Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսը հյուրընկալել էր գիտության և մշակույթի վաստակավոր գործիչների

Հունիս 11,2025 16:47

Հայտնի մտավորական Մարտիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Գորիսը հյուրընկալել էր գիտության և մշակույթի վաստակավոր գործիչների՝ Յուրի Սուվարյանին, Գուրգեն Մելիքյանին, Սամվել Մուրադյանին, Վարդան Խաչատրյանին, Արթուր Ղարագյոզյանին, Աշոտ Գևորգյանին, Նորայր Մուրադյանին և ուրիշների։ Գորիսի գիտական և ստեղծագործ մտավորականության, գրականության, արվեստի և մշակույթի ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ բովանդակալից ու երկար սպասված հանդիպում։


Հյուրերին ջերմորեն ողջունեց Գորիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը, բարձր գնահատեց նրանց ավանդը գիտության, մշակույթի զարգացման մեջ, նշեց, որ ոգևորիչ է Գորիսում նման միջոցառումների կազմակերպումը։

Գորիսի Գուսան Աշոտի անունը կրող մշակույթի տանը գրականագետ Սամվել Մուրադյանը հանգամանորեն ներկայացրեց Սյունյաց աշխարհի գեղարվեստական մեծագույն երևույթներից մեկի՝ Գուսան Աշոտի բանաստեղծական արվեստը՝ ընդգծելով լեզվական արտահայտչամիջոցներով հիանալի պատկերներ ստեղծելու նրա հմտությունը։

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը, բարձր գնահատելով հայ գրականությունը համաշխարհային արվեստի և գրականության համատեքստում, խոնարհվեց այն բոլոր մեծերի առջև, ովքեր հայի անունը մշտապես բարձր են պահում։ Իսկ ֆիզիկոս Աշոտ Գևորգյանը խոսեց երրորդ՝ քվանտային հեղափոխության մասին՝ հույս հայտնելով, որ ապագան նոր գաղափարներ ունեցող, հետազոտող երիտասարդներինն է լինելու։

«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն էլ, ողջունելով մեծավաստակ հյուրերին, ներկայացրեց այսօրվա Սյունիքի առջև ծառացած խնդիրները։

Հյուրերը Գորիսի քաղաքային գրադարանին նվիրեցին «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքի հիմնադրամի» կողմից հրատարակած մասնագիտական և գեղարվեստական արժեքավոր գրականություն՝ վստահեցնելով, որ այս համագործակցությունը շարունակական կլինի։ Իսկ գորիսեցի արվեստագետները հյուրերին նվիրեցին իրենց ստեղծագործություններից։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, նվիրյալ գորիսեցի Մարտիկ Գասպարյանը, շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ մշակութային արժեքների վերագնահատմանը, նոր մարտահրավերների քննարկմանը նվիրված այս հանդիպումը նոր գաղափարների, գործնական առաջարկների հիմնաքարը կդառնա։

Գորիսի համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30