«Որքան շատ մենք աղաղակենք կրակոցների ձայների մասին, այնքան քիչ մարդ ցանկություն կունենա գնալ Սյունիք»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Սյունիքում մարդկանց երկու խնդիր է անհանգստացնում։ «Առաջինը դա անվտանգային խնդիրն է՝ հաշվի առնելով նոր ստեղծված անվտանգային միջավայրը եւ թշնամու կողմից պարբերաբար կրակոցները, հրադադարի խախտումը։ Մարդկանց բնականոն կենսագործունեությունը պարզ է, որ խաթարված է։ Եվ թշնամին ամեն կերպ այդ իրավիճակն է ստեղծում, որպեսզի գյուղերից արտագաղթ լինի։ Ի պատիվ այնտեղ ապրող մարդկանց՝ ես հասկացա, որ այդ մարդիկ իրենց հող ու ջրից կառչած են»,- ասաց պատգամավորը։ Դանիելյանը նշեց, որ երկրորդ խնդիրը աշխատատեղերի հարցն է։ Նա Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին հարցրեց՝ ի՞նչ աշխատանք է իրականացնում կառավարությունն աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։
Մարզպետն ասաց, որ կան բազմաթիվ խնդիրներ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ «Այո, Սյունիքի գյուղական բնակավայրերում նույնպես բազմաթիվ են խնդիրները, ինչը ենթադրում է, որ օր ու գիշեր պետք է ջանասիրաբար աշխատենք եւ ավելի շատ միջոցներ հատկացնենք հենց գյուղական բնակավայրերին։ Բնականաբար առաջինն անվտանգային միջավայրի ապահովումն է հենց Սյունիքում։ Առանց այս միջավայրի ապահովման, մի քիչ դժվար է մարդու ուղեղը կենտրոնանում, եթե բնակվում ես հենց սահմանի մոտ։ Բայց միեւնույն ժամանակ նույն Գորիսն իր մի քանի գյուղերով դանդաղ ուշքի է գալիս, եւ զբոսաշրջության ոլորտը զարգանում է։ Հետեւաբար, որքան շատ մենք աղաղակենք կրակոցների ձայների մասին, այնքան քիչ մարդ ցանկություն կունենա գնալ Սյունիք։ Եվ դրանով մենք ինքներս վնասելու ենք մեր համայնքներին եւ մեր տնտեսվարողներին։ Ես կարծում եմ, որ ճանապարհը մեկն է՝ պետք է ամեն օր աշխատենք, ենթակառուցվածքները զարգացնենք եւ հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ կարողանան գործունեություն ծավալել։ Դե իսկ անվտանգային իրավիճակի միակ լուծումը, իհարկե, խաղաղությունն է, որը հույս ունենք, որ մոտ ապագայում տեղի կունենա, եւ այս խնդիրը մեկընդմիշտ կլուծվի»,- նշեց Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ