Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի դեմ լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա՞․ էս յոթ տարիներին նայեք»․ Սերժ Սարգսյան

Հունիս 10,2025 17:17

«Մենք այդ հարցում կհետևենք Վեհափառի հորդորներին, նրա դիրքորոշմանը։ Ես կարծում եմ, որ որպես առիթ՝ երևի Շվեյցարիայում Վեհափառ հայրապետի ելույթն էր, բայց ամբողջովին տեղավորվում է իր (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին,-Տ․Հ․) հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ՝ այսինքն՝ հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության, հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելով․ սա նույն շղթայի տարբեր օղակներն են։ Այստեղ զարմանալու բան չկա»,- հարցին՝ եկեղեցու դեմ այս հարձակումներն ի՞նչ հետևանքների կբերեն և արդյոք նաև Ձեր ղեկավարած ուժն առաջ կմղվի՞ պաշտպանելու Վեհափառին՝ ըստ անհրաժեշտության, իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց առաջադրել Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, նրան թիրախավորում են, քրեական համատեքստ են հաղորդում, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Դավիթը արժանի է։ Դավիթ Համբարձումյանն ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ քայլեր անել։ Ում էլ առաջադրեինք, ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու»։

Լրագրողների դիտարկմանը՝ ասում եք, որ իշխանության չեք հավակնում, բայց փաստորեն հավակնո՞ւմ եք, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց․ «Ձեր հարցը Ձեր տրամաբանությամբ շատ նուրբ պատրաստված է։ Այո, մենք իշխանության չենք հավակնում։ Այս պայքարը ոչ թե իշխանության, այլ իշխանափոխության համար է։ Մի՞թե պարզ չէ․․․Ումով ուզում է, միայն իշխանափոխություն լինի»։ Հարցին՝ այդ դեպքում չենք կարծում, որ կարող ենք մրից ելնել, մրջուրն ընկնել, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց․ «Ոչ, սա մուր չի, սա ճահիճ է, ճահիճ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց․ «Այս իշխանության պարագայում ամենաանհավանական վտանգները տեսնում եմ»։

Հարցին՝ «Հայաստան» դաշինքի հայտարարությանն ինչպե՞ս կարձագանքեք, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Դուք իրենց հարցրեք, բայց որ դուք էլ տեղյակ լինեք, ես կարծում եմ, որ լարված բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ Դուք ու Ռոբերտ Քոչարյանը այդ հարցով բանակցո՞ւմ եք, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ոչ։

Դիտարկմանը՝ տպավորություն է, որ երկու թիմերն իրար շախ և մատ են հայտարարել, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց․ «Մենք շախ ենք հայտարարել և հայտարարում ենք միայն այսօրվա իշխանություններին, մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք»։ Սերժ Սարգսյանը վստահ է, որ իմպիչմենտով հնարավոր կլինի այս իշխանություններին մատ անել։

Լրագրողները փոխանցեցին՝ շատերը մտածում են, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ ունի և միայն հարմար պահի է դրանք օգտագործելու և հարցրին՝ ունի՞ կոմպրոմատներ և ե՞րբ է օգտագործելու, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց․ «Ո՞նց, ինչ կոմպրոմատներ։ Այսինքն՝ այս յոթ տարվա ընթացքում ամեն ինչ շատ լավ է եղել և լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա՞։ Ես զարմանում եմ ձեր հարցադրումների վրա»։

Լրագրողները փաստեցին՝ այս իշխանություններն էլ են անձնական կյանք մտել և նշեցին՝ ասում են՝ ոնց էլ չլինի նախորդ իշխանությունը կունենա անձնական հետաքրքիր տվյալներ ներկայիս իշխանության ներկայացուցիչների մասին, Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «Ես հետաքրքիր ձայնագրություն հրապարակել եմ, ցավոք, շատերին դա քիչ հետաքրքրեց։ Բայց այսօրվա իրավիճակը հենց այդ խոսակցության, այդպիսի դիրքորոշման արդյունք էր»։

 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ուզում են Սամվել Շահրամանյանին ձերբակալելով՝ Արցախի էջը փակե՞լ, Սերժ Սարգսյանն ասաց․ «Չեմ կարծում, որ ցանկություն ունեն Սամվել Շահրամանյանին ձերբակալելու։ Որևէ մեկին ձերբակալելով՝ որևէ մեկը չի կարողանալու Արցախի էջը փակել»։

Սերժ Սարգսյանը ի պատասխան լրագրողների հարցադրումների նշեց, թե չի կարծում, որ «այսօրվա կառավարիչը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է»։

Կրկին վերադառնալով կոմպրոմատների թեմային՝ լրագրողները հարցրին՝ այն, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչներից շատերը գործակալներ են, արդյոք ժամանակին հատուկ ծառայություններն իրեն այդ մասին չե՞ն զեկուցել, Սերժ Սարգսյանն ասաց․ «Ոչ։ Ես այդպիսի զեկույց չեմ լսել»։ Դիտարկմանը՝ գուցե հատուկ ծառայությունները լավ չեն աշխատե՞լ, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց․ «Ամեն ինչ շատ հնարավոր է, դրա համար էլ չեմ կարող ասել, որ նրանք պարզեպարզ մաքուր են»։ Լրագրողների կարծիքին՝ բա Միքայել Մինասյանն ինչպե՞ս հրապարակեց այդ թուղթը Արարատ Միրզոյանի մասով, Սերժ Սարգսյանը հորդորեց այդ հարցը տալ Միքայել Մինասյանին և ասաց՝ «Կարծում եմ՝ կտեսնեք նրան»։

Հարցին՝ խաղաղություն ասելով խաղաղություն կլինի՞, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Խաղաղություն ասելով խաղաղություն կստանանք այնպես, ինչպես հալվա ասելով մեր բերանը քաղցրանում է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30