«Ազատություն». Լոս Անջելեսում արդեն հինգերորդ օրն է՝ չեն դադարում ցույցերը, որոնք սկսվեցին, երբ Միգրացիոն ծառայությունն սկսեց ապօրինի ներգաղթյալների դեմ ռեյդեր իրականացնել, որպեսզի նրանց վտարեն երկրից: Ցույցեր են նաև ԱՄՆ առնվազն 10 այլ քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում, որտեղ ևս ցուցարարներ են բերման ենթարկվել: Երեկվանից Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել՝ երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան ժամը 6-ը, ինչից հետո ոստիկանությունն սկսել է մարդկանց զանգվածաբար ձերբակալել:
Լոս Անջելեսի քաղաքապետն ասել է, որ ստիպված էին պարետային ժամ սահմանել, որպեսզի դադարեցնեն թալանը: Քերըն Բասն ընդգծել է, որ քաղաքում ամեն ինչ հանգիստ էր, քանի դեռ Միգրացիոն ծառայությունը չէր սկսել իր գործողությունները: Նա կրկին քննադատել է նախագահ Թրամփին՝ կոչ անելով դադարեցնել ռեյդերը. – «Ուզում եմ նրան ասել, որ դադարեցնի այս ռեյդերը: Ուզում եմ նրան ասել, որ սա ներգաղթյալների քաղաք է … եթե ուզում եք ավերել Լոս Անջելեսի տնտեսությունը, ապա հարձակվեք ներգաղթյալ բնակչության վրա»։
Ցույցերին զուգահեռ է՛լ ավելի են սրվում տեղական և դաշնային իշխանությունների միջև հակասությունները: Կալիֆորնիայի դեմոկրատ նահանգապետը տեսաուղերձով դիմել է ամերիկացիներին՝ ասելով, որ իրավապահներն իսկական հանցագործների փոխարեն երկրից արտաքսում են աշխատասեր ներգաղթյալներին:
Գևին Նյուսոմը նշել է, որ նախագահը, առանց նահանգի իրավապահների հետ խորհրդակցելու, առանց որևէ պատճառի և ապօրինաբար Ազգային գվարդիա ուղարկեց ցույցերը ցրելու համար: Մինչդեռ, ըստ նրա, նախագահի կողմից «իշխանության այսպիսի անամոթ չարաշահումը» բորբոքեց առանց այդ էլ պայթյունավտանգ վիճակը: Նա ասել է, թե իշխանությունները մտադիր են Ազգային գվարդիան օգտագործել նաև ներգաղթյալների դեմ գործողություններում: Նահանգապետը շեշտել է՝ վարչակազմի գործողությունները չեն սահմանափակվի միայն այս նահանգով:
Կարդացեք նաև
Սասուն Խաչատրյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: