«Թիրախավորումը Վեհափառ Հոր դեմ չէ։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին մենք բոլորս ենք։ Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում հայ ժողովրդի դեմ, որովհետեւ մենք բոլորս Եկեղեցու զավակներն ենք, եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ժողովուրդն է»։ Այս մասին ասել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, որին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջադրելու է վարչապետի թեկնածու՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի նախաձեռնման պարագայում։
«Այն, ինչ արվում է, արվում է հայ ժողովրդի դեմ», – ընդգծել է Համբարձումյանը։
Քաղաքական գործիչը վերը նշվածն ասել է նաեւ իր կողմից հրավիրված հավաքի ժամանակ։ Հավաքի մասնակիցներն այս րոպեներին սպասում են Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի վայրէջքին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Կարդացեք նաև
Պատասխանելով վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին հարցին՝ ընդդիմադիր համայնքապետը շեշտեց․ «Ես այն մարդն եմ, որն իր հետեւում պարտություն չունի։ Ինձ ճանաչողները գիտեն, որ եթե ես մի բանի կպնում եմ, գնում եմ մինչեւ վերջ»։
Համբարձումյանը վստահ է՝ նա եւ հայ ժողովուրդը հաղթանակ է ունենալու։ Այս արձանագրումը հավաքի մասնակիցները ողջունեցին ծափահարություններով։
Եզրափակելով ճեպազրույցը՝ Դավիթ Համբարձումյանը երախտագիտություն հայտնեց հավաքի մասնակիցներին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ