Լրահոս
Օրվա լրահոսը

«Ափսոսում եմ, որ չհասցրի համբուրել». 8-ամյա Գոռը մահացել է դպրոցից տուն ճանապարհին` հրետակոծության և պայթյունների ձայների վախից. «Մեդիալաբ»

Հունիս 11,2025 13:43

«Մեդիալաբ». «Մանկությունը՝ նշանառության տակ» շարքի շրջանակում լրագրող Շուշան Փափազյանն ու ֆոտոլրագրող Անի Գևորգյանը փաստագրել են Արցախի վրա Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված երեխաների ճակատագրերը՝ բացահայտելով վիճակագրական թվերի հետևում թաքնված մարդկային զգայական պատմությունները։ 2016-2023 թվականներին արցախյան հակամարտության տարբեր փուլերը՝ սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունը, խլել են բազմաթիվ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքեր։ Զոհված երեխաների վերաբերյալ տվյալներն ամբողջական չեն: Թեև ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 7 երեխա, «Թաթոյան» հիմնադրամի զեկույցում միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման արդյունքում նշվում է 21 քաղաքացիական զոհ, որոնցից 6-ը՝ երեխաներ։ Այս պատմությունները հիշեցնում են, որ վիճակագրության հետևում չապրած մանկությունն է, ընդհատված երազանքներ և խեղված ապագան։

«Գոռի անունը ես եմ դրել։ Առաջին երեխային ունենալուց հետո 9 տարի չէի հղիանում։ Տարբեր հիվանդանոցներ, վիրահատություններ… վերջապես հղիացա։ Ամուսինս տեսավ, թե ինչքան եմ տանջվում, ասեց՝ էդքան չարչարվում ես՝ դու էլ կարող ես անունը ընտրես։ Ու ես ընտրեցի՝ Գոռ». Զվարթ Առստամյան

2023-ի սեպտեմբերի 19-ի կեսօրին, երբ սկսվում է Ստեփանակերտի հրետակոծությունը, Զվարթը կորցնում է իր 8-ամյա որդուն՝ Գոռ Առստամյանին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ երեխայի մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Դպրոցից տունդարձի ճանապարհին ութամյա տղայի սիրտը կանգ էր առել վախից՝ հրետակոծությունների և պայթյունների ձայներից։

Զվարթ Ավանեսյանի ընտանիքը Արցախից բռնի տեղահանումից հետո մի քանի բնակարան է փոխել: «Խաղահրապարակից եկող երեխեքի ձայները մոտս տագնապ են առաջացնում, չեմ կարողանում հանգստանալ»,- ասում է նա։

Փոքր որդու հետ վերջին հիշողությունը Զվարթը պատմում է բոլոր մանրամասներով՝ փորձելով բաց չթողնել ոչ մի մանրուք: Վաղ առավոտ էր, Գոռը չէր ուզում անկողնուց վեր կենալ և դպրոց գնալ: Զվարթը գրկել է նրան, համոզել։ Գոռը դպրոց գնալիս սովորաբար միշտ լաց էր լինում, բայց այդ առավոտ ասել է. «Մա, տես՝ մեծացել եմ ու էլ լացելով դպրոց չեմ գնում»։

«Ես ամեն առավոտ համբուրում էի երեխաներիս; Այդ օրը ինչ-որ բան եղավ, ինչ-որ բան շեղեց, ու չհասցրի Գոռին համբուրել։ Երբ դուրս եկավ տնից, մոտեցա պատուհանին, որ կանչեմ հետ գա, չհասցրի, արդեն հեռու էր։ Նրա այդ օրվա հայացքը երբեք չեմ մոռանա»։

Մինչև կեսօր իրավիճակը հանգիստ էր։ Զվարթը զբաղված էր տնային գործերով, երբ մայրը զանգեց. «Ասեց, որ կրակոցներ են սկսվել։ Լավ կլինի գնամ Գոռին դպրոցից տուն բերեմ»։

Զվարթը մի քանի հոգու է զանգահարում, ապա նաև դպրոց և հարցնում, թե արդյոք կարիք կա՞ երեխաներին դպրոցից վերցնելու: Նրան հանգստացնում են և հավատացնում, թե դասերը ընթանում են բնականոն հունով, ոչ մի արտակարգ բան չկա. «Երբ հրետակոծություններ էին լինում, էրեխեքին դպրոցի նկուղ էին իջեցնում, ու ես միշտ իմացել եմ՝ եթե մի բան լինի, երեխեքը դպրոցում ավելի ապահով են, քան ուրիշ տեղ։ Բայց փաստորեն էդ ժամանակ էրեխեքին ոչ թե նկուղ են իջացրել, այլ՝ տուն ուղարկել»։

Զվարթն ավագ որդու՝ 15-ամյա Գուրգենի հետ տանն էր։ Ամուսինը՝ Մայիսը, աշխատանքի էր Հին Շեն գյուղում։ Զվարթը մի փոքր հանգստանալուց հետո ճաշի պատրաստություն էր տեսնում, ուզում էր դպրոց գնալ, բայց որդին ասում է, թե ինքը կգնա ու կբերի Գոռին. «Անընդհատ կոշիկներիս էի նայում ու մտածում՝ պետք է հագնեմ գնամ Գոռի հետևից։ Մի պահ հագա, նորից հանեցի… իմ ու մեծ տղայիս խոսակցությունն ընդհատեց հրետակոծություն ձայնը։ Կոշիկներս մի կերպ հագա, տնից դուրս վազեցի։ Ոտքերս չէի զգում, բայց գնում էի։ Մի ծնող տեսա, հարցրի՝ Գոռին տեսե՞լ ես, ասեց՝ չէ։ Տեսնեմ՝ Գուրգենն առաջ է վազել, լսեցի գոռաց՝ Գո՜ռ, մտածեցի՝ գտել է։ Սպասեցի, հետ չեկավ, բղավեցի, առաջ գնացի, տեսնեմ՝ տղամարդիկ են հավաքված, Գոռը՝ ընկած։ Մտածեցի՝ ուշքը գնացել է։ Մարդիկ փորձում էին օգնել։ Ու էդ ժամանակ անդադար հրետակոծում էին: Մարդիկ զանգում էին շտապ օգնություն, փորձում երեխայիս արհեստական շնչառություն տալ։ Ես քարացած մնացել էի տեղումս, ոչինչ չէի կարողանում անել։ Նա արդեն մահացած էր»։

Մայրը դեռ հույս ուներ, որ որդին ընդամենը ուշաթափվել է։ Հավաքվածներից մեկն առաջարկեց իր մեքենայով երեխային հասցնել մոտակա հոսպիտալ.

Արդեն հոսպիտալում Զվարթին ասում են, որ չեն կարող երեխային ընդունել, քանի որ անընդհատ նոր վիրավորներ են բերում և տեղ չունեն։ Գոռին տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ էլ գրանցվում է երեխայի մահը՝ սրտի կանգ։

Շուշան Փափազյան

Անի Գևորգյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30