Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը. «Գեղարդ» հիմնադրամ

Հունիս 11,2025 17:15

Ադրբեջանի հասարակության շրջանում լայն արձագանք է ստացել 17-ամյա Էլգուն Իբրահիմովի մահը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ երիտասարդը տեսանկարել է, թե ինչպես են ոստիկանները թմրանյութ տեղափոխում։ Ըստ ընդդիմադիր բլոգեր Մանաֆ Ջալիզադեի՝ ոստիկանները նկատել են երիտասարդին, հետապնդել են նրան, ծեծել, հանել են աչքերը։ Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով ոստիկանները 17-ամյա Էլգունին հանրակացարանի 5-րդ հարկի պատշգամբից դուրս են նետել՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես ինքնասպանություն։

Տղայի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը՝ պնդելով, որ նա ծեծված է եղել, գլուխը՝ կոտրված։ Դեպքից շաբաթներ անց՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունն ու Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ բացառելով սպանության վարկածը։ Վերջիններիս պնդմամբ՝ Իբրահիմովի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, երիտասարդը մահացել է հիվանդանոցում՝ իբր բարձրությունից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից։

Մինչ ուժային կառույցների կողմից պաշտոնական հայտարարություն տարածելը՝ Գյանջայի հիվանդանոցը հայտնել էր, որ տղան իրենց մոտ տեղափոխվել է ծեծված վիճակում՝ գանգուղեղային փակ տրավմայով, որովայնի և մարմնի տարբեր հատվածների վնասվածքներով։

Ադրբեջանի իրավապահ մարմինների նկատմամբ հասարակության անվստահությունն այնքան մեծ է, որ բլոգեր Թուրալ Սադըքլըն 5 հազար եվրո է խոստացել նրան, ով կհայտնի Էլգունին սպանողի անունը՝ չնայած պաշտոնական հայտարարության բովանդակությանը։

Էլգունի մահվան վերաբերյալ թռուցիկներ բաժանելու համար ձերբակալվել և խուլիգանության հոդվածով 15-օրյա վարչական կալանքի է ենթարկվել հասարակական ակտիվիստ Նիջատ Ամիրասլանովը։

Երեխաների պաշտպանության օրը մի խումբ երիտասարդներ Բաքվում «Արդարություն՝ հանուն Իբրահիմովի» կարգախոսով ակցիա են իրականացրել՝ անցորդներին թռուցիկներ բաժանելով, փողոցներում պաստառներ փակցնելով, հասարակությանը կոչ անելով չլռել, իսկ իրավապահ մարմիններին՝ արդար քննություն իրականացնել։

Քաղաքացիական հագուստով ոստիկանները ոչ միայն ցրել են ցույցը, այլև ձերբակալել են ցույցի մասնակիցներին, այդ ամենը տեսանկարահանողներին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվածների թիվն անցել է 60-ը։

Ձերբակալվածների մեջ եղել են անչափահասներ, երիտասարդ աղջիկներ, որոնց նկատմամբ ոստիկանները սեռական բնույթի վիրավորանքներ են հնչեցրել։

Առգրավվել են ցուցարարների հեռախոսները, ստուգվել են անձնական հաղորդագրություններն ու կոնտակտները, կոտրվել են սոցիալական հաշիվների գաղտնաբառերը։ Ձերբակալվածների հետ կապ ունեցած անձինք ՆԳՆ լոգոտիպով ու ոստիկանական նկարներով կեղծ օգտահաշիվներից նամակներ են ստացել՝ հետևյալ բովանդակությամբ․ «Դուք շատ ակտիվ և հաստատակամ եք մեկնաբանություններում, ինձ համար խնդիրներ մի՛ ստեղծեք»։

Ըստ իրավապաշտպան Գյուլնարա Մեհդիևայի՝ թեև որոշ ձերբակալվածների ազատ են արձակել, սակայն նրանց հեռախոսները չեն վերադարձրել։ «Նրանց ճշգրիտ թիվն անհայտ է, քանի որ երկրում չկար անկախ լրագրող, որը կարող էր նկարահանել կատարվածը»,- ընդգծել է իրավապաշտպանը։

Դեռևս 2007 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկան չի պատժվելու, քանի որ վերջիններս կատարում են իրենց «մասնագիտական պարտքը» և «կանխում են ապօրինի, հանցավոր գործողությունները»։ 2013 թվականին Ալիևը վերհաստատել էր իր խոսքերը, թե «իրավապահ մարմինների ոչ մի աշխատակից չի պատժվի»։

Փաստորեն՝ խաղաղ ակցիաներն, Ադրբեջանի նախագահի խոսքով, հանցավոր գործողություններ են, մինչդեռ իրավապահ մարմինների կողմից թմրանյութերի վաճառքով զբաղվելը, մարդկանց խոշտանգելը, նրանց իրավունքները ոտնահարելն ընդունելի է՝ որպես «մասնագիտական պարտք»-ի մաս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30