Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն Հայաստանի հետ հաշտ ու համերաշխ ապրելու օրակարգ ունի՞

Հունիս 11,2025 11:00

Փաշինյանի միակ ծրագիրը` խաղաղության գնալու հարցում Հայաստանի ժողովրդին համոզելն է

«Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը»…

Երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, ապա՝ ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ եւ կհամոզի Հայաստանի ժողովրդին, որ դա պետք է երկարատեւ խաղաղության համար:

Փաշինյանը, հղում անելով փորձագետներին, քիչ հավանական համարեց, թե դատարանը խաղաղության պայմանագրի տեքստը հակասահմանադրական կճանաչի, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ եզրակացությունից հետո: Բայց ինչպես ընդգծեց՝ դատարանը դատարան է: «Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այդ խաղաղության գործընթացը եւ խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն, եւ կփորձենք, եւ կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տեւական եւ երկարատեւ խաղաղության հասնելու համար»,- նշեց նա:

Ինչպես հայտնի է, Փաշինյանը նախաձեռնել է նոր Սահմանադրության մշակումը, այն, ըստ արդարադատության նախարարի, պատրաստ կլինի 2026-ին, բայց թե երբ կդրվի հանրաքվեի, պարզ չէ: Իսկ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը՝ պահանջելով Հայաստանից փոխել երկրի Մայր օրենքը: Բաքուն պնդում է, թե Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ է պարունակում, պահանջելով փաստաթղթից հանել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ հիշատակում կա Հայաստանի եւ Ղարաբաղի միավորման մասին:

Փաշինյանն, այսպիսով, «Երեւանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումում ընդգծեց՝ «միակ կառույցը, որը պաշտոնապես կարող է հայտարարել, թե ինչ է պարունակում եւ ինչ չի պարունակում Հայաստանի Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանն է»: Միաժամանակ, ցույց տալու համար, որ Հայաստանը որեւէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, նա մանրամասն ներկայացրեց խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի որոշ դրույթներ, պնդելով, թե դրանք փարատում են Ադրբեջանի մտահոգությունները: Փաշինյանը նշեց, որ այդ փաստաթղթում որպես կարեւորագույն սկզբունք ներառված է Ալմա Աթայի հռչակագիրը, որն արդեն իսկ անցյալ տարի Հայաստանի Սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող, երբ ուսումնասիրում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը:

«Համաձայն մեր Սահմանադրության՝ Ալմա Աթայի հռչակագիրն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, որը նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որեւէ հարեւանի նկատմամբ, քանի որ Ալմա Աթայի հռչակագիրը նշանակում է, որ անկախ Հայաստանի եւ անկախ Ադրբեջանի տարածքը նույնն են, ինչ համապատասխանաբար խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի տարածքները», – ասաց նա:

Փաշինյանը հղում արեց խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի եւս 2 դրույթների. «Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որեւէ տարածքային պահանջ եւ ապագայում չեն ներկայացնելու նման պահանջներ: Այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնեցրել են, որ չի կարող լինել որեւէ տարածքային պահանջ կողմերից մեկի կողմից՝ մյուսի նկատմամբ: Պայմանագրի տեքստում մեկ այլ կարեւոր դրույթ էլ կա, համաձայն որի՝ կողմերը չեն կարող ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում՝ խաղաղության պայմանագիրը չկատարելու համար»:

Փաշինյանն ընդգծեց՝ այս նրբությունները շատ կարեւոր են, եւ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո այն պետք է ուղարկել Սահմանադրական դատարան՝ ստուգելու պայմանագրի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը: Եթե դատարանը պայմանագիրը հակասահմանադրական ճանաչի, այդ դեպքում Փաշինյանը խոստացավ նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ փաստաթուղթը ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին, ապա այդ պարագայում որեւէ խոչընդոտ չի լինի այն Ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին: Փաշինյանը շեշտեց՝ վավերացումից ու նախագահի ստորագրումից հետո այդ փաստաթուղթը կունենա ամենաբարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթը Հայաստանում:

Ի դեպ, Փաշինյանն այդ օրը դարձյալ ընդգծեց, որ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ որոշակի տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ, բայց այդ հարցը առանձին չեն բարձրացրել, քանի որ համարել են, որ պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի:

Ծավալուն ելույթում Փաշինյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի մյուս պահանջին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը: Նա վերահաստատեց՝ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է իր համար, բայց մյուս կողմից ուզում են հավաստիանալ, համոզվել, որ Ադրբեջանը մտադրություն չունի իր տարածքում հակամարտությունը փակել եւ այն տեղափոխել Հայաստանի տարածք, ապա հավելեց։ «Դժբախտաբար, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 60 տոկոսն անվանել «Արեւմտյան Ադրբեջան»: Մենք բազմիցս ասել ենք՝ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով: Դա կառուցողական մոտեցում է՝ ունենալ երկու փաստաթուղթ սեղանին եւ ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին, նույն վայրում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունից անմիջապես հետո Ալիեւը կրկին Հայաստանն անվանեց «Արեւմտյան Ադրբեջան», խոսեց «ադրբեջանական պատմական հողերի» մասին, որտեղից «արտաքսվել են» իր հայրենակիցները։ «Ջնջվում է ադրբեջանցիների հետքը նրանց պատմական, էթնիկ տարածքից», – ասաց Ալիեւը՝ Երեւանից պահանջելով քննարկումներ սկսել ադրբեջանցիների վերադարձի շուրջ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը մայիսի 16-ին Տիրանայում կարեւորել էին «խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը»:

Այսինքն, Փաշինյանն իր ծրագրով՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ապա՝ ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, արդեն իսկ փաստեց, որ սկսել է հակասահմանադրական գործընթաց։ Կամ` այնքան էլ վստահ չէ, որ 100 տոկոսանոց սահմանադրական գործընթաց է, թեեւ իր պատկերացմամբ բերեց որոշ հիմնավորումներ:

Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացում միակ քայլը, որում Փաշինյանը որեւէ զիջման չի գնում, դա` երկարատեւ խաղաղության գնալու հարցում Հայաստանի ժողովրդին համոզելն է: Փաշինյանը սա իր միակ առաքելությունն է համարում: Իսկ որ այդ ճանապարհին պետությունը գնալով ավելի ու ավելի է կորցնում իր դիմադրողականությունը` դա այս իշխանությանը չի հետաքրքրում:

Մինչդեռ հենց Ադրբեջանն իր անհեթեթ պահանջներով, գործողություններով ապացուցում է, որ Հայաստանի հետ հաշտ ու համերաշխ ապրելու օրակարգ չունի, որ Հայաստանից Ադրբեջանին հարկավոր է «միջանցք»: Բայց պաշտոնական Երեւանը Բաքվից որեւէ զիջում պահանջելու օրակարգային հարց, ընդհանրապես, չունի: Երեւանը բռնել է պաշտոնական Բաքվի բոլոր պահանջները օրակարգային կետ դարձնելու քաղաքական գիծ:

«Այսօր մենք ավելի պետություն ենք, ավելի անկախ ենք, քան երբեւէ»

Մայիսի 28-ին Հանրապետության օրը Սարդարապատի հուշահամալիրում Փաշինյանը պնդեց, թե պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից ժողովրդի վախերը լիարժեք հաղթահարված չեն, եւ ժողովուրդը պատմությունն ու աշխարհը ընկալում է այն բանաձեւերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունն է սերմանել: Դրանց հաղթահարման համար առաջարկեց հաշվի առնել մի քանի իրողություն, օրինակ՝ այն, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանը ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Ապա հավելեց. «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության։ 2020-ից ի վեր, անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատեւ դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի անկախ ենք, քան երբեւէ»,- նշեց Փաշինյանը:

Թե ինքնիշխանությունն ամրապնդելու ինչ հնարավորության մասին է խոսքը, Փաշինյանը չբացատրեց, բայց շեշտեց՝ դեպի ինքնիշխանություն տանող ընթացքը մտնում է վճռական փուլ:

Հաջողություն համարեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, որի ստորագրման համար Բաքուն պահանջում է Երեւանից փոխել Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հաջողությունների շարքում դասեց նաեւ հայ-թուրքական երկխոսությունը: Բայց այստեղ էլ Երեւանն ու Անկարան երեքուկես տարի է՝ բանակցում են, բայց ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունները մնացել են թղթի վրա:

ՀՀ քաղաքացին հավատո՞ւմ է, տեսնո՞ւմ է, որ խաղաղությունն ու անվտանգությունն են դառնալու Հայաստանի երկարաժամկետ ուղեկիցները գործնականում… Ի՞նչն է խոչընդոտել այս տարիների ընթացքում, որպեսզի իշխանությունները պահանջեին Ադրբեջանին դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից, ապա` գնային Բաքվի հետ բանակցությունների: Ի՞նչն էր խոչընդոտում պահանջել Բաքվից իրագործել 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի մյուս պարտավորությունները:

Այժմ էլ «արդարացնում» են Ալիեւի` «Արեւմտյան ադրբեջանցիների» մասին հայտարարությունները

Փոխանակ գտնելու մեթոդներ` Հայաստանին ուղղված Բաքվից շարունակ հնչող պահանջները դադարեցնելու, Հայաստանի իշխանությունները ստանձնել են Ալիեւի պահանջները «արդարացնելու» գիծը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս հայտարարել է, թե կարծում է՝ Ալիեւի պահանջած՝ «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին հայտարարությունները Ղարաբաղի ներկայացուցիչների քայլերի հայելային պատասխանն են: «Դե մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ բան անում, չէ՞, երբ որ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր, ինչ-որ, նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում: Մենք էդ չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք՝ տեսա՞ք ինչ ասեց», օրեր առաջ նշել է ԱԺ նախագահը:

Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ քաղաքական «օմբուդսմենություն»` Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի ղեկավարությանը: ԱԺ նախագահը չի նկատե՞լ, թե երբվանից է ադրբեջանական քարոզչամեքենան գործողության մեջ դրել` «արեւմտյան ադրբեջանցիների» թեման…

Մի կողմից Բաքվի ծավալապաշտական պահանջներն են, իսկ Հայաստանի իշխանություններն, օրինակ, համարձակություն չունեն արցախցիների բնական իրավունքների ու ձգտումների մասին բարձրաձայնելու:

Փոխարենը ՀՀ իշխանությունները խոստանում է «երջանիկ» ու «պայծառ» ապագա… Ալեն Սիմոնյանը կանխատեսում է, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առեւտուր անել. «Երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ էն գյուղերը, որոնք որ ժամանակին իրենք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ո՞նց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ: Այսինքն, մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարեւ չենք տալիս եւ իրար չենք նայում, հինգ րոպե հետո՝ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առեւտուր անել, առեւտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձեւերով կոմունիկացվել եւ շփվել»:

Անցյալ ամիս լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական քննարկումներն ապագայում կշարունակվեն երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների ձեւաչափով։ Օրերս էլ անդրադառնալով Հայաստանի անվտանգությանը, ԱԺ նախագահն ասել է, թե շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի։ «Պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, աշխատում ենք դրա շուրջ, շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի, կարծում եմ մյուս ամիս վարչապետն ասուլիս կտա եւ կպատասխանի բոլոր հարցերին»,- ասել է Սիմոնյանը։

Իշխանությունների դիրքորոշումն, ինչպես ասում են, պարզ է: Իսկ ի՞նչ հակազդեցություն են ստանում իշխանությունները հայաստանյան ընդդիմության կողմից:

Ամփոփումը` այստեղ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30