Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը մերժեց դատավորի դիմումը

Հունիս 11,2025 12:30

«Քննչական մարմինը չսպասելով վերադաս դատական ատյանի կողմից այդ ակտի հիմնավորվածությունը եւ օրինականությունն ստուգելուն, կարող է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ հաղորդումներ ներկայացնել»

Մայիսի 29-ին Սահմանադրական դատարան դիմած Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանի պնդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով նաեւ տվյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, առերեւույթ հակասում է Սահմանադրության 162-րդ, 164-րդ եւ 173-րդ հոդվածներին այնքանով, որքանով հնարավորություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդին դուրս գալու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքերի եւ հիմնավորումների շրջանակներից եւ լրացուցիչ հիմնավորելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Նա խնդրել էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 51-րդ, 70-րդ, 142-րդ հոդվածները՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 162-րդ եւ 164-րդ հոդվածներին հակասող այնքանով, որ չեն նախատեսում դատավորին դատական ակտում տեղ գտած եզրահանգումների կապակցությամբ պատասխանատվության ենթարկելու արգելք այն դեպքերում, երբ դատական ակտը օրինական ուժի մեջ է մնացել եւ վերադաս դատական ատյանների կողմից չի բեկանվել:

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 162-րդ եւ 164-րդ հոդվածներին հակասող այնքանով, որ չի տարանջատում դատավորների նկատմամբ անձի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդման հնարավորությունը դատավորների վարքագծի ընդհանուր կանոնները խախտելու «Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված խախտումներ» եւ ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագծային կանոնները խախտելու «Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված խախտումներ» դեպքերը ի պաշտոնե գործելիս դատավորի կայացրած դատական ակտերում տեղ գտած եզրահանգումներով կարգապահական խախտումներ թույլ տալու դեպքերից եւ հնարավորություն է տալիս դատավորի ի պաշտոնե գործելիս կայացրած որոշումների կապակցությամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացնել նաեւ այնպիսի սուբյեկտների, ովքեր իրավասու չեն վիճարկել կամ բողոքարկել դրանք:

Դատական օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 162-րդ, 164-րդ եւ 173-րդ հոդվածներին հակասող այնքանով, որ հնարավորություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդին դուրս գալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքերի եւ հիմնավորումների շրջանակներից եւ լրացուցիչ հիմնավորել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Ռ. Մարիկյանը վկայակոչել էր ԲԴԽ 2024 թ. նոյեմբերի 5-ին կայացված թիվ ԲԴԽ-93-Ո-Կ-14 որոշումը, ինչպես նաեւ սույն անհատական դիմումով վիճարկվող դրույթները, նշելով, որ իր կողմից տվյալ դիմումով բարձրացվող երեք հարցերի կապակցությամբ առկա է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթների սահմանադրականության խնդիր: Հիշեցնեմ, որ այս գործով միջնորդություն էր ներկայացրել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը: «Առավոտն» անդրադաձել էր ԲԴԽ նիստին, նկատողություն ստացած դատավորի գործին. «Նոյեմբերի 5-ին նկատողություն ստացած դատավորն ասաց մի բան, որը պետք է իրավական գնահատականի արժանանար հենց նույն ԲԴԽ-ի կողմից, որը հետագայում կարող է դառնալ լուրջ քննարկման առիթ միջազգային դատական ատյաններում: Նա ասաց. «Որոշումը, որը հիմք է հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ, հիմնավորված է եղել, չի հերքվել: Մենք ունենք հստակ Քրեական օրենսգրքով նախատեսված, որով պատասխանատվությունը դատախազն է կրում: Ունենք հստակ «Դատախազության մասին» օրենքի 27 հոդվածի դրույթ, որի համաձայն՝ դատախազը պարտավոր է բողոքարկել դատական ակտը, եթե գտնում է, որ այն օրինական եւ հիմնավոր չէ: Նպատակահարմարության մասին խոսք չի կարող գնալ: Եթե չի բողոքարկվում, կարող էր հարց բարձրացվել կարգապահական պատասխանատվության ենթարկել դատախազին: Իմ ունեցած տեղեկություններով, ոչ միայն կարգապահական վարույթ չի հարուցվել, այլ առաջխաղացման եղանակով նա տեղափոխվել է գլխավոր դատախազություն: Դատախազը ծանոթացել է որոշմանը, գտել է, որ օրինական եւ հիմնավոր չէ, բայց չի բողոքարկել… Բազմաթիվ միջազգային փաստաթղթեր կան, չեմ ցանկանում բոլորը ցիտել, հստակ հանձնարարական կա Նախարարների խորհրդի, այն վերաբերում է դատավորների անկախությանը, 16 կետով դատավորների որոշումները վերանայման ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված վերաքննության կարգով բողոքարկման կամ վարութի նորոգման դեպքերի»: Դատավորը մտահոգություն հայտնեց, որ աննախադեպ իրավիճակ է ստեղծվում, երբ վարույթն իրականացրած մարմինը, քննչական մարմինը, չսպասելով դատախազի բողոքարկմանը, ցանկացած անհամաձայնության դեպքում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է անում, հեղինակազրկելով դատախազին, ճնշում գործադրելով դատարանի վրա, ԲԴԽ-ին վերապահելով «վերադաս դատական ատյանի» լիազորությունը, որպեսզի «բեկանի» դատական ակտը» (09.11.2024թ. «Դատավորին տրվեց նկատողություն»):

Իսկ ԲԴԽ նախկին նախագահ Կ. Անդրեասյանն էլ հրապարակելով որոշումն՝ ասել էր. «Դատավորը բավարար չափով չի հիմնավորել եւ պատճառաբանել մեղադրյալի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը, եւ կալանքի չկիրառման անհրաժեշտությունը: Արդյունքում, դատավորի կողմից խախտվել են դատավարական վերաբերելի նորմերը, վարքագծի կանոնները, առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսեւորում»:

ՍԴ դիմողը գտնում էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 51-րդ, 70-րդ եւ 142-րդ հոդվածները՝ հաշվի առնելով նաեւ տվյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, առերեւույթ հակասում են Սահմանադրության 162-րդ եւ 164-րդ հոդվածներին այնքանով, որքանով չեն նախատեսում դատավորին դատական ակտում տեղ գտած եզրահանգումների կապակցությամբ պատասխանատվության ենթարկելու արգելք այն դեպքերում, երբ դատական ակտն օրինական ուժի մեջ է մնացել եւ վերադաս դատական ատյանների կողմից չի բեկանվել:

Ըստ նրա, քննիչը կամ այլ պաշտոնատար անձինք չպետք է իրավունք ունենան կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացնելու դատավորի նկատմամբ՝ դատական ակտում տեղ գտած եզրահանգումների եւ դատավորի դիրքորոշումների կապակցությամբ, եթե վերջիններս օրենսդրությամբ չեն համարվում նույնիսկ դատական ակտերը բողոքարկելու սուբյեկտ:

Այսինքն, դատավորի կայացրած եւ օրինական ուժի մեջ մնացած դատական ակտի կապակցությամբ քննիչին եւ տվյալ ակտը բողոքարկելու սուբյեկտ չհանդիսացող այլ պաշտոնատար անձանց դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ընձեռելը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ քննիչը ցանկացած դատական ակտի եւ դրանում դատավորի կատարած եզրահանգումների հետ անհամաձայնության դեպքում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն կարողանա ներկայացնել՝ փորձելով «վերանայել» դատական ակտը եւ ճնշում գործադրել դատավորի վրա՝ հետագայում «բարենպաստ» դատական ակտեր ստանալու ակնկալիքով, որը դատավորի անկախության տեսանկյունից ցանկացած իրավական պետությունում որեւէ կերպ իրավաչափ համարվել չի կարող:

Դիմողի կարծիքով՝ «ստացվել է այնպիսի անթույլատրելի իրավիճակ, որ քննչական մարմինը, չսպասելով դատախազի կողմից ակտի բողոքարկմանը, վերադաս դատական ատյանի կողմից այդ ակտի հիմնավորվածությունը եւ օրինականությունն ստուգելուն, կարող է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ հաղորդումներ ներկայացնել՝ դրանով իսկ հեղինակազրկելով ինչպես դատախազությանը, այնպես էլ դատական իշխանությանը՝ կասկածի տակ դնելով դատարանի օրինական ուժի մեջ գտնվող որոշումները եւ Վերաքննիչ դատարանի դերն ու նշանակությունը, ինչպես նաեւ, որպես հետեւանք, Բարձրագույն դատական խորհուրդը քննչական մարմնի կողմից կարող է դիտարկվել որպես Վերաքննիչ դատարանին փոխարինող դատական մարմին»:

Հունիսի 3-ին ՍԴ-ն մերժեց: Ըստ ՍԴ պատճառաբանություններից մեկի՝ դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքն սկսվել է 2024 թվականի նոյեմբերի 6-ից: ՍԴ դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2025 թվականի մայիսի 6-ին: Հետեւաբար` պահպանված չէ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով անհատական դիմումին ներկայացվող՝ այն վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո Սահմանադրական դատարան ներկայացնելու պահանջը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30