Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին զորակցելու համար «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հավաքված քաղաքացիները բարձր ծափողջյուններով եւ «Վեհափա՜ռ» վանկարկումներով դիմավորեցին Հայոց Հայրապետին։
Վեհափառ Հայրապետն ի սկզբանե չցանկացավ հավելյալ մեկնաբանություններ տալ ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական կեցվածքի վերաբերյալ եւ հղում կատարեց Գերագույն հոգեւոր ժողովի նախորդ շաբաթ տարածած հայտարարությանը։
Սակայն, մեքենան նստելուց առաջ Գարեգին Վեհափառը ուղերձ հղեց հավաքված ժողովրդին. «Գիտեմ, որ եկել եք ձեր վրդովմունքը հայտնելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու և եկեղեցականների հասցեին արված արտահայտությունների առնչությամբ։ Գիտենք, որ այդ արտահայտությունները, համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ, ի սփյուռս աշխարհի:
Կարդացեք նաև
Ձեզ հետ միասին, խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամուր մնացե՛ք ձեր հավատքի եւ առ Եկեղեցին ունեցած ձեր սիրո եւ հավատարմության մեջ։ Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաեւ ցանկանում ենք ասել, որ այն առավել եւս պարտավորեցնում է մեզ՝ եկեղեցականներիս, մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ առ ձեզ, առ հայրենին մեր, իրականացնելու արդյունավոր կերպով, անշեղորեն։ Մեր հորդորը պիտի լինի, միաժամանակ, սիրելիներ, որ այս դժվարին ժամանակներում ամուր եւ հաստատուն պահել միաբանությունը ազգային մեր կյանքում, թույլ չտանք, որ որեւէ կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։ Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին, հարթել մեր կյանքի բոլոր դժվարությունները, լավատեսությամբ, հույսով ու հավատով կերտել մեր եւ մեր զավակների վաղվա պայծառ օրը։ Աստված օգնական եւ պահապան մեր ժողովրդին այսօր եւ հավիտյանս»։
Այնուհետեւ, Վեհափառը հրավիրեց միասնական աղոթքի։
Գարեգին Բ-ն ասաց՝ ցավ է ապրում, որ այս ուժ ժամին մարդիկ եկել են արտահայտելու Սուրբ եկեղեցու հանդեպ իրենց հավատարմությունը։
Հայոց Հայրապետը նաեւ գոհունակության խոսքեր հնչեցրեց ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ուշ ժամին աշխատելու համար։
Երբ Վեհափառը պատրաստվում էր նստել մեքենան, նա փակեց մեքենայի դուռը եւ սկսեց քայլել հավաքի մասնակիցների հետ։ Քայլերթի մասնակիցները պարբերաբար ծափահարում էին ու վանկարկում՝ «Վեհափա՜ռ»։
Օդանավակայանի մուտքի մոտ, միայն, նա բաժանվեց հավաքի մասնակիցներից՝ նստելով մեքենան եւ ուղեւորվելով «Զվարթնոցից» դուրս։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ