«Այն փաստերը, որոնք այս քրեական գործում կան, ցույց են տալիս, որ հարգելի պարոն Հովակիմյանն այս գործով չի գործում ինքնուրույն։ Դատախազության մասին օրենքի համաձայն՝ դատախազը պետք է գործի ինքնուրույն և ինքնուրույն որոշում կայացնի»,- Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ անցկացվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող հողատարածքների գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Սերժ Սարգսյանի պաշտպանն ասաց՝ շատ լավ ճանաչում է Գորիկ Հովակիմյանին, նրան բնորոշեց՝ որպես պրոֆեսիոնալ և սկզբունքային անձնավորություն ու ասաց․ «ՀՀ երրորդ նախագահն այս քրեական գործով ԱԱԾ-ում հարցաքննվել է 2023-ի օգոստոսին, այսինքն՝ երկու տարի առաջ այս քրեական գործով հավաքվել են փաստական տվյալները, որոնք պարոն Հովակիմյանին հիմք են տվել, որ որպես մեղադրյալ Սերժ Սարգսյանին ներգրավի վարույթում։ Այդ փաստերը եղել են 2023-ի օգոստոսին արդեն կազմ պատրաստ, մենք հետազոտելու ենք այդ ապացույցները։ Եվ պարոն նախագահի մեղադրանքը հարգելի պարոն Հովակիմյանը թղթին է տվել միայն երկու տարի անց։
ԱԱԾ-ում լավ հասկանո՞ւմ էին, որ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքեր չկան, թե՞ պարոն Հովակիմյանը լավ հսկողություն չէր իրականացնում։ Հասկանում եմ, որ պարոն Հովակիմյանը լավ հսկողություն էր իրականացնում, իսկ ԱԱԾ-ն էլ լավ հասկանում էր, որ նման հիմքեր չկան։ Փոխվել են իրողություններ, որոնք հիմք են տվել կամ չակերտների մեջ ստիպել են Գորիկ Հովակիմյանին, որ կայացնի քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում։ Անաչառ դիտորդի մոտ էլ կառաջանա այդ մտավախությունը, որ նա առնվազն կողմնակալ է, առնվազն ինքնուրույն չէ»։
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը բացարկ ներկայացրեց հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանին ու հայտարարեց․ «Ծանոթանալով սույն քրեական գործի նյութերին՝ ինձ մոտ հանրային մեղադրողի անկողմնակալության անաչառության, անկախության նկատմամբ սույն քրեական գործով նրա՝ ինքնուրույն գործելու, զանազան կողմնակի ազդեցություններից զերծ մնալու ենթադրություններով չառաջնորդվելու կարողության մասին ողջամիտ կասկածներ են հարուցվել։ Քրեական գործով մինչդատական վարույթն ընթացել է բազմաթիվ խախտումներով և նաև նյութական իրավունքի ակնհայտ խախտումներով։ Դրանք ի վնաս մեղադրյալի են թույլ տրվել»։
Մեղադրող դատախազն էլ նշեց՝ պաշտպանների հայտարարությունները իր հասցեին նրանց կողմից հնչեցված բնութագրումներին հակասում են․ «Եթե պաշտպանության կողմն արձանագրում է, որ ես սկզբունքային, արհեստավարժ իրավաբան եմ, ապա ինչո՞ւ է թվում, որ այդ սկզբունքայնությունը, արհեստավարժ լինելը պետք է ուղղված լինի միայն և միայն ամենևին հանցանք չկատարած անձի մեղավորությունը հիմնավորելուն։ Չէ՞ որ սկզբունքային լինելը վկայում է նաև արդար նախաքննության, օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին։ Որևէ փաստ չներկայացվեց, չէին էլ կարող ներկայացնել, քանի որ խոսքը վերաբերում էր գործով ձեռք բերված փաստական տվյալներին, իսկ դրանք մենք հետագա փուլերում դեռ հետազոտելու էինք։ Այո, սույն քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվել է իմ կողմից, հնարավոր քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումները կայացվել են իմ կողմից, մինչ այդ որոշումները կայացնելը վարույթում որոշակի փաստական տվյալներ են առկա եղել, բայց դեռ այդ ժամանակ մեղադրանքի դաշտ չենք մտել, որովհետև այդ առկա փաստական տվյալները լրացնելու և նոր փաստերով ստուգելու անհրաժեշտություն է եղել, որը հետագայում է կայացվել։ Այդ փաստերը, որոնք ի հայտ են եկել պարոն Մակինյանի նշած ժամանակահատվածից հետո, սույն դատարանում մենք կստուգենք»։
Նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը որոշեց մերժել Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը և հիմնավորեց․ «Ձեր կողմից խախտումներ, թերություններ նշվեցին, սակայն զուտ վերացական հայտարարություններ էին․ որևէ մասնավոր դեպք չներկայացվեց։ Բոլոր հանգամանքները պետք է դատարանը հետազոտի ու հասկանա։ Դրանք այս փուլի կատարման գործողություններ չեն։ Դատարանը դրանցից այս փուլում տեղյակ չէ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ