Տարին հոբելյանական է Ավետիք Իսահակյանի համար. ծննդյան 150-ամյակն է: Նրա ստեղծագործություններն ազգային խոր ակունքներ ունեն, այդ պատճառով էլ դրանցից շատերը ժողովրդական են համարվում: Եվ ինչու միայն ազգային, բանաստեղծի ստեղծագործություններն ունեն ազգային արժեք: Անվիճելի գլուխգործոց է նրա «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Իսկ ստեղծագործությունների կիզակետում հայրենիքի, կնոջ, մայրական սիրո թեմաներն են, կյանքի իմաստի ու հավերժության խորհրդի փնտրտուքները:
Մեկ-երկու տասնամյակ է, կարծես, մեզ մոտ ավանդույթ է ձևավորվել մեծանուն արվեստագետների մասին խոսելիս ներկայացնել նրանց հետ կապված անտիպ դիպվածներ, դրվագներ, պատմություններ ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական կյանքից, այդ թվում` ժամանակին արգելված նյութեր: Նման դեպքերում մեր անփոփոխ օգնականն է մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը: Ինչպես միշտ, այս անգամ էլ պարոն Առաքելյանը սիրահոժար համաձայնեց:
Զրույցի սկզբում մշակութաբանն ասաց. «Իսահակյանը, ապրելով երկար, փոթորկալից ու բեղմնավոր կյանքով, եղավ Թումանյանի, Աղայանի, Դեմիրճյանի, Չարենցի ընկերը, հետո նաև` հաջորդ սերնդի բանաստեղծների` Շիրազի, Դավթյանի և մյուսների ընկերն ու խորհրդատուն: Նա երիտասարդ տարիքից նետվեց ազգային-ազատագրական պայքարի ոլորտ, դարձավ «Նեմեսիս» գործողության անդամ, պայքարեց թե գործով, թե… Իսահակյան… նման տաղանդ չկա ողջ Եվրոպայում: Ես այդ տարիներին փոքր էի, ավելի ճիշտ պատանի, բայց կարող եմ հպարտանալ, բառի իսկական իմաստով ընկերություն եմ արել հանճարի հետ: Իսկ նրա կյանքի վերջին տարիներին էլ նստած անկողնու կողքը, նա թելադրում էր, ես գրի առնում»: Հետաքրքրությանն ի պատասխան, թե ինչ էր թելադրում վարպետը, մեր զրուցակիցն ասաց. «Սա արդեն այլ պատմություն է, ինչը հարմար չեմ գտնում, նույնիսկ տասնամյակներ անց բարձրաձայնելու: Փոխարենը հետևյալ իրողությունը պատմեմ», ինչը ներկայացնում ենք առանց միջամտության:
Կարդացեք նաև
«1942-ի մարտի 15-ին, երբ իրականացվեց Երևանում օպերետային պետական թատրոն ստեղծելու մասին Հայաստանի հանրապետության կառավարության որոշումը, մշակութային այդ օջախի հիմնադիրներից, ժողովրդական արտիստներ Շարա Տալյանի և կոմպոզիտոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արտեմի Այվազյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Թատրոնի բարեկամների ակումբ», որում ընդգրկվեցին հայ արվեստի և գրականության, ինչպես նաև գիտության խոշոր գործիչներ, այդ թվում էին Վիկտոր Համբարձումյանը, Մարտիրոս Սարյանը, Գոհար Գասպարյանը, Դերենիկ Դեմիրճյանը և անքննելի հանճար Ավետիք Իսահակյանը: Իսկ, երբ 1942-ի հունիսի 23-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետի բեմադրությամբ բացվեց երկար տարիներ սպասված թատրոնը, նրա ծնունդն առաջինը ողջունեց ինքը`Իսահակյանը:
«Ուրախ ժանրի այս թատրոնը ծնվեց Հայրենական Մեծ պատերազմի ահեղ օրերին, որպեսզի «ծիծաղի զենքով էլ պայքարենք անարգ թշնամու դեմ»: Իսահակյանի այս խոսքը շոյել ու ոգևորել էր բոլորին: Արտիստները միմյանց շնորհավորում էին, ողջագուրվում: Թեպետ ներկայացման հաջորդ օրը թատրոնի ծնունդն ավետող ու առաջին աննախադեպ հաջողությունն ազդարարող գրախոսականներով հեղեղված էին թերթերը, սակայն բոլորի շուրթերին Իսահակյանի անունն էր հոլովվում:
Իսկ սկզբնավորման ծանր օրերին այդ խոսքը թատրոնի հետագա գործունեության համար դարձավ ուղենիշ, դարձավ փարոս, ինչը լույս ու հույս էր սփռում, ներշնչում հավատ…
Հավատացնում եմ, որ Ավետիք Իսահակյանը թերևս միակն էր, որ թատրոն էր գալիս, երբեմն առանց հրավերի և ինչպես ինքն էր ասում` կարոտում էր իր բարեկամներին: Իսկ նրանք քիչ չէին` Արմենակ Տեր-Աբրահամյան, Վարդան Աճեմյան, Շարա Տալյան, Արամ Տեր-Հովհաննիսյան, Թադևոս Սարյան, Արտեմի Այվազյան, Միքայել Արուտչյան, Խաչատուր Եսայան…
Ասեմ, որ վարպետը սիրում էր ճեմել Աբովյան փողոցով` գրեթե մշտապես Դերենիկ Դեմիրճյանի հետ:
Իսկ երբ մոտենում էր թատրոնին, մեղմ ժպիտով շշնջում էր` Դերենիկ գնանք ակումբ: Կար նաև մեկ այլ պատճառ. թատրոնի բուտաֆորիստ, նախկինում դերասան Միքայել (Միշա) Սափարյանը, որը Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Զարիֆյանի, Հովհաննես Աբելյանի թատերախմբերի հետ մասնակցել էր բազմաթիվ շրջագայությունների` իր գործի վարպետը լինելուց բացի, գիտեր լեզուներ, հատկապես հիանալի տիրապետում էր ֆրանսերենին: Հաճախ, առանց որևէ հետաքրքրական հարցի, նա ինձ ասում էր, թե Միքայելի մոտ է գնում, ֆրանսերեն լսելու, ֆրանսերեն խոսելու և ֆրանսերենով հաղորդակցվելու համար»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ