Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական հարց» հաղորդումը Հանրային ռադիոյում փակվել է. աչքի էր ընկնում «անհարկի պաթոսով»․ Արմեն Քոլոյան

Հունիս 10,2025 15:08

«Մի շարք հաղորդումներ, որոնք բավական մեծ տեւողություն են ունեցել եւ հիմնականում եղել են պատմական թիրախներով․․․ Մեկը կոչվել է՝ «Հայկական հարց», որը մենք խնդրել ենք ֆորմատը փոխել, բայց, ըստ էության, մնացել է նույնը։ Հաղորդումներ, որոնք հիմնականում աչքի են ընկել՝ իմ համոզմամբ, անհարկի պաթոսով եւ կենտրոնացած են եղել մեր ժողովրդի ողբերգական անցյալի էջերի վրա։ Թեպետ այդ էջերը եղել են եւ մենք միշտ կլուսաբանենք այդ թեմաները, բայց անցյալում եղել են ոչ միայն այդ էջերը եւ մենք խնդրել էինք, որ հաղորդումները վերանայվեն՝ ֆորմատի իմաստով, բայց հեղինակները չեն կարողացել դա անել եւ այդ կարգի հաղորդումներն աստիճանաբար դուրս են եկել»,- այսօր խորհրդարանում, 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը՝ խոսելով իր նշանակումից ի վեր Հանրային ռադիոյում փակված հաղորդումների մասին։

Վասակ Դարբինյան

Թեման բացել էր Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը՝ ասելով, որ Հանրային ռադիոյում փակվել են որոշ հաղորդումներ, «որոնք աչքի էին ընկնում իրենց ոչ այնքան ակտուալ բովանդակությամբ, ոչ այնքան հրատապ․․․»։

Վասակ Դարբինյանը համաձայնեց Արմեն Քոլոյանի հետ՝ «այդ հաղորդումների մատուցման ոճը, այդ թեմաների լուսաբանման․․․»։ Վասակ Դարբինյանը կարծում է, որ այն կերպ, ինչպես լուսաբանվել են այդ թեմաները՝ էմոցիոնալ դաշտում, տանում են դեպի «բացասական բաների»։ Վստահ է, որ Արմեն Քոլոյանը կգտնի ձեւը՝ այդ թեմաները նորովի եւ ժամանակակից տարբերակներով լուսաբանելու։

Նիստը վարող ՔՊ խմբակցության պատգամավոր պատգամավոր Թագուհի Ղազարյանը տեղյակ է, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտում՝ «առանց էմոցիոնալ դոզավորման», վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել եւ խորհուրդ տվեց Արմեն Քոլոյանին՝ փորձի փոխանակում իրականացնել եւ սովորել, թե ինչպես կարելի է լուսաբանել այդ թեմաները՝ առանց պաթոսի։

Ի դեպ, այս նիստին ներկա էին երկու պատգամավոր՝ նիստը վարող Թագուհի Ղազարյանը եւ ՔՊ-ական Նարեկ Բաբայանը։

Հովհաննես Մովսիսյան

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը սրտնեղեց եւ նման մոտեցումն իրենց նկատմամբ անարգանք որակեց․ «Ընդամենը 2 պատգամավոր է ներկա։ Ցավում եմ, որ ֆիննախի մեր գործընկերները եւս ներկա չեն այստեղ․ չգիտեմ՝ կանոնակարգով ինչպես է նախատեսված։ Բայց, ըստ էության, մենք հիմա այստեղ ավելի շատ ենք, քան ԱԺ ներկայացուցիչները։ Հատկապես ցավալի է, որ մենք անընդհատ լսում ենք ԱԺ նիստերի ընթացքում տարբեր մեղադրանքներ, հերյուրանքներ, ստեր՝ Հանրայինի մասին, բայց երբ մենք գալիս ենք ԱԺ, ոչ մեկը մեզ հարց չունի տալու։ Ես չգիտեմ՝ սա ի՞նչ է նշանակում, բայց ինձ համար առնվազն տարօրինակ է»։

Արմեն Քոլոյանը եւ Հովհաննես Մովսիսյանը դժգոհեցին իրենց ղեկավարած կառույցների տեխնիկական հագեցվածությունից․ Հանրային ռադիոն տեխնիկապես վերազինվել է 22 տարի առաջ, «կոճակը կարող ես սեղմել՝ դուրս չգա, թռնի»։

«Քաղաքական կոռեկտությունը» խախտելով եւ մի քանի անգամ ներողություն խնդրելով՝ Արմեն Քոլոյանը խոսեց նաեւ Հանրային ռադիոյում ցածր աշխատավարձերի մասին․ «Եթե միջին աշխատավարձը Հայաստանում 304 հազար դրամ է, ապա ռադիոյում մոտ 190 հազար դրամ է եւ դա ինձ շատ մեծ ցավ է պատճառում, ես համոզված եմ, որ այս մոտեցումը պետք է վերանայվի»։

Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ 2015 թվականից Հանրային հեռուստաընկերությունում աշխատավարձերը չեն փոխվել, իսկ իրենց տեղեկանքները՝ ուղղված ֆիննախին, թե աշխատավարձերի բարձրացման, թե տեխնիկական հագեցվածության համար գումարներ հատկացնելու մասին, վերջին հինգ տարիներին, պարզապես անտեսվում են։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30