Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելուն, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին և համակարգված կերպով հասանելիության ապահովմանը։
Որոշման ընդունման դեպքում ակնկալվող հիմնական արդյունքներն են․
✔️ աղետների ռիսկերն ու ազդեցությունները կկանխվեն կամ կնվազեցվեն տիեզերահեն տեղեկատվության և տեխնոլոգիաների օգտագործման միջոցով,
✔️աշխարհատարածական և տիեզերահեն տեղեկատվության օգտագործումը կօգնի պետությանն ավելի լավ ընկալել աղետների ռիսկերն ու ազդեցությունները, մշակել դրանց կառավարման համապատասխան քաղաքականություններ,
Կարդացեք նաև
✔️կապահովվի աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային գործընկերների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական և կրթական կառույցների միջև համագործակցությունը:
Հայաստանը 2021 թվականից Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի լիազորված օգտատեր է, ինչը հնարավորություն է տալիս աղետների ժամանակ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ և տրամադրել պետական կառավարման համակարգին, տեղական ինքնակառավարման մարմիններին և համապատասխան կառույցներին:
Այդպիսի անհրաժեշտություն առաջացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ։
Ըստ այդմ՝ հայեցակարգի ընդունումը կնպաստի տիեզերահեն տեղեկատվության ստացման, մշակման, կիրառման և դրանց հետագա զարգացման տեխնոլոգիական անկախության ապահովմանը՝ զարգացնելով տեղային կարողությունները։
Հարկ է նշել նաև, որ Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում է 2022 թվականի մայիսից, ինչը ևս նպաստում է տիեզերքի ոլորտում Հայաստանի գործունեության զարգացմանը, նաև աղետների ռիսկի կառավարման առումով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ