ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին շարունակվել է 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմի ծախսերի համար հատկացվել է 573,8 մլն դրամ, կատարողականը կազմել է 97,7 տոկոս:
Գրասենյակն իրականացրել է 56 մլն դրամի գնումներ, որոնցից 37 մլն դրամի գնումները՝ 1 անձից գնման եղանակով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հաջորդիվ ներկայացրել է հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի իրականացրած «Մարդու իրավունքների պաշտպանություն» ծրագիրը՝ երկու հիմնական միջոցառումներով: «Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցների գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 99,4 տոկոս, բաժին է հասել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառմանը»,- նշել է զեկուցողը:
Կարդացեք նաև
Երկրորդ միջոցառման շրջանակում 4 մլն դրամ հատկացվել է գրասենյակի տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Նշվել է, որ հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի «Ա» բարձր կարգավիճակը վերահաստատվել է: «Սա ինքնին չափորոշիչ է, որ Պաշտպանի հաստատությունը գործում է անկախության, անկողմնակալության եւ վստահելիության բարձր չափանիշներով՝ իրավական գործիքակազմի ներդրմամբ»,- նշել է Նինա Փիրումյանը:
ՄԻՊ գրասենյակը հաշվետու տարում ստացել է 11,634 դիմում-բողոք, որոնցից դրական լուծում է ստացել 1620-ը:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:
ՀՀ ազգային ժողով