Փոփոխությունները շատ կարեւոր են, որոնք ուղղված են լեզվի կանոնարկմանը եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը: Կարեւոր հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումը, որի կարգավորման բացակայության ազդեցությունը դիտվում է տարբեր ոլորտներում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսպես է գնահատել «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք քննարկման է ներկայացրել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:
Նախարարը նշել է, որ «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները կոչված են համապատասխան լիազորող նորմ սահմանելուն, որը Կառավարությանը հնարավորություն կտա հաստատել պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների գործածության կանոնարկման կարգը, ինչպես նաեւ կանոնարկման հանձնաժողովի ձեւավորման կարգն ու աշխատակարգը: Զեկուցողը նշել է, որ այդպիսով հնարավոր կլինի նպաստել լեզվի զարգացմանը, եւ որոշակի գործառույթների իրականացման ընթացքում անորոշություններ չունենալուն:
Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխություն է կատարվել նաեւ «Գրական հայերենի կանոնարկում» հասկացության մեջ: Նա նշել է, որ լեզվական քաղաքականությունը Կառավարության առաջնահերթություններից է. մշակվել եւ առաջիկայում քննարկման կներկայացվի «Լեզվական քաղաքականության հայեցակարգը»: Մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել հայերենի թվային կենսունակության բարձրացման ուղղությամբ: Զեկուցողը կարեւորել է հայերենի պետական լեզվի կարգավիճակը եւ կարծիք հայտնել, որ դա պետք է ունենա հստակ դրսեւորումներ եւ գործիքակազմ: Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությունները դրա ապահովման ձեւերից մեկն են:
Նախարարը պատասխանել է նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին:
Կարդացեք նաև
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին եւ որոշել առաջարկել ԱԺ խորհրդին այն ընդգրկելու խորհրդարանի հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել հունիսի 11-ին:
ԱԺ