Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցները ներկայացնում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները

Հունիս 11,2025 15:58

Այս օրերին ընթանում է Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Մրցույթն անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Երկրորդ փուլում երեկ հանդես են եկել երեք դիրիժորներ՝ ղեկավարելով մրցույթի պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Երկրորդ փուլում հանդես եկած երաժիշտներից է Օտիս Քինթա Էնոքիդո-Լայնհեմը։ Նա Երևան է ժամանել Մեծ Բրիտանիայից։ Միջազգային մրցույթների մասնակցության ու հաղթանակի փորձ ունի։ Նշում է, որ մեծ հաճույք է ստանում՝ լինելով խաչատրյանական մրցույթի մի մասնիկը։ Հատուկ փորձառություն է ձեռք բերում՝ մասնակցելով երաժշտական այս տոնին։ Որպես դիրիժոր նախկինում չէր ներկայացրել Խաչատրյանի ստեղծագործությունները, բայց նվագել է նրա Դաշնամուրի կոնցերտն ու այլ գործեր։

Ջեյհաք Չոյը ներկայացնում է Հարավային Կորեան։ Նախկինում մասնակցել է միջազգային այլ մրցույթների և դարձել մրցանակակիր։ Խոստովանում է, որ Խաչատրյանի անվան մրցույթի շնորհիվ ավելի լավ ծանոթացավ Խաչատրյանի արվեստին ու սիրեց այն։

Քյունտե Պակը նույնպես ներկայացնում է Հարավային Կորեան։ Նա ևս մասնակցել ու հաղթել է մի շարք միջազգային մրցույթներում։ Ասում է, որ հպարտ է աշխատել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ու ներկայացնել Խաչատրյանի ստեղծագործությունները։ Նրա խոսքով՝ մրցույթներն իր համար մարդկանց, երաժիշտների հետ շփվելու, սովորելու, գիտելիքներն ավելացնելու առիթ են, ինչն իրեն շատ ոգևորում է։ Եզրափակչի իր ելույթն էլ նվիրում է Խաչատրյանին, քանի որ եզրափակչում ներկայացրել է հենց նրա Երկրորդ սիմֆոնիան։

Այսօր երեկոյան դիրիժորական վահանակի մոտ կկանգնեն երկրորդ փուլ անցած մյուս դիրիժորները՝ Լեոնարդ Վայսը (Ավստրալիա), Շուն Օին (Ճապոնիա), Ֆերնանդո Գաջինին (Արգենտինա)։ Իսկ վաղն արդեն հայտնի կդառնան Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրները։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia-ն։ Մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30