանյան տարածքների հանդեպ ոտնձգություններն արդարացնել։ Պետք է կտրել այս շրջադարձը։ Իրականում կա մի սպառնալիք, դա Ադրբեջանն է, իսկ զոհը՝ Հայաստանը։ Եվ Եվրոպան պարտավոր է կանգնել Հայաստանի կողքին՝ բոլոր հնարավոր միջոցներով՝ կանխելու ադրբեջանական ագրեսիան։

-Ինչպե՞ս եք գնահատում Կայա Կալլասի վերջին այցը Բաքու այն իրավիճակում, երբ Ադրբեջանին մեղադրում են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Այսպիսի այցը համապատասխանում է այն արժեքներին, որոնք ԵՄ-ն հայտարարում է, թե պաշտպանում է։ 

-Այդ այցի մեջ կա երկու բան, որ ինձ խորապես ցնցում է, և մի քանի օր առաջ հնարավորություն ունեցա դրա մասին անձամբ խոսել Կայա Կալլասի հետ։ Դիվանագիտության նշանակությունն է խոսել այն մարդկանց հետ, որոնց հետ մենք լուրջ տարաձայնություններ ունենք։ Եվ, երբ ես ասում եմ, որ Եվրոպան պետք է ստանձնի այդ զսպող դերը, դա նշանակում է խոսել Ադրբեջանի հետ՝ նրան անկեղծորեն ասելու համար, թե ինչ դիրքորոշում ունի ԵՄ-ն։ Բայց այս այցի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ տիկին Կալլասը միայն Բաքու գնաց, մինչդեռ ես կարծում էի, որ նա նաև Երևան պիտի գնա, սակայն այդ այցը հետաձգվել էր։

Կարծում եմ՝ բացարձակապես վճռորոշ է, որ տիկին Կալլասը հնարավորինս շուտ հնարավորություն ունենա հանդիպելու Հայաստանի կառավարության հետ, և հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունն էլ պատրաստակամ կլինի հանդիպել։ Կարծում եմ՝ հիմնարար նշանակություն ունի, որ մենք ցույց տանք, թե որ կողմում ենք գտնվում։ Եվրոպական խորհրդարանում մենք հյուրընկալել ենք Նիկոլ Փաշինյանին, որը եկել և խոսել է Եվրախորհրդարանի պատգամավորների առջև. դա մեզանից երկարատև ջանքեր է պահանջել։ Մենք մեր մասով ընտրել ենք, թե ում ենք հյուրընկալում, և դա, իհարկե, ուժեղ խորհրդանշական նշանակություն ուներ։ Մենք ցույց ենք տալիս, թե որ կողմում ենք այսօր. մենք գտնվում ենք այն ժողովրդի կողմում, որը պաշտպանում է իր հիմնարար իրավունքները, և ոչ թե այն բռնապետի կողմում, որը որոշել է խախտել նույնիսկ իր սեփական ժողովրդի իրավունքները։

Երկրորդ բանը, որ ինձ խորապես ապշեցրեց, այն ուղերձներն էին, որոնք տարածվեցին այս այցի ընթացքում։ Երբ կրկին փորձ է արվում Ադրբեջանին ներկայացնել որպես Եվրոպայի գործընկեր՝ նույնիսկ էներգետիկ համագործակցության հարցում, պարզ երևում է լրջագույն հակասություն։ Եվ ես հենց այս ձևակերպմամբ էլ ասացի բարձր ներկայացուցիչին՝ սա խիստ անհամապատասխանություն է։ Մենք բացատրում ենք, որ Ռուսաստանը մի բռնապետություն է, որն իր երկրում խախտում է հիմնարար իրավունքները և անարդարացիորեն հարձակվում իր հարևանների վրա, ու հենց այդ պատճառով էլ մենք որոշել ենք կիրառել պատժամիջոցներ նրա դեմ և դադարեցնել էներգակիրների ներմուծումը Մոսկվայից։ Բայց ինչպե՞ս կարող ենք բացատրել այն, որ նույնը չի կիրառվում Ադրբեջանի հանդեպ, որը նույնիսկ սեփական ժողովրդի դեմ խախտում է հիմնարար իրավունքները խիստ անպատշաճ կերպով, խախտում է այդ իրավունքները մեր երկրներում ևս, որովհետև ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը սպառնում է իր քաղաքական ընդդիմախոսներին և երբեմն, ցավոք, նույնիսկ նրանց սպանություններ է կազմակերպում Եվրոպայում։ Սա սպառնալիք է, որը ուղղակիորեն առնչվում է մեր պետությունների ինքնիշխանությանը։ Բացի այդ, Ադրբեջանը, ըստ իս, վերջին շրջանում առաջինն էր, որ պատերազմ սկսեց հարևան բնակչության դեմ՝ այդ եղանակով սահմաններ փոխելու և իր շահերը առաջ մղելու նպատակով։ Հետևաբար, որևէ պատճառ չկա նրա համար, որպեսզի նույն չափանիշը, որը կիրառվում է Մոսկվայի դեմ, չկիրառվի նաև Բաքվի դեմ։ Եվ ինձ թվում է, որ այս երկակի ստանդարտն այսօր վտանգի տակ է դնում ամբողջ եվրոպական դիվանագիտության նկատմամբ վստահությունը ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։

-Տիկին Կալլասը Ձեզ ինչ‑որ բացատրություն տվե՞ց։ 

-Դե, դա անձնական զրույց էր, չեմ կարող հրապարակել, բայց նրան հստակ փոխանցեցի մեր դիրքորոշումը։ Ինձ թվում է, որ այսօր մենք նորից անհրաժեշտություն ունենք Ադրբեջանի հետ վերականգնելու բանակցային մի դիրքորոշում, որը կլինի շատ ավելի պահանջկոտ, շատ ավելի վճռական։ Եվ ես մտածում եմ մեկ այլ մարդասիրական հրատապ հարցի մասին, որը ինձ խորապես հուզում է, և որում Եվրոպական խորհրդարանը արդեն ցուցաբերել է իր ներգրավվածությունը։ Մենք կարողացանք ընդունել այս թեմայի վերաբերյալ կարևորագույն բանաձև, և ես հույս ունեմ, որ այն հաշվի կառնվի Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Այդ մարդասիրական հրատապ խնդիրը արցախցի ռազմագերիների հարցն է, որոնք այսօր ենթարկվում են դատական մի կեղծ գործընթացի, որը իրականում միայն պարոն Ալիևի վրեժխնդրության արտահայտությունն է։ Վրեժ, որն ուղղված է այն ղեկավարների դեմ, որոնց միակ մեղքն այն էր, որ խաղաղ ճանապարհով փորձել են պաշտպանել իրենց սեփական ժողովրդի անվտանգությունը։

-Դուք ակտիվորեն զբաղվում եք արցախահայերի և Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ։ Ինչպիսի՞ փուլում են այս հարցերը ներկայում Եվրամիության պաշտոնական և ինստիտուցիոնալ մակարդակներում։ Ի՞նչ կոնկրետ քայլեր կարող ենք ակնկալել ԵՄ-ից այս համատեքստում։ 

-Այս հարցը պետք է լուծվի ամենաբարձր մակարդակով։ Ես գիտեմ, որ այն ընդգրկված է Ադրբեջանի հետ բանակցություններում ներգրավված անձանց մտահոգությունների և առաջնահերթությունների թվում։ Չեմ կարող ավելին ասել, բայց վստահ եղեք, որ մենք՝ Եվրոպական խորհրդարանում, անպայման շարունակելու ենք մեր աշխատանքը։ Վստահեք նաև ինձ՝ այս իրավիճակի հրատապությունն անընդհատ հիշեցնելու հարցում։ Ես մտածում եմ բոլոր այն ղեկավարների մասին, որոնք այսօր գտնվում են Բաքվում, որոնց հանդեպ մենք կարող ենք ենթադրել, որ կիրառում են վատ վերաբերմունք, և որոնց կյանքի պաշտպանությունը գտնվում է ծայրահեղ անապահով վիճակում։ Այժմ դա իսկապես հրատապ է։ Ես հանդիպել եմ նրանցից մի քանիսի ընտանիքներին։ Օրինակ՝ ես մտածում եմ Ռուբեն Վարդանյանի մասին։ Նրանց ազատությանը հասնելն այժմ բացարձակ հրատապություն է։

Եվ մեկ այլ թեմա, որն էլի պետք է քննարկվի մեր խորհրդարանի կողմից, և կարծում եմ, որ դա ևս պետք է դիտարկվի հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում, արցախցի բոլոր փախստական ընտանիքների իրավիճակն է։ Ես հաճախ եմ մտածում նրանց մասին։ Ձմռան ողջ ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել այդ ընտանիքների ծանր նյութական վիճակին և դժվարությանը՝ Հայաստանում կամ այլ երկրներում հաստատվելու առումով։ Այսօր, շատ պարզ ասած, մենք պարտավոր ենք պահպանել այն աշխատանքը, որը թույլ կտա նրանց հույս ունենալ, որ մի օր վերադառնալու են իրենց գյուղեր, քաղաքներ, իրենց հողեր։ Նույնիսկ, եթե դա թվում է հեռու, նույնիսկ եթե դժվար է, մենք պետք է այդ աշխատանքը պահպանենք, որովհետև խոսքն այդ մարդկանց հողերի, նրանց  տների մասին է, որոնք զավթվել են։

Եվրոպական խորհրդարանի հետ միասին ես պայքարել եմ դրա համար, մենք պահանջել ենք ստեղծել մի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի հենց այսօր պատրաստվել վերադարձին, նույնիսկ եթե այն տեղի ունենա ոչ անմիջապես։ Այդ հարցը պետք է մնա մեր հավաքական տեսլականի առանցքում։ Ես խորապես տպավորված էի Երևանում՝ հանդիպելով արցախցի փախստական ընտանիքներին, հատկապես այն երեխաներին, որոնք, 2020 թվականին փախստական դառնալով, շարունակում են սովորել իրենց լեզուն, երգն ու երաժշտությունը, որոնք այդքան բնութագրական են Լեռնային Ղարաբաղի յուրահատուկ մշակույթի համար։ Այդ երեխաները ինձ սովորեցրին մի բառ, որը նրանք իրար մեջ էին կրկնում՝ «մենք կվերադառնանք Շուշի»։ Եվ կարծում եմ, որ այդ խոսքը պետք է մնա արդիական։ Այդ երեխաները պետք է ապրեն այն հույսով, որ մի օր կվերադառնան իրենց հողեր, իրենց նախնիների հողեր։ Եվ կարծում եմ՝ դա մեր պարտականությունն է։ Մենք պարտավոր ենք ստեղծել այն պայմանները, որոնք թույլ կտան շարունակել աշխատել այդ նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30