Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք` կրթության ոլորտի ղեկավարությունն ի զորու է պաշտպանելու ուսուցիչների հեղինակությունը. բաց նամակ

Հունիս 11,2025 17:07

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

տիկին Ժաննա Անդրեասյանին

Մեծարգո Նախարար,

Խորապես մտահոգված ենք Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարգսյանի վերջին հայտարարությամբ, որտեղ նա թույլ է տվել անընդունելի և նվաստացուցիչ արտահայտություն՝ ուսուցիչներին անվանելով «թափթփուկներ»։

Հատկապես ցավալի և անհանդուրժելի է այն փաստը, որ նման խոսքերը հնչել են մի անձի կողմից, որը ղեկավարում է հենց մանկավարժներ պատրաստող՝ ուսուցիչների ապագա սերունդներին կրթող ֆակուլտետը։ Այդ պաշտոնը ենթադրում է բարձր բարոյականություն, պատասխանատվություն և հարգանք կրթության համակարգի բոլոր օղակների նկատմամբ՝ մասնավորապես՝ դպրոցի և մանկավարժական համայնքի հանդեպ։ Այս արտահայտությունը ոչ միայն վիրավորական է կրթության ոլորտի բազմահազար նվիրյալ աշխատողների հանդեպ, այլև ստորացուցիչ է մի ամբողջ մասնագիտության, որը հանդիսանում է ազգային ինքնության, գիտելիքի փոխանցման և մշակութային զարգացման հիմնաքարը։

Մենք հավատում ենք, որ նման վերաբերմունքը որևէ կերպ չի համապատասխանում համալսարանական արժեհամակարգին, կրթական բարոյականությանը և հատկապես՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքի նորմերին։

Ուսուցիչը մեր կրթական համակարգի ողնաշարն է, և նրանց արժանապատվությանը վնասող նման արտահայտությունները չեն կարող և չպետք է անպատասխան մնան։

Հարգելի տիկին նախարար, խնդրում ենք Ձեր միջամտությունը՝

  1. Հայտարարության փաստացիության պաշտոնական պարզաբանման համար։
  2. Նման վարքի նկատմամբ համապատասխան ծառայողական վարույթի նախաձեռնման և գնահատականի համար։
  3. Համալսարանական միջավայրում հարգանքի և մասնագիտական արժանապատվության պահպանմանն ուղղված քայլերի խթանման համար։

Հուսով ենք, որ կրթության ոլորտի ղեկավարությունն ի զորու է պաշտպանելու ուսուցիչների պատիվն ու հեղինակությունը և կնախաձեռնի քայլեր՝ բացառելու նման անպատասխանատու վարքը բարձրագույն կրթության համակարգում։

Հարգանքով՝

Նունե Խերանյան

Էվելինա Բաբախանյան

Էլյա Մարդանյան

Անժելա Մեսրոպյան

 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ռուսերենի ամբիոնի դասախոսներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30