«Հրապարակը» զրուցել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ:
– Իշխանությունը գրոհ են սկսել եկեղեցու դեմ, եւ այն բանից հետո, երբ հիմնադիր նախագահը հանդիպեց կաթողիկոսին, սկսեցին նաեւ տարատեսակ մեղադրանքներ հղել Տեր-Պետրոսյանի հասցեին, որին ժամանակին մեծարում էին: Ո՞րն է այս գրոհի պատճառը` ըստ Ձեզ: Ինչո՞ւ էր Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել կաթողիկոսին, եւ ինչո՞ւ իշխանավորներն այդքան հիվանդագին տարան այդ հանդիպումը:
– Կարծեմ` սիրո եւ հանդուրժողականության իշխանություն էր Նիկոլ Փաշինյանը ձեւավորել, բայց կա մի ֆենոմեն. նա ինչ ուզում է կառուցել, քանդվում է: Լավագույն օրինակներից մեկն էլ այն է, որ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունը դարձավ չարության եւ ատելության իշխանություն: Որպես մեր ժամանակների մեծագույն լուզեր, Փաշինյանն իրար հետեւից միայն ձախողումներ է արձանագրում: Նա որքան փորձում է իր անկանոն շարժումներով այս ճահճից դուրս գալ, այնքան ավելի է խորտակվում: Ես հակված եմ մտածելու, որ եկեղեցու դեմ նա գրոհ է սկսել դրսից եկած պատվերի արդյունքում, ինչպես նաեւ՝ այն պատճառով, որ եկեղեցին բարձրաձայնեց Արցախի հետ կապված հարցեր, խոսեց արցախցիների` Արցախ վերադարձի մասին, խոսեց Արցախի մշակութային կոթողների պաշտպանության մասին, ինչը Նիկոլ Փաշինյանի պլաններին դեմ է: Ուզենք, թե ոչ՝ եկեղեցին ունի իր ազդեցությունը քաղաքական պրոցեսներում․ Վեհափառի նախաձեռնությունները, հանդիպումները նախագահների հետ, Բագրատ սրբազանի ակտիվությունը եւ այլն: Եկեղեցին իրենից բավականին կուռ ուժ է ներկայացնում, իսկ Նիկոլ Փաշինյանը վախենում է դրանից: Կան օրինակներ, երբ եկեղեցականները մեծ ազդեցություն են թողնում քաղաքական պրոցեսների վրա, օրինակ` Վրաստանի Իլյա կաթողիկոսը միավորվեց Բիձինա Իվանիշվիլու հետ, ինչից հետո Իվանիշվիլին մեծ առավելություններ ստացավ: Այս վախերը նույնպես դրդում են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի, ինչպես ՔՊ-ականներն են ասում` «ափաշքյարա» հարձակում գործեն եկեղեցու վրա: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այցին, ապա կսիրեն նրան, թե ոչ, ինչ գնահատականներ կտան նրան, փաստն այն է, որ Տեր-Պետրոսյանի ցանկացած հայտարարություն քաղաքական կյանքում օրակարգ է ձեւավորում: Տեր-Պետրոսյանի փոքրիկ` չորս տողանոց հայտարարությունն ալեկոծեց ՔՊ-ական «ծովը»: Նիկոլ Փաշինյանը գուցե հասկացավ, որ Տեր-Պետրոսյանի այցը միայն իր նպատակները խոչընդոտում է: Ես շարունակ մտածում եմ, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ինչ գնահատական կարելի է տալ, ինչ խոսքերով, սակայն հարուստ հայոց լեզվից չեմ գտնում ոչ մի բառ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: